«Շատ տարօրինակ է այդ հայտարարությունը, եթե ՀԷՑ-ի սեփականատերը ներդրումներ անելու պարտավորություն ունի, ապա այդ պարտավորությունը ստանձնել է որպես սեփականատեր։ Եվ այդ ներդրումները համաձայնեցվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։
Հիմա եթե այդ նույն հանձնաժողովի անդամներին ասենք՝ դուք պարտավոր եք կատարել ձեր պարտականությունները, բայց չստանաք աշխատավարձ, ո՞նց կարձագանքեն։ Իրենք ստանում են նաեւ պարգեւատրումները, դա նույնն է, որ իրենց կտրեն աշխատավարձից ու պարգեւատրումներից, բայց ասեն, որ իրենց պարտավորությունները պետք է կատարեն, ինչպե՞ս կարձագանքեն դրան։ Փաստացի ՀԷՑ-ի սեփականատիրոջ կապիտալն իր կամքին հակառակ կառավարում են իրենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությանը, թե «ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը մինչեւ 2034 թվականը հաստատված է, եւ սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները»։
Թադեւոս Ավետիսյանն անդրադարձավ նաեւ ՀԷՑ-ի գործով միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշմանը։ «Այս որոշումը փաստում է, որ միջազգային իրավունքին դեմ է քաղաքական նպատակով կապիտալ խլելու գործընթացը»,- ասաց նա։
Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ միջազգային արբիտրաժի այս որոշումը նաեւ շատ վտանգավոր հաղորդագրություն է օտարերկրյա ներդրողների համար, առ այն, որ նույնիսկ այն պարագայում, երբ կա իրավական գործընթացը՝ արբիտրաժը որոշում է կայացրել, պետությունն այդ որոշումը չի կատարում։ «Սրա հետեւանքները չեն ուշանա»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