Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի խախտմամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին պատկանող՝ շուրջ 175 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հուլիս 25,2025 13:20

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին պատկանող՝ շուրջ 175 մլն ՀՀ դրամ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը, նախապես տեղյակ լինելով, որ Երևան համայնքին պատկանող՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում գտնվող 2963.47 քմ մակերեսով հողամասը «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին տրամադրված է եղել անհատույց օգտագործման իրավունքով, դիտավորությամբ անտեսելով և խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, չունենալով որևէ տվյալ, որ հիշյալ հողամասը քաղաքացու կողմից ձեռք է բերվել անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով, 2007 թվականի ապրիլի 17-ին նույն ստորաբաժանման երկու այլ պաշտոնյաների հետ համատեղ գրանցել է քաղաքացու սեփականության իրավունքը նշված հողամասի նկատմամբ։

Արդյունքում՝ հիշյալ քաղաքացուն տրամադրվել է սեփականության իրավունքի վկայական, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին, այդ թվում՝ համայնքը զրկվել է շուրջ 175 մլն ՀՀ դրամ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից։

Նախկին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանման պետին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031