Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված ենք, որ այս ժամանակավոր դադարը նոր հնարավորություն է. «Մեդիա կենտրոն»

Հուլիս 25,2025 17:47

Ավելի քան 12 տարի է, ինչ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի Մեդիա կենտրոնը ծառայել է որպես եզակի բաց հարթակ՝ կամրջելով քաղաքացիական հասարակությանը, փորձագետներին, վերլուծաբաններին, իրավապաշտպաններին, արդարադատության խնդիրներից կամ մարդու իրավունքների խախտումներից տուժած քաղաքացիներին և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ հանրային կարևորության խնդիրների շուրջ բանավիճելու և լուծումներ որոնելու նպատակով։

Մեդիա կենտրոնը լսելի է դարձրել խրթին ու զգայուն հարցերը՝ սկսած համակարգային բարեփոխումներից մինչև ընտրական գործընթացների թափանցիկությունը, խթանելով դրանց լուսաբանումը՝ այսպիսով, նպաստելով հանրային իրազեկվածության բարձրացմանը և ժողովրդավարական մշակույթի ամրապնդմանը։

«Հուլիսի 25-ից «Մեդիա կենտրոն» նախագիծը, հուսով ենք՝ ժամանակավոր սառեցված է։ Մեր բոլոր նախորդ ծրագրերն ավարտվել են պատշաճ կերպով, ծառայել նախանշված նպատակներին։ ՄԿ ենթակառուցվածքն ամբողջությամբ պահպանված է։ Ցավոք, այս պահին մենք չենք կարող շարունակել նախագծի գործունեությունը, աջակցել քաղհասարակության բազմաթիվ գործընկերների՝ ՄԿ-ում այս կամ այն թեմայի շուրջ քննարկում կամ ասուլիս կազմակերպելու հարցում։ Չենք կարող ինքներս նախաձեռնել կարևորագույն հարցերի ու զարգացումների համատեքստում քննարկումներ ու բանավեճեր, քանի որ այդ ամենն անելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք այս պահին առկա չեն։ Այս իրավիճակը ստեղծվել է միջազգային աջակցության ծրագրերի ճգնաժամի արդյունքում»․ Սեդա Մուրադյան՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախագահ։

2013 թվականից սկսած՝ Մեդիա կենտրոնում կազմակերպվել է ավելի քան 2200 միջոցառում, պատրաստվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, որոնք հեռարձակվել ու վերահրապարակվել են համապետական ու տեղական ԶԼՄ-ներով, ապահովվել է նվազագույնը 12 միլիոնից ավելի դիտում՝ սոցիալական հարթակներում և մեդիայում։

Մեդիա կենտրոնի միջոցառումներն ու քննարկումները մշտապես լուսաբանվել և վերահեռարձակվել են ինչպես երևանյան, այնպես էլ մարզային առաջատար լրատվամիջոցների կողմից՝ քաղհասարակության ձայնը դարձնելով լսելի և էականորեն մեծացնելով հանրային ազդեցությունը։
Մեդիա կենտրոնը եղել է մշտապես հասանելի հարթակ, որի միջոցով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրապարակել են իրենց զեկույցները, նախաձեռնությունները, մարդու իրավունքների խնդիրները, ընտրությունների դիտարկման արդյունքները և հասարակական հնչեղություն ունեցող հարցեր։

Մեդիա կենտրոնում մենք արձագանքել ենք ժողովրդավարության հաստատման խոչընդոտներին, վեր ենք հանել մարդու իրավունքներին, դատաիրավական համակարգին ու այլ ոլորտներին առնչվող անտեսված հարցերը, ոլորտային բարեփոխումներին անդրադարձել ենք բազմակողմանի քննարկումներով, անցկացրել բանավեճեր, և այլն։

Նախընտրական ժամանակահատվածում՝ առավել կարևոր

Մեդիա կենտրոնը մշտապես ակտիվ դեր է խաղացել նախընտրական գործընթացներում՝ կազմակերպելով բանավեճեր, դիտորդական զեկույցների ներկայացումներ, մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ։ Այդ գործունեությամբ Կենտրոնը նպաստել է քաղհասարակության ջատագովության ջանքերին՝ բարձրաձայնելով ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ նրա պահանջներն ու առաջարկները, ինչպես նաև խթանելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բազմակողմանի քննարկումներն ու մեդիա լուսաբանումը։

Առջևում 2026 թվականի համապետական ընտրություններն են, և Մեդիա կենտրոնը պատրաստ է վերադառնալ՝ որպես հանրային երկխոսության առանցքային հարթակ։ Վերսկսումը հնարավոր է՝ նոր, ռազմավարական աջակցությամբ։

Շնորհակալություն
ՀԼԱ թիմը շնորհակալ է բոլոր գործընկերներին՝ փորձագետներին, լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին, վերլուծաբաններին, մեդիա հարթակներին ու քաղհասարակության կառույցներին, կազմակերպություններին, ովքեր այս տարիների ընթացքում կանգնած են եղել Մեդիա կենտրոնի կողքին, աջակցել մեզ իրենց մասնակցությամբ և համագործակցությամբ։
Մենք համոզված ենք, որ այս ժամանակավոր դադարը նոր հնարավորություն է։
«Մենք երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր տարիներ շարունակ եղել են այս հարթակի կայացման, ամրապնդման և ազդեցիկ գործունեության մասնակիցը։ Բոլորին, ովքեր աշխատել են մեր թիմում ու իրենց պրոֆեսիոնալիզմով նպաստել առողջ բանավեճի ու քննարկման մշակույթի զարգացմանը։ ԶԼՄ գործընկերներին՝ կարևորագույն թեմաները չանտեսելու, մեր նախաձեռնությունները լուսաբանելու համար։

Հատկապես ցանկանում եմ ընդգծել մեր երկարամյա աջակցին՝ Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանին (որի գործունեությունը Հայաստանում դադարեցվել է մոտ երեք տարի առաջ), որի շարունակական ու ռազմավարական աջակցությամբ հնարավոր դարձավ Մեդիա կենտրոնի գործունեությունն ու զարգացումը։

Մենք համոզված ենք, որ հատկապես նախընտրական շրջանում նման հանրային, անկախ հարթակի առկայությունը կարևորագույն նշանակություն ունի: Նման նախագծերը ռազմավարական գործառույթ են կատարում ժողովրդավարական հասարակության մեջ։ Մենք պատրաստ ենք քննարկել աջակցության և գործընկերության մոդելներ՝ ի շահ հարթակի վերագործարկման, քաղհասարակության աջակցության և Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման»․

Սեդա Մուրադյան՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախագահ

Հետադարձ կապ՝ [email protected], +37499 75 58 98, հասցե՝ Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031