Նիկոլ Փաշինյանի` միմյանց հակասող հայտարարությունների, Ալթայի Հանրապետություն Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու եւ ՀԷՑ-ի մասին զրուցել ենք քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ:
– Միջազգային արբիտրաժային դատարանն արգելեց ՀՀ կառավարությանը՝ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ղեկավար կազմը եւ այլն: Ի՞նչ կլինի, եթե ՀՀ կառավարությունը հրաժարվի կատարել այդ պահանջը, եւ դա ինչպե՞ս կազդի Փաշինյանի կարգավիճակի վրա:
– Իմ խորին համոզմամբ, ՔՊ-ի վարքաբանությունը եւ իրավաբանությունը անհամատեղելի երեւույթներ են, առավել եւս, որ ՔՊ-ն վերջին գոնե 6-7 ամիսների ընթացքում իր քաղաքական վարքաբանությունը փոխել է դեպի ավտորիտար կառավարման մեթոդաբանություն, ինչը ենթադրում է լայն հանրային շերտերի կարծիքի հաշվառման բացակայություն, սեփական իշխանությունը պահպանելու մեջ ժողովրդավարական եղանակների եւ մեթոդների ընտրության, իրավունքի, սահմանադրականության ստորադասում եւ այլն: Փաշինյանը գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որ հասկացել է` այլեւս ոչ ավտորիտոր մեթոդներով իր իշխանությունը պահելու հնարավորությունները շատ քիչ են՝ ժողովրդավարություն խաղալու ժամանակ այլեւս չի մնացել: Ընտրությունները շատ մոտ են, եւ նա պետք է ամբողջությամբ հավաքագրի իր լեգիտիմության ռեսուրսը ներսում, որովհետեւ արտաքին աշխարհից այդպիսի ազդակներ այլեւս չկան: Լեգիտիմությունը շատ կարեւոր է, ինչու, որովհետեւ դու դա կա՛մ ստանում ես ներսից, կա՛մ դրա փնտրտուքով զբաղվում ես դրսում: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը տատանվում է 10-15 տոկոսի շրջանակում, սա յուրաքանչյուր քաղաքական իշխանության համար լեգիտիմության հատակն է՝ դրանից ներքեւ դժվար է պատկերացնել, որ կիջնի: Եվ սա ստիպել է նրան գնալ այնպիսի քայլերի, որ ներքին ռեսուրսը, ուժային, մարդկային ռեսուրսը հավաքագրելու մեծ խնդիր ունի, եւ այդ խնդիրը լուծելու համար նա օրինականության եւ ոչ օրինականության, արդարության եւ ոչ արդարության, իրավականության եւ ոչ իրավականության միջեւ այլեւս տարանջատում չի դնում: Նա իշխանությունը պահելու խնդիր ունի եւ այդ ճանապարհին այլեւս այնպիսի մեթոդների է դիմում, որոնք իրենց բնույթով խոր ավտորիտար են:
– ՀԷՑ-ի իրավիճակի հետ կապված:
Կարդացեք նաև
– Մինչ այժմ որեւէ տրամաբանական հիմնավորում, թե ինչու է տեղի ունենում ՀԷՑ-ի հետ այդ ամենը, ինչու է Սամվել Կարապետյանի հետ տեղի ունենում այն ամենը, որը տեղի ունեցավ, ուղղակիորեն չկա: Կա մեկ հանգամանք՝ ավտորիտար կամքի պարտադրում, որն իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի:
– Փաշինյանը հայտարարել է Վեհարանը գրոհելու մասին: Հնարավո՞ր է, որ այդ գործընթացը հակառակ էֆեկտը տա:
– Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքաբանությունը քաղաքագիտական տեսանկյունից դիտարկելը շատ դժվար է, ինչո՞ւ, որովհետեւ քաղաքագիտությունն ունի հստակ նորմեր, սկզբունքներ: Դժվար է մեկնաբանել, վերլուծել այն բառակազմությունը, այն մտահորիզոնը, որը շատ լուրջ շեղումներ ունի քաղաքականության, բարոյականության մշակույթից: Այո, Հայ առաքելական եկեղեցին ունի մեծագույն ազդեցություն հայ հասարակության վրա: Դա օդում ասվող խոսքեր չեն, ապացուցման ենթակա երեւույթներ են: Ավելին, քաղաքագիտությունից քիչ թե շատ հասկացող մարդը պետք է հասկանար, որ վերջին մեկուկես ամսվա արշավը շատ ավելի բարձրացրել է Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը ու նրան շատ ավելի տեսանելի ու հասանելի է դարձրել հանրության համար: Սեւ փիառի գործիքը, որն ուղղվում է Փաշինյանի կողմից դեպի Եկեղեցին, տվել է հակառակ էֆեկտը, եւ նա լրջագույն խնդիրներ ունի այդ առումով, մարտավարական խնդիրներ: Ավելին, ես կպնդեմ, որ այս արշավի մեջ նա արդեն պարտվել է, եւ այդ պարտությունը կա՛մ նրան տանելու է այս երեւույթից հրաժարման ճանապարհով, կա՛մ շատ ավելի ագրեսիվ ճանապարհով, ինչի մասին ինքը վերջին շրջանում իր ստատուսներով փաստում է՝ գրավում եւ այլն: Եթե նա շատ կտրուկ քայլերի չդիմի, իր հակաեկեղեցական արշավն ուղղակի շնչահեղձ է լինելու: Ես տեսնում եմ, որ լինում է: Այս իրավիճակում նա այլ լուծումներ չունի, քան ավելի շատ ագրեսիվ քայլերի գնալը, բայց որքան հայ հանրությունը դիմադրի ու սատար կանգնի իր Եկեղեցուն, այնքան կձախողվեն Փաշինյանի նույնիսկ ագրեսիվ պլանները: Եթե մեթոդաբանությունը Սերժ Սարգսյանին հեռացնելու դեպքում այն էր, որ այնտեղ կան քաղաքական գործիքներ եւ լուծման տարբերակներ, ապա Հայ առաքելական եկեղեցու կամ Վեհափառի պարագայում չկա այդպիսի բան: Այստեղ քաղաքական, ընտրական գործիքներն ուղղակի չեն աշխատելու, աշխատելու են այլ գործիքներ, որոնք մեծ բարդություններ են առաջացնում հենց հիմա որոշում ընդունելու առումով Նիկոլ Փաշինյանի համար:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: