Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության վարկանիշն ընկել է, և մարդիկ մտածում են, որ այս ամենը ֆարս է, և Փաշինյանը ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող բերել, բայց միայն այդ գործոնը չէ»․ Արմեն Վարդանյան

Հուլիս 25,2025 18:30

«Լուրջ սոցիոլոգիական հետազոտության թեմա է։ Բայց միգուցե երիտասարդներն ավելի էմոցիոնալ են հարցին նայում, երիտասարդները չեն համակերպվում Արցախի կորստի հետ։ Ակնհայտ է՝ խաղաղության պայմանագիր, եթե ստորագրվի, Արցախի հարցը նետվելու է պատմության աղբարկղը։ Ուստի պետք է մանրամասն հետազոտության ենթարկվի, թե ինչու են երիտասարդներն այդպես մտածում, իսկ տարեցներն ավելի շատ են կողմ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքներով՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը լիովին կողմ է հարցմանը մասնակցած 18-35 տարեկանների 16 %-ը, իսկ 56+ տարիքային խմբի 40%-ը, միանշանակ դեմ են 18-35 տարեկանների 16 %-ը, 56+ տարիքային խմբի 26%-ը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցած 1505 ՀՀ քաղաքացիների 29 %-ը դեմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 38 %-ը միանշանակ դեմ,  հետաքրքրվեցինք՝ այս պայմաններում, եթե հանրության շրջանում լուրջ մտահոգություններ կան, ճիշտ համարո՞ւմ եք այս ճանապարհով գնալը, որով իշխանությունն է առաջ շարժվում, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Բարդ հարց է․ միանշանակ պնդել չեմ կարող։

Նույնիսկ ես վստահ չեմ, որ իշխանությունն այդ ճանապարհով է գնում։ Միգուցե հռետորաբանությունն այդպես է, բայց վստահ չեմ, որ իշխանություններն ամբողջովին ուզում են գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով։ Քաղաքականության մեջ հռետորաբանությունը մեկ այլ բան է լինում, գործնական քայլերը՝ այլ։ Այնպես որ, կդժվարանամ իշխանության փոխարեն պնդել, որ իրենք ամբողջովին գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով»։

Հարցին՝ շարունակո՞ւմ եք այդ կարծիքին մնալ, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ չի ստորագրվի․ նաև Ալիևը չի ցանկանում։ Ինքը պայման է դնում, որ պետք է խաղաղության պայմանագրի ստորագրման համար ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը․ սա անիրականանալի պայման է։ Խիստ կասկածում եմ, որ այդ Սահմանադրությունը կբերվի հանրաքվեի։

Կարծում եմ՝ նույնիսկ մինչև 2026-ը Սահմանադրությունը հանրաքվեի չի դրվելու, եթե դրվի էլ, վստահ եմ, որ չի ընդունվելու։ Տեսնում ենք, որ նույն այդ հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է բավականին ընկել, ընդդիմությունն էլ մանիպուլյացիաների կդիմի, կասի՝ սա Ալիևի պահանջով գրված Սահմանադրություն է, և ժողովուրդը չի ընդունի»։

Հետաքրքրվեցին՝ այն, որ քաղաքացիների մեծամասնությունը՝ ըստ վերոնշյալ հարցման դեմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դա պատճառը կարո՞ղ է այն լինել, որ նրանք չեն վստահում իշխող ուժի վարած քաղաքականությանը, քաղաքագետը պատասխանեց․ «Դրանք այն հարցերն են, որ կոնկրետ մեկ գործոնով պայմանավորված չեն։ Դրա համար եմ ասում, որ լուրջ հետազոտության առարկա է։ Նրանք, որոնք ասում են՝ սրա հետ է կապված կոնկրետ, կամ նրա հետ, քաղաքականությունը խորքային չեն ըմբռնում, մանիպուլյացիաների են գնում։ Այս հարցի պատասխանը բազմաթիվ գործոններից է բաղկացած։

Իրականում նաև դա էլ կա, որ իշխանության վարկանիշն ընկել է, և մարդիկ մտածում են, որ այս ամենը ֆարս է, և Փաշինյանը ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող բերել։ Կարող է դա լինել  գործոններից մեկը, մարդիկ կան, որ չեն համակերպվում Արցախի կորստի հետ, չեն պատկերացնում Հայաստան-Ադրբեջան համատեղ գոյակցությունը։

Այսինքն՝ գործոնները բազմաթիվ են, դրա համար կան մի շարք գործոններ, որոնք պետք է լուրջ ուսումնասիրվեին։ Ես եթե անցկացնեի հետազոտությունը, կտայի նաև հաջորդ հարցը՝ ի՞նչն է պատճառը, որ չեք հավատում խաղաղության համաձայնագրին։ Այս դեպքում ինձ համար պատկերն ավելի պարզ կլիներ։ Հիմա այդքան էլ պարզ չէ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031