Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկ կաթողիկոս կամ պատրիարք չի կարող անգամ մեկ սրբապատկեր փոխատեղել. «Ազգ»

Հուլիս 25,2025 09:00

Նիկոլ Փաշինյանը հռետորակա՜ն պոռթկումով, մամուլի իր վերջին ասուլիսում, վկայակոչելով արդարադատության նախարարությունում գոյություն ունեցող ինչ-որ փաստաթուղթ՝ հարց տվեց լրագրողներին, թե պատկերացնո՞ւմ են, որ հայկական բոլոր եկեղեցիների տերը Գարեգին Բ. կաթողիկոսն է, նաեւ ժառանգելու իրավունքով: Անշուշտ նա, ինչպես նրա մանկլավիկները, Ամենայն հայոց կաթողիկոսին կոչեց իր ավազանի անունով, սակայն նրա բուն նպատակը ո՛չ թե այդ, այլ կրկնելն էր նախապես բազում անգամ իր կրկնածը, թե Վեհափառ Հայրապետը զավակ ունի, որը, պատկերացնո՞ւմ եք, ժառանգելու է, այսպես կոչված՝ բիրիկով, այդ բոլոր եկեղեցիները…

…Ձեռնածությունն (մանիպուլացիա) էլ սահմաններ ունի, նույնիսկ եթե ուղղված է ամենատգետներին, նրանց մոլորեցնելուն: Ինչպե՞ս կարելի է եկեղեցի կառուցող, վերանորոգող մարդուն, դրա համար նվիրատուներ փնտրող, գտնող, անձամբ, նույնիսկ չափազանցված ուշադրությամբ կառուցապատմանը հսկող ու, վերջապես, դրանց տիրություն անող մարդուն՝ Գարեգին Բ կաթողիկոսին ամբաստանել ու զրպարտել սեփականություն ստեղծելու, որպես սեփականություն դրանք հետագայում ծախելու կամ ժառանգելու մեջ:

Ու քանի որ Ն. Փաշինյանը նույն ձեռնածությունը կրկնեց Ազգային ժողովի նիստում եւս ու ըստ էության արժանի պատասխան չստացավ՝ գեթ ի բացատրություն նրան ունկնդրողներին, որոնք իրավունք ունեն խնդրի էությունը իմանալու, կարծում եմ անհրաժեշտ է Եկեղեցու ունեցվածքի, շարժուն եւ անշարժ գույքի սեփականության իրավունքի վերաբերյալ մեր Եկեղեցում գոյություն ունեցող սկզբունքների մասին տեղեկություն տալ:

…Ընդունված կարգ է, օրինականացված գրեթե, որ հին թե նոր եկեղեցիների ու հարակից կառույցների կալվածային օրինականացված փաստաթղթերը գտնվում են կա՛մ նվիրապետական համապատասխան աթոռների, կա՛մ թեմական մարմինների եւ կամ ծխական խորհուրդների (առանձնակի եկեղեցիների պարագայում) տրամադրության ու տնօրինության ներքո: Այսինքն ոչ ոք, եկեղեցական ինչ կարգ կամ պաշտոն էլ ունենա, առանց վերոհիշյալ մարմինների համաձայնության չի կարող ոչ միայն վաճառել, սեփականության իրավունքը ուրիշին տալ, կամ, նույնիսկ, վերանորոգել տվյալ կառույցը:

Այսինքն, անգամ Ամենայն Հայոց Հայրապետը, Տանն Կիլիկիո կաթողիկոսը եւ կամ մեր զույգ պատրիարքներից որեւէ մեկը, ոչ էլ թեմակալ առաջնորդները չեն կարող կալվածային որեւէ միջամտություն կատարել դրանց վերաբերյալ, առանց համաձայնեցնելու ծխական, թեմական, հոգեւոր գերագույն կամ այլ խորհուրդների հետ, Ու երիցս սխալվում են անգիտակից մեր ժողովրդի մոլորեցված հատվածները, որոնք դեռեւս չեն հասկացել, որ Հայ եկեղեցին, ի տարբերություն քրիստոնյա այլ եկեղեցիների, հիմնական հարցերում ժողովրդավարական է, սկսելով հենց Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության համակարգից, որը ենթադրում է ընտրելու իրավունք ունեցող շուրջ 400 պատգամավորների քվե՝ աշխարհի բոլոր թեմերից եւ անկյուններից: Այլ խոսքով՝ առ ոչինչ են Նիկոլի, նրա մանկլավիկների ու տերերի ոտնձգությունները Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Այլ պարզապես՝ հակաժողովրդավարական ուժի կոպիտ միջամտություն են ժողովրդավար ինստիտուտի ու հայ ժողովրդի դեմ:

…Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմի հայկական տաճարներին եւ ունեցվածքին, ոչ մեկ կաթողիկոս կամ պատրիարք չի կարող անգամ մեկ սրբապատկեր փոխատեղել, օրինակ, միայն Հայ եւ Հույն եկեղեցիներին պատկանող Բեթղեհեմի Ս. Ծննդոց եւ/կամ միայն Կաթոլիկ, Հույն ուղղափառ եւ Հայ եկեղեցիներին պատկանող Ս. Հարության տաճարում:

Միով բանիվ, Նիկոլ Փաշինյանը չեղած տեղում չեղած ու չլինելիք հարց է առաջ մղում՝ օդից կախելով ինչ-որ փաստաթղթում արձանագրված «Տեր» բառը՝ որպես «ապացույց» սեփականատիրական նկրտումների, որոնք վերագրվում են Գարեգին Բ կաթողիկոսին՝ ընդամենը առաջ մղելու համար իր ծրագիրը, որի բուն նպատակը Վեհափառին զրկելն է Լուսավորչի գահից ու փոխարենը իրեն ենթարկեցնել Հայ առաքելական եկեղեցին՝ ի կատարումն ինչ-ինչ պատվերների եւ հընդառաջ խորհրդարանական ընտրությունների:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031