Բանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչեց հուլիսի 15-ի ժամը 16.27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ:
Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված կապարակնքված պարկը, որի մեջ կար 80 միլիոն ռուբլի:
Բանկի անվտանգության պահնորդն ու մեկ այլ հաճախորդ հետապնդել են նրան, և երբ 33-ամյա տղամարդը, անցնելով Գրիգոր Լուսավորչի փողոցը, փորձել էր նստել «Մերսեդես» մակնիշի իր մեքենան, հետապնդողները հասել են նրան: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում հարձակվողն արցունքաբեր գազ է փչել հետապնդողների դեմքին:
Ի վերջո պահնորդին և նրան օգնող քաղաքացուն հաջողվել է խլել կապարակնքված պարկը, ինչից հետո հարձակվողն իր մեքենայով հեռացել է:
Կարդացեք նաև
Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ` առանձնապես խոշոր չափերով ավազակության փորձի հատկանիշներով:
Լոռու մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում հուլիսի 21-ին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվեց «Մերսեդեսը»: Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում` հինգ փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ:
Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին 33-ամյա տղամարդը եկավ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն, ձերբակալվեց ու ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին:
Հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն