Գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանը դարձել է «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության 50 %-ի փայատեր: 4 %-ի սեփականատեր է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը, իսկ մնացած 46 %-ը պատկանում է մոլդովական Fly One ավիաընկերությանը:
2021-ի մարտին հիմնադրված «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ի սկզբանե եղել է մոլդովական փոխադրողի եւ Սուքիասյանների համատեղ բիզնեսը, սակայն վերջիններս, ավելի կոնկրետ՝ Էդուարդ Սուքիասյանը (տես առաջին լուսանկարում՝ կենտրոնում) եւ «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ն, միայն 2022-ի հոկտեմբերին են դարձել անվանական փայատեր «Ֆլայուան Արմենիայում»:
Նկատենք, որ հիմնադրումից ի վեր հայ-մոլդովական ավիափոխադրողի 46 %-ը պատկանում է Fly One-ին, իսկ մնացած 54 %-ը կենտրոնացած է հայկական կողմի ձեռքում: Բանն այն է, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ունեցող ավիաընկերության առնվազն 51 %-ը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց:
Կարդացեք նաև
Այսպիսով՝ հուլիսի 1-ի դրությամբ «Ֆլայուան Արմենիայի» 41 %-ի տերը Էդուարդ Սուքիասյանն էր, 9 % պատկանում էր Սուքիասյանների «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ին, որի խորհրդի նախագահը Է. Սուքիասյանն է, իսկ մնացած 4 %-ը գրանցված էր ՀՀ քաղաքացի, երեւանցի Լարիսա Սահակովայի անունով, որը ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արթուր Պողոսբեկյանի մայրն է, այսինքն՝ փաստացի սա Պողոսբեկյանի բաժնեմասն էր, պարզապես քանի որ նա ՌԴ քաղաքացի է, օրենքով նախատեսված վերոնշյալ 51 %-ի շեմը պահելու համար որպես փայատեր գրանցվել էր մայրը:
Հուլիսի 2-ին «ՍԻԼ Կապիտալը» դուրս է եկել «Ֆլայուան Արմենիայից»՝ իր 9 %-ը փոխանցելով