Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնագետ. «Եկեղեցին պառակտելը եթե որեւէ մեկի սրտով է, դա որեւէ հայի սրտով չի կարող լինել, դա հայ ժողովրդի թշնամիների սրտով մի բան է»

Հուլիս 24,2025 18:45

«Դեբատ» բանավեճի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ կրոնագետ Վարդան Խաչատրյանը խոսելով թուրքական աշխարհին «Զանգեզուրի միջանցք» տալու եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա գրոհելու՝ Նիկոլ Փաշինյանի մտադրության մասին՝ ասաց. «Եթե խոսքը որեւէ մեկին «միջանցքի» վերահսկողությունը տալու մասին է, դա հայոց պետականության, ինքնիշխանության լուրջ խնդիր է: Ես բացի դրանից համարում եմ, որ դա տեկտոնիկ նշանակություն ունեցող փոփոխություն է ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ գոյություն ունեցող շահերի հակադրությունն այսօր այն ծայրահեղությանն է հասել, որ ռազմական գործողությունները կարող են նույնիսկ ամեն օր վերսկսվել: Այս պայմաններում ինչ-որ կողմ բռնել, ինչ-որ մեկին զիջումներ կատարել, այն էլ այդպիսի տեկտոնիկ փոփոխություններ իրականացնելու տեսակետից, ես համարում եմ, որ ճիշտ չէ:

Եթե այդ ճանապարհով ենք գնալու, այդ դեպքում մենք հաշվի չենք առնում, որ փոխադարձ իրար դեմ ուղղված վեկտորները աշխարհում առաջացող հակամարտության կողմեր են՝ Չինաստան, Իրան, Ռուսաստան եւ, կոնսոլիդացված Արեւմուտք: Եվ այս կոնտր վեկտորների պայմաններում մենք մեր շահը չորոնենք ու պատրաստ լինենք ամեն վայրկյան գնալ այն փոփոխություններին, որոնք կարող են մեզ ուղղակի դնել հարվածի տակ այս կամ այն կողմից: Հաշվի առնելով մեր սակավ հնարավորությունները,  դիմադրողականության ցածր աստիճանը, հասարակության անհասկանալի պառակտվածությունը եւ Հայաստանի իշխանությունների կողմից պառակտմանը նպաստելը ընդհանրապես հասկանալի չէ:

Ի՞նչն է պատճառը, որ Հայոց Առաքելական եկեղեցին հայտնվել է հարվածի տակ: Սա ասում է՝ բերեք Հայոց եկեղեցու Կանոնագիրքը թարգմանենք գրաբարից աշխարհաբար, հաստատենք եւ դնենք եկեղեցու հիմքում: Այ ցավդ տանեմ, միշտ կարելի է էդպիսի բաներ ասել: Բայց դա պրոֆեսիոնալների մոտ ասելու բան չէ ուղղակի: Այդ դեպքում նախ Կանոնագիրքը պետք է թարգմանվի, համ էլ մանրամասնորեն՝ Դատաստանագիրքը վերանայվի, որովհետեւ այն եւս հիմքերի հիմք է, մի բան էլ ավելի, որովհետեւ ժամանակի խոշորագույն իրավագիտական ուղեղն է գրողը: Իսկ մեր բոլոր տեսակի թարգմանությունները, անգամ չարչրկված Նարեկացու թարգմանությունները կաղում են հնարավոր դեֆեկտներով:

Մյուս կողմից, ի՞նչն է պատճառողը, որ մենք չենք հասկանում, որ Հայոց Առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է: Յուրաքանչյուր իշխանություն, ժառանգական իշխանություններ, որոնք դինաստիաներ են, ունեն սահմանափակ ժամանակ: Մեկը տեւում է 100 տարի, մյուսը՝ 150, մեկ ուրիշը՝ 5, 10 տարի: Եկեղեցին 1700 տարի գալիս է, գուցե, համրընթաց: 1700 տարվա ընթացքում չեն կարող սխալներ չլինել, անգամ արատավոր երեւույթներ չլինել: Բայց դրանից չի հետեւում, որ եթե մատնաշունչ է եղել, եկեք մատը կտրենք:

Ես չեմ հասկանում, հիմա առաջարկնե՞ր պետք է անենք: Եկեք մեր Սահմանադրությունը թարգմանենք գրաբարով, ուղարկենք եկեղեցի՝ հաստատելո՞ւ: Սա կլինի աբսուրդ, որովհետեւ դրանք տարբեր կառույցներ են, հայ ժողովրդի տարբեր հզորությունների դրսեւորման կառույցներն են եւ նրանց փոխադարձ ներդաշնակ հարաբերություններն է, որ ի զորու է մեզ համար փրկության օղակ, խարիսխ հանդիսանալ այս փոթորիկների մեջ:

Ո՞րն է այս ամենի ստրատեգիական պատճառը: Թող ինձ բացատրեն: Դրա հետեւում պետք է լինի ստրատեգիական նպատակ: Ո՞րն է այդ ստրատեգիական նպատակը: Եթե խոսքը վերաբերում է եկեղեցու մաքրվելուն, դրանք խոսակցություններ են՝ հօգուտ սովյալների: Խոսակցությունը պետք չի, կշտացնել է պետք: Ինչի՞ց ենք խոսում: Երբեւէ եղել է, որ եկեղեցին չի ունեցե՞լ թերություններ: Հիմա ինչի՞ց ենք համարում, որ պետք է բուլդոզերով հարցեր լուծել:

Չի կարելի: Աղետի պահին չի կարելի արմատներին դիպչել: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Ես մտածում եմ, թե ո՞նց անենք, որ սրանք դա հասկանան ու պառակտման, կեղեքման քաղաքականությունը վերանա: Եկեղեցին պառակտելը եթե որեւէ մեկի սրտով է, դա որեւէ հայի սրտով չի կարող լինել, դա հայ ժողովրդի թշնամիների սրտով մի բան է»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031