Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ռեստորանների գները բարձրացել են․ այն զբոսաշրջիկների համար այլևս էժան քաղաք չէ․ Վարդան Սրտաշյան

Հուլիս 24,2025 19:30

Գյումրու Շիրազի անվան պատմական փողոցում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր դիտարկմամբ՝ այս տարի զբոսաշրջիկների թիվը նվազել է։

«Վերջերս հետևում էի պաշտոնական տվյալներին, վիճակագրությունը կարծես թե ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է, բայց կոնկրետ Գյումրիում իմ գնահատականներով՝ հետընթաց կա՝ 10-15 տոկոս։ Հետընթացները բնական են, որովհետև պատերազմներն աշխարհում քչանալու փոխարեն շատանում են։

Բոլորովին վերջերս ինձ ընտանիքով հրավիրել էին Մոսկվա հանգստանալու, ես խուսափեցի գնալ զուտ այն պատճառով, որ ինչ-որ տեղ, թեկուզ փոքր վտանգ կա, որ դրոն կհայտնվի օդանավակայանում, հնարավոր է ինքնաթիռի հետ կապված վթար լինի։

Այսինքն մարդիկ իրենց ճանապարհորդությունները, զվարճանքի վրա ծախսերը պատերազմական պայմաններում փորձում են կրճատել։ Ես չեմ հորինում, վիճակագրությունն է ցույց տալիս, որ Հայաստան հիմնական տուրիստական հոսքերը Ռուսաստանից են, հետևաբար ինչու պետք է ռուս քաղաքացին պատերազմական իրավիճակում մտածի տուրիզմի, շրջագայելու մասին։

Անգամ մտածելու դեպքում ինչո՞ւ պիտի վտանգի իր ու իր ընտանիքի կյանքը։ Հիմնական հոսքերն էլ Մոսկվայից են, Մոսկվան էլ գիտեք վերջին շրջանում ինչպիսի խնդիրների առաջ է կանգնել՝ օդանավակայաններում ուշացումների հետ կապված․ մարդիկ ժամերով մնում են այնտեղ և չեն կարողանում իրենց չվերթները ժամանակին իրականացնել։ Դա բազմաթիվ պրոբլեմներ է ստեղծում և այս իրավիճակում կարծում եմ, որ տուրիստական հոսքերը պիտի նվազեին»։

Վարդան Սրտաշյանն ասում է՝ Գյումրի այցելուները հիմնականում Երևանից են, հոսքը բավականչափ լավ է, ուղղակի գրավչության որոշակի խնդիր կա։

«Շատ տուրիստական կազմակերպություններ, ձեռնարկատերեր փորձում են այնպիսի կրեատիվ լուծումներ մտածել, որպեսզի մարդկանց կրկին բերեն Գյումրի։ Գյումրիում այս վերջերս խնդիր կա ռեստորանների գներ հետ կապված, եթե նախկինում ռեստորանների գները բավական էժան էին, այսօր բավական թանկացել են, ու մարդը պիտի հասկանա․ չէ՞ ինչի համար պիտի գա Գյումրի և ոչ օրինակ Ծաղկաձոր կամ Դիլիջան։

Ես այս մասին խոսել եմ, որովհետև կուրորտային քաղաքներում ռեկրեացիոն գրավչությունն ավելի բարձր է, իսկ Գյումրին իր գրավչությունը ներկայացնում է հիմնականում գաստրոնոմիական տուրիզմով և ճարտարապետությամբ։ Իսկ ճարտարապետությունը մարդուն անընդհատ գրավել չի կարող, չէ՞, իսկ գաստրոնոմիական տուրիզմի հետ կապված էլ երբ գինը բարձրանում է, դա կարծես որոշակի խոչընդոտ է ստեղծում ներքին տուրիզմի առումով։

Թերևս սա է պատճառը, որ առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում, բայց իրավիճակը կատաստրոֆիկ ներկայացնել չի կարելի, որովհետև եթե հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, նույն Մերձավոր Արևելքում․ բազմաթիվ չվերթներ իսրայելա-իրանյան հակամարտության ընթացքում չեղարկվեցին՝ Եգիպտոս, Դուբայ, մարդիկ ուղղակի վախնում են և նախընտրում են՝ իրավիճակը կայունանա, նոր փորձեն գումար ծախսել, հանգիստ կազմակերպել։ Հանգիստ կազմակերպելու դեպքում են ընտրում են այնպիսի ուղղություններ, որոնք բնավ վտանգավոր չեն», -ասում է Վարդան Սրտաշյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե մոտ քանի՞ տոկոսով են ռեստորանների գների բարձրացել Գյումրիում։

