Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ճանաչած ՀՀ-ի մասշտաբով վերջին քաղաքական գործիչը, որն աջակցել է ահաբեկիչներին, եղել է Նիկոլ Փաշինյանը»․ Արմեն Խաչատրյան

Հուլիս 25,2025 16:18

«Թեև տրամաբանորեն պիտի իշխանության գործունեությունն ուղղված լիներ հանուն ՀՀ-ի, բայց, ցավոք, ՀՀ-ում մի իշխանություն է հաստատվել, որը գործում է ընդդեմ հայկական շահի, հայկականության, ազգային արժեքների․ ընդհանրական կարող ենք ասել՝ հակազգային իշխանություն։ Բնականաբար, այդ իշխանության «ծրագրերի», «նպատակների» իրականացման համար խոչընդոտ պիտի լինեին բոլոր այն ուժերը, գործիչները, որոնք գործում են ազգային լավագույն շահի տեսանկյունից»,- Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ ՔՊ-ականները ընդդեմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արշավ են սկսել նրա հայտարարություններից հետո՝ 2026-ի ընտրություններին ընդառա՞ջ դիտարկել դա, թե՞ այլ պատճառ կա, այսպես պատասխանեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ըստ տարածված հաղորդագրության առաջին նախագահը հայտարարել էր․ «Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում»։

Երկու օր առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց ժողովրդին «ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով»։ 

Այս հայտարարություններից հետո ՔՊ-ական պատգամավորները Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեցին, որ նա «աջակցում է ահաբեկչությանը», անվանեցին «քաղաքական դիակ», «հիմնադիր բայղուշ», «Հայաստանի ժողովրդին հերթական անգամ ամբոխի հետ շփոթած հիմնադիր» և այլն։

Ըստ ՀԱԿ անդամի՝ «քանի որ Տեր-Պետրոսյանը միջազգային մասշտաբի, վերպետական մասշտաբի գործիչ է, բնականաբար նրա յուրաքանչյուր արձագանք պիտի արժանանար այդ խմբակի հակազդեցությանը»․ «Ես չեմ հրաժարվում իմ՝ օրեր առաջ կատարած մեկնաբանություններից․ Տեր-Պետրոսյանին որևէ արձագանք նման է, երբ խավարասերներին ոչնչացնելու համար թունաքիմիկատ ես օգտագործում, նրանք աշխուժանում են, սկսում են խլվլալ և ի վերջո մեջքի վրա շուռ են գալիս։ Կեղծիքը, սուտը, ատելությունը սահմաններ չունեն ի տարբերություն ճշմարտության, հանդուրժողականության, բայց միևնույն է, ինչ-որ պահի բոլորը հասկանում են, որ դա կեղծ է, և այդ ճշմարտությունն ընկալում և ընդունում են։ Այդ իրավիճակը շատ նման է Տեր-Պետրոսյանի՝ վերջին երկու արձագանքներով ստեղծված իրավիճակին․ այդ թունաքիմիկատին ազդեցություն է ունեցել խավարասերների վրա, և ակտիվացած խլվլում են»։

Արմեն Խաչատրյանը ՔՊ-ականների՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված արձագանքները կապում է նաև 2026-ի ընտրությունների հետ․ «Սպառված է նախկին քաղաքական փոխհարմարավետությունը Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի, և դժվար թե Նիկոլ Փաշինյանը կարողանա մեր ընտրողին, քաղաքացուն վախեցնել, որ եթե ես չլինեմ, Քոչարյանն է լինելու։ Քոչարյանն էլ՝ որպես գործիչ այս փուլի համար սպառված է, այնպես որ հաջորդ ընտրություններին գնալու է այլ քաղաքական պայքար, այլ ընտրապայքար, և այսօրվանից այդ խմբակը զգացել է, թե իրական պայքարը որտեղից է և որոշել են իրենց այդ քարոզչական սլաքն ուղղել մեր ուղղությամբ»։

Մեր այն փաստմանը՝ նշում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միջազգային մասշտաբի, վերպետական գործիչ է և դիտարկմանը՝ Ձեր ընդդիմախոսները կասեն, որ նման մասշտաբի գործիչ լինելով՝ Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ աջակցում է ահաբեկիչներին և հարցին՝ այս դիտարկումը դիմանո՞ւմ է քննադատությանը, քանի որ ՔՊ-ական պատգամավորներից էլ էին նման կարծիքներ արտահայտել, Արմեն Խաչատրյանն այսպես պատասխանեց․ «Վերպետական գործիչ պետք չէ լինել․ առաջին կուրսի ուսանողը կամ ավագ դպրոցի աշակերտն այսօր հանգիստ կարող են փաստել, որ մենք ՀՀ-ում այլևս ունենք քաղբանտարկյալներ, բանտարկյալներ, որոնք այսօր կալանավայրում են իրենց խղճի, խոսքի ազատության կամ քաղաքական հայացքների համար։ Բացարձակապես պետք չէ միջազգային կամ վերպետական գործիչ լինել այդ պարզ ճշմարտությունը հասկանալու համար։

