Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում նաև, որ այդ հանրահավաքը տեղի չի ունենալու». Մեսրոպ Առաքելյանը՝ Նիկոլ Փաշինյանի «պլանի» մասին

Հուլիս 24,2025 16:35

«Չեմ բացառում նաև, որ այդ հանրահավաքը տեղի չի ունենալու»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե ինչպես է փորձելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին դուրս բերել վեհարանից:

Մեսրոպ Առաքելյան

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ կապված ՔՊ-ականների արձագանքների մասին էլ ասաց․ «ՔՊ-ականները բոլոր կարմիր գծերը հատել են։ Այս վարքագիծը՝ ուղղված Կաթողիկոսին, Առաջին նախագահին, Արցախին, խոսում է նրա մասին, որ ընդհանուր մի խնդիր ունեն՝ իրենց տեղը պահել իշխանության մեջ»։

ՀԷՑ-ի շուրջ զարգացումների առիթով էլ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ ծրագրից ինքը փաստացի հրաժարվել է։ Հերթական անգամ քարոզչական բան է սարքում։ Այն օրենքի նախագիծը, որ ընդունվեց, այդտեղ ազգայնացման մասին խոսք անգամ չկար։ Դրանով լավագույն դեպքում կառավարությունը կարող է շուկայական արժեքով ՀԷՑ-ը համարել հանրային գերակա շահ և Սահմանադրության 60-րդ հոդվածով պահպանելով սեփականության իրավունքը՝ ձեռք բերել բաժնետոմսեր։ Բյուջեից ահռելի ծախս է արվելու այդ կապրիզների համար»։

Անդրադառնալով այն փաստին, որ 2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Փոխանակ կառավարությունը գնար խնդիրները հասկանալու և դրանց լուծման ճանապարհով, բացառապես քաղաքական շահից ելնելով՝ ռազմավարական կարևոր համակարգը սարքել են քաղաքական խնդիրների գործիք, և սրանով միայն իրենց են վնաս տալու։ Անկախ նրանից, թե դատարանի որոշումը ոնց են մեկնաբանում երկու կողմերը, միայն այն փաստը, որ ՀՀ-ում գործող ընկերությունը ՀՀ-ի դեմ դիմում է միջազգային արբիտրաժ, արդեն վնասում է։ Ներդրողները նայում, տեսնում են, որ երկրում գործունեություն ծավալող ընկերությունն ունի որոշակի դժգոհություն։ Սա չեղած ներդրումային համակարգին մեծ վնաս է հասցնելու, և քաղաքական կապրիզները մեզ համար երկարաժամկետ մեծ խնդիրներ են առաջացնելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Էջմիածնի լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031