Կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Գործադիրն ընդունել է որոշում՝ ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ լուծելու նպատակով: Այն կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Արդյունքում՝ կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ՝ ապահովելով գործատուների իրական մասնակցությունը կրթական գործընթացի բոլոր փուլերին՝ դրանով իսկ երաշխավորելով կրթական վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին։ Որոշմամբ նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների հերթական քայլն է: Ժաննա Անդրեասյանը կարևորել է լիցենզավորման կարգի այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավորի հետ համագործակցությանը: Մասնավորապես՝ լիցենզավորման կարգում առանձին կարգավորումներ են դրվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության պայմանների պարագայում լիցենզավորման չափանիշների ուղղությամբ, ինչպես նաև կարևոր ճկունություն է հիմնական աշխատակազմի համամասնության նվազեցումը մինչև 30%: Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սա հնարավորություն է տալու, որ քոլեջները շատ ավելի ակտիվորեն ներգրավեն մասնավոր ոլորտում աշխատող մասնագետներին, որոնք ունեն պրակտիկ հմտություններ և գիտելիք, ինչը կարևոր է այս ոլորտի կրթության փոխանցման ընթացքում:
ՀՀ-ում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված շենք-շինություններ
Կարդացեք նաև
Կառավարությունը հաստատել է Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը: Ինչպես նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, կսահմանվեն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ռազմավարական ուղղություններ, դրանց մշակման, տեղայնացման, արդիականացման, լրամշակման և հաստատման ընթացակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումները, այդ թվում ՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի նորմերին մոտարկման, դրանց մասնակի կամ ամբողջական տեղայնացման ու գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների ներդաշնակեցման ու կիրառման մասով:
Մասնավորապես, սահմանված է, որ մոտարկված և տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում գործող կառուցապատողները կարող են ընտրել կամավորության սկզբունքով: Կառուցապատման ծրագրերի համար պատվիրատուների կողմից ԵՄ նորմերի ընտրության դեպքում տվյալ քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում՝ նախագծում, շինարարություն և շահագործում, դրանց պահանջները կրելու են պարտադիր բնույթ և կիրառվելու են ամբողջ ծավալով: Տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում կիրառելը թույլ կտա օտարերկրյա ներդրողների, գործարարների, կառուցապատողների, շինարարների համար ստեղծել առավել ընկալելի, ընդունելի և բարենպաստ միջավայր, որն էլ կխթանի նրանց կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելը և գործունեություն ծավալելը: Արդյունքում՝ ներդրումների աճին զուգահեռ նաև ՀՀ-ում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված ենթակառուցվածքներ, շենքեր և շինություններ:
Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված:
Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տարեց տարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ «Որոշման կարևոր կետերից մեկը նաև շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին չափիչ սարքերի փոփոխության ծրագիրն է։ Այս ծրագիրը շատ սպասված է, և մենք շատ ակտիվ աշխատել ենք մեր գործընկերների հետ՝ երեխաների համար նորագույն տեխնոլոգիական լուծում ապահովելու համար»,- ասել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ ընդլայնվել է նաև դեղորայքի ապահովման ցանկը՝ գլյուկոզա, այլ գլյուկոն դեղամիջոց:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս կապահովվի մինչև 10 տարեկան երեխաներին սարքերի տրամադրումը, հաջորդիվ նախատեսվում է նման ծրագիր իրականացնել նաև մինչև 18 տարեկանների համար:
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ 2025 թ. ամառային զորակոչի ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 15-ը՝ ամառային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2025 թ. ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: Այդ կապակցությամբ, և 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել:
Կներդրվի խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորություն
Գործադիրը սահմանել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում նաև խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորության ներդրման անհրաժեշտությամբ: Խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը հնարավոր կլինի կիրառել պետական և համայնքային ծառայություններ ստանալու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել նաև SmartID համակարգը մասնավոր հատված-քաղաքացի, մասնավոր հատված-պետություն ծառայություններում կիրառելի, կանխատեսելի և անվտանգ դարձնելու հետ կապված հարաբերությունները։ Հաշվի առնելով օրենքի գործող կարգավորումները, դա հնարավոր է իրականացնել միայն հավաստագրման կենտրոնի միջոցով, որի ծառայությունների որակը հավաստվում է պետության կողմից՝ հավատարմագրման միջոցով։
Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը
Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Սահմանված միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։ Որոշմամբ առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թ.ի հունիս և հուլիս ամիսների համար ապահովելու նպատակով ՀՀ 2025 թ. պետբյուջեով նախատեսված միջոցառումներից հատկացնել 205 մլն դրամ: Հիմնավորման համաձայն՝ գնահատականներում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թ. փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. մարտ ամսում մարելու նպատակով հատկացվել է շուրջ 70,625.0 հազար դրամ (աջակցությունը տրամադրվում է շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից): 2025 թ. մարտ ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 2295 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. ապրիլ ամսում մարելու նպատակով հատկացվել է շուրջ 86,420.0 հազար դրամ: 2025 թ. ապրիլ ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 2866 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. մայիս ամսում մարելու նպատակով հատկացվել է շուրջ 103,207.0 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ակնկալվում է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների 350 աշխատունակ անձանց եկամտով ապահովում, աշխատանքի շուկա մուտքի և զբաղվածության հասանելիության հնարավորությունների մեծացում, զբաղվածություն ունենալու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, համայնքային ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական լարվածության նվազեցում։ Ըստ այդմ՝ իրականացվում է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման» ծրագիրը: Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր և մեկ մարդ/օր աշխատանքի համար գործատուին տրամադրվում է 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Որոշմամբ ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 128,625,000 դրամի չափով ֆինանսական միջոց։
Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը
Գործադիրն ընդունել է որոշում, որով պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը: Որոշմամբ կարգավորվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի թվով 36 բնակարանները 1988 թ. երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծումը:
Առկա թափուր աշխատատեղերը նախատեսվում է համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող շահառուներով
Կառավարությունը վերաբաշխում և լրացում է կատարել 2025 թ. պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշման մեջ: Մասնավորապես՝ «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրին հատկացված ֆինանսական միջոցներից 197,350,000 հազար դրամ նախատեսվում է հատկացնել «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման» միջոցառման իրականացման համար։ Արդյունքում՝ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող շահառուներով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։ Շահառուների կայուն զբաղվածության ապահովման նպատակով՝ ծրագրով նախատեսվում է աջակցել շահառուին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։ Նախատեսվում է շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղություն՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, աշխատանքի տեղավորում՝ գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով։ 2025թ․ նախատեսվում է ծրագրում ընդգրկել 400 շահառու, որի համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը կազմում 197,350,000 դրամ։
Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա
Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել, որ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև հաշվետվությամբ ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման գործընթացները պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ այդ նպատակով ստեղծվող «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով։ Արդյունքում՝ հաշվետվությունների վերլուծություններն ու տվյալների արխիվացումը կիրականացվեն ավտոմատացված եղանակով՝ կարճ ժամանակահատվածում և սահմանափակ ռեսուրսներով, կապահովվի թվային ծառայությունների մատչելիություն և համահունչ տվյալների հավաքագրում, կնվազի փաստաթղթաշրջանառության ժամանակը, կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, կձևավորվեն մեծածավալ, միատեսակ և տարածաժամանակային վերլուծությունների հնարավորություն ընձեռող տվյալներ, կբարելավվի քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացը։ Հնարավոր կլինի՝ ձևավորել մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա, վերլուծել աղտոտիչների տարածական կուտակումները, առավել ճշգրիտ գնահատել վնասակար ազդեցությունները՝ օբյեկտների նախագծման և տեղաբաշխման փուլում, ստեղծել կանխատեսման գործիքակազմ՝ համադրելով մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ցուցանիշները և հաշվետվություններով ներկայացված արտանետումների տվյալները։
Թափոնների կառավարումն ու վերահսկումը՝ ավելի մատչելի եղանակով
Կառավարության որոշմամբ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտվելով էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժնից, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ստեղծված տվյալները կպահպանվեն դրանց էլեկտրոնային հարթակում, հասանելի կլինեն և ավելի մատչելի եղանակով կօգտագործվեն թափոնների կառավարման կամ վերահսկման, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման և տարածման ոլորտների լիազոր մարմինների կողմից՝ թափոնների հաշվառման և պաշտոնական վիճակագրության վարման, թափոնների հավաքման, փոխադրման, օգտահանման կամ հեռացման թույլտվությունների ստացման համար և այլ գործընթացներում։
Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. այն կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը
Կառավարությունն ընդունել է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ տեքստիլ արդյունաբերությունը ՀՀ Կառավարության կողմից սահմանված գերակա և տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, հատկապես կանանց համար։ Շատ գործարաններ և արտադրամասեր գործում են Երևանից դուրս՝ մարզերում, որտեղ բարձր գործազրկության պայմաններում դա մեծ նշանակություն ունի։ Հայաստանից տեքստիլ արտադրանքներ արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԵՄ երկրներ և ԱՄՆ։ Ընդլայնվող արտահանման ծավալները նպաստում են արտարժույթի հոսքին և ՀՀ վճարային հաշվեկշռի բարելավմանը։ Տեքստիլ ոլորտի զարգացումը խթանում է նաև հումքի տեղական արտադրությունը (օրինակ՝ բամբակ, բրդյա արտադրանք) և հարակից ոլորտները՝ տրանսպորտ, փաթեթավորում, մարքեթինգ։ Չնայած վերջին տարիների ոլորտի աճին, դեռևս մի շարք խնդիրներ մնում են անլուծելի: Օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի համաչափ զարգացմանը, մասնավորապես՝ ոլորտի համակարգված և կենտրոնացված զարգացում. օպերատորը կարող է համակարգել տեքստիլ ոլորտում գործող մասնավոր և պետական նախաձեռնությունները, նպաստելով ռեսուրսների նպատակային օգտագործմանը և կրկնվող աշխատանքների բացառմանը, ներուժի բացահայտում և խթանում. օպերատորը կարող է իրականացնել ոլորտի լայնածավալ քարտեզագրում, հանրային ու մասնավոր հատվածների կապող օղակ. օպերատորը կարող է դառնալ միջնորդ պետական հատվածի, մասնավոր արտադրողների, կրթական հաստատությունների, ներդրողների, դիզայներների և նորաձևության ոլորտի այլ մասնագետների, տեղական և միջազգային գործընկերների միջև: Այն կնպաստի նաև մրցունակության բարձրացմանն ու արտահանման խթանմանը. օպերատորը կարող է աջակցել որակի ստանդարտների ներդրմանը, սերտիֆիկացման գործընթացների աջակցությանը, խթանել էլեկտրոնային հարթակներում վաճառքների իրականացմանը, ապահովել հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, նպաստել հայկական արտադրանքի բրենդավորման և միջազգային ճանաչելիության բարձրացմանը, կազմակերպել հայկական արտադրանքների պորտֆելային ներկայացումներ: Օպերատոր հիմնադրամը կգործի որպես ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հենասյուն, որին վերապահվելու է քաղաքականությունների իրագործման, ծրագրերի իրականացման և գործընկերների ներգրավման գործառույթ։ Հիմնադրամի ստեղծումը կնպաստի տեքստիլ արդյունաբերության համակարգված զարգացմանը՝ լուծելով ոլորտում առկա կառուցվածքային, մարդկային և տեխնոլոգիական խնդիրները։ Այն կդառնա հարթակ պետական, մասնավոր և կրթական հատվածների համագործակցության համար՝ ապահովելով արտադրության արդիականացում, արտահանման խթանում և մարդկային ներուժի հզորացում։ Հիմնադրամը կխթանի մարզային զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և հայկական տեքստիլի միջազգային ճանաչելիությունը։
Միջազգային համագործակցություն
Գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր և ածանցյալ գործիքներ (այդ թվում՝ արժութային) ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար: Միևնույն ժամանակ այն կապահովի ներդրումների ներգրավումը ՀՀ արժեթղթերի շուկա` ՀՀ բորսայում շրջանառվող արժեթղթերին ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրումային ծառայություն մատուցող անձանց հասանելիության տրամադրման միջոցով: Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների ոչ ռեզիդենտ հաճախորդների համար ապահովել անդամ պետությունների ֆոնդային բորսաներին հասանելիություն ոչ ռեզիդենտ դիլերների և ոչ ռեզիդենտ բրոքերների միջնորդությամբ:
Հավանություն է տրվել «Կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայությունների, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ստեղծել կողմերի միջև վարչական համագործակցության լրացուցիչ գործիք՝ Եվրասիական տնտեսական միության կինո- և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը ապահովելու նպատակով, որը կնպաստի նաև սպառողների, հանրության և պետությունների իրավունքների և օրինական շահերի խախտման կանխարգելմանը:
Այլ որոշումներ
Կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ: Այն միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման և մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։
2024 թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղների ու սողանքների հետևանքների վերացման համար ՀՀ Տավուշի և Լոռու մարզերին գումար հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է գետերի էկոհամակարգի վերականգնման նպատակով իրականացնել Լոռու և Տավուշի մարզերի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Տաշիր և Աղստև գետերի խնդրահարույց հատվածների մաքրման և հակահեղեղային միջոցառումներ։
Կառավարության որոշմամբ կապահովվի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող կանանց տեղամասը անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց պահման վայրի վերակառուցման և հարդարման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը։ Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց պահման վայրի, ինչի նպատակով անհրաժեշտ է իրականացնել վերակառուցման և հարդարման աշխատանքներ։