Իմ ճանաչած ՀՀ-ի մասշտաբով վերջին քաղաքական գործիչը, որն աջակցել է ահաբեկիչներին, եղել է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ մասնավորապես ուղիղ մատնացույց եմ անում Սասնա ծռերի ահաբեկչական գործողությունները։

Դրանից առաջ մենք ունեցել ենք ահաբեկչության մեկ դեպք՝ հոկտեմբերի 27-ը, դրանից հետո չենք ունեցել ահաբեկչական որևէ մեկ դեպք, որին կարելի է մատնացույց անել։

Ինչ վերաբերում է ահաբեկչության հոդվածով այսօր կալանավայրում գտնվողներին, ես՝ որպես իրավաբան, նախկին իրավապաշտպան, կարող եմ հայտնել իմ հետևյալ դիրքորոշումը․ նախ մենք մարտի 1 անցած ժողովուրդ ենք, ես կոորդինացրել եմ ավելի քան 100 քաղբանտարկյալի պաշտպանություն, և այն ժամանակ էլ ոչ պակաս ծանր հոդվածներ էին դրված մեր տղաների վրա։ Այդ տղաներից մեկի անուն ազգանունը, եթե կհիշեք՝ Նիկոլ Փաշինյան էր, որի վրա դրված էր ծանրագույն հոդված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, որի ընթացքում զոհվել են առնվազն 10 քաղաքացիներ։ Եթե ես 2008-ից հետո մեկ վայրկյան կասկածեի, որ մեր տղաները կատարել են իրենց մեղսագրվող արարքները, ես կհամարեի, որ իմ ամբողջ կյանքը սխալ եմ ապրում։

Ուզում եմ ասել՝ այն, ինչ մեղսագրված է թղթով և ապացուցված չէ կամ եթե ապացուցված է մի դատարանի կողմից, որի նկատմամբ վստահությունը զրոյական շեմ ունի, ապա այդ մեղադրանքները, որոնք առաջադրվել են, կոպեկի արժեք չունեն, քանի որ դրանք մի օր բեկանվելու են, այնպես, ինչպես այդ երիտասարդ Նիկոլի Փաշինյանին մեղսագրված արարքը բեկանվեց, և դրա հիման վրա եռաստիճան դատական համակարգում կայացված դատավճիռը հետագայում բեկանվեց ու արդարացման որոշում կայացվեց։

Այն, որ իրենք ասում են՝  ասել է «մի երկու մարդ գյուլլեն», մեկ էլ պարզվում է՝ «մի երկու մարդ գյուլլեմ»-ը բացարձակ չի վերաբերվում այն համատեքստին, որով գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ին։ Այդ մի ապացույցի հերքումը բավական է, որ ես բոլոր ապացույցների վրա ունենամ ողջամիտ կասկած՝ որպես անաչառ, կողմնակի դիտորդ, ունենամ կասկած ամբողջ ապացուցողական բազայի վրա մինչև այն պահը, երբ դռնբաց, հրապարակային դատական նիստում կքննարկվեն այդ ապացույցները, և դրանց քննարկման արդյունքում վճիռ կկայացվի, և այդ վճռի որակից կհասկանանք՝ Բագրատ Սրբազանն ահաբեկի՞չ էր ի վերջո, թե՞ նա քաղաքական հալածանքների է ենթարկվել։

Բայց այսօր հայտարարել, որ սատարում են ահաբեկիչներին, դա նույնն է, ինչ անում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր իրավապաշտպաններին՝ դուք դեռ չեք պատկերացնում, թե դուք ում եք պաշտպանում։ Մեր նոր բռնապետը և բռնապետին պաշտպանող թիմը գնում են նույն ճանապարհով։ Որ ասում ենք՝ բան չի փոխվել, որ ասում ենք՝ ավելի վատ է, հենց այդ նկատի ունենք։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, որը եկել էր իշխանության ոչ ժողովրդավար ճանապարհով, նախ հեղաշրջման արդյունքում, իսկ հետո չունենալով ընտրվելու իրավունք, այնուամենայնիվ, ընտրվել էր, չակերտների մեջ ասած՝ նրան այդ տեսակի հայտարարությունները, որոնք հարիր են բռնապետին, չակերտավոր ասած՝ կարելի էր, սրանք եկել են ժողովրդավարության բաստիոնի, չգիտեմ՝ գիտահետազոտական-միտահետազոտական, իրենք անում են, ասում են նույն բաները, ինչը մենք իրավացիորեն վերագրել էինք մեկ այլ բռնապետի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031