«Ես նման կանխատեսումներ անելը համարում եմ ոչ ճիշտ, որովհետև դա իրենից վիճակագրություն է ներկայացնում, բայց գոնե տեսանելիորեն միջին չեկը, միջին չեկ հասկացություն գոյություն ունի, եթե նախկինում մեկ անձի համար միջին չեկը տատանվում էր 5-6 հազար դրամի սահմաններում, ապա հիմա գոնե տատանվում է 10-15 հազար դրամի սահմաններում։

Այսինքն՝ կոպիտ ասած, եթե 10 հոգանոց խումբ է ու ուզում է ասենք նորմալ օգտվել ռեստորանային ծառայություններից, աչքի տակ պիտի ունենալ, որ մոտ 80-100 հազար դրամ կարող է արժենալ 10 հոգանոց խմբի համար։

Իհարկե, կան նաև բյուջետային տարբերակներ, բայց հիմնականում միջին չեկի արժեքը Գյումրիում բարձրացել է, իհարկե, զիջում է երևանյան գներին, բայց տենդենցը գնում է դեպի թանկացում, ոչ թե էժանացում»։

Ըստ Վարդան Սրտաշյանի, Գյումրիում թանկացման պատճառները մի քանիսն են․ այս քաղաքում աշխատաշուկան շատ սահմանափակ է, գործատուներն արհեստականորեն բարձրացնում են տուրիզմի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը։

«Եթե նախկինում հավաքարարի աշխատավարձը կարող էր տատանվել 50-60 հազար դրամի, դա ֆանտաստիկայի ժանրից չէ, բոլորն էլ կփաստեն, որ տարիներ առաջ այդպես է եղել ոլորտում, իսկ այժմ նվազագույնը 100-150 հազար դրամ հավաքարարին աշխատավարձ են տալիս և դեռ այդքանից հետո հավաքարար գտնելը շատ դժվար է։

Շատ դժվար է գտնել մատուցող Գյումրիում, որովհետև մայրաքաղաքում աշխատավարձը շատ ավելի բարձր է ու սեզոնին մարդիկ նախընտրում են գնալ Երևան, ինչպես նաև Գելենջիկ, Սոչի և այլն։ Այնտեղ երեք ամսվա ընթացքում կարող են այնքան գումար աշխատել, որը չեն աշխատի Գյումրիում մեկ տարվա ընթացքում։

Եվ տեղի կազմակերպությունները մեծ խնդրի առաջ են կանգնում ու ստիպված բարձրացնում են աշխատավարձերը։ Վստահությամբ կարող եմ ասել, որ այսօր սպասարկման ոլորտում աշխատավարձերը բավական բարձր են Գյումրիում, եթե աշխատավարձը բարձրանում է, հետևաբար և պիտի բարձրանա նաև ծառայության մատուցման գինը։

Այս տարի բարձրացավ նաև հարկային բեռը, եթե նախկինում շրջհարկը մոտ 5 տոկոս էր, հիմա դարձել է 10 տոկոս, ու շատ սպասարկման օբյեկտներ դրանով պայմանավորված՝ գների բարձրացում են կատարում։

Շուկայում ապրանքի գներն են բարձրանում, ինֆլյացիա և այլն և այլն, և այս ամենը բերում է գների բարձրացման։

Ու այս ամենը հանգեցնում է նրան, որ Գյումրին այլևս զբոսաշրջիկների համար էժան քաղաքի համբավ չունենա, եթե առաջ աշխատավայր չկար, բայց կային աշխատողներ, հիմա հակառակն է․ բոլորը սպասարկման օբյեկտ են բացում, շուկան պահանջում է նոր աշխատակիցներ, մարդիկ կարծես չեն ուզում այս ոլորտում աշխատել, հատկապես հայկական մենթալիտետի հետ կապված։ Տեղի շատ կազմակերպություններ մտածում են հնդկական աշխատուժն օգտագործելու ուղղությամբ, որը Գյումրիի համար գոնե վերջին տարիներին նորույթ է», -ասում է մեր զրուցակիցը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կախում ունի թէ ո՞րտեղից են գալիս զբօսաշրջիկները…

    տնտեսապէս զարգացած եկիրներէ ժամանող զբօսաշրջիկներին համար, ինչ որ էլ լինի, դեռ համեմատաբար աժան են ձեր գիները… միայն թէ՝ այդ երկիրներից չեն, ձեր այցելուների մեծամասնութիւնը… այլ ձեր նման խեղճուկրակ երկիրներից…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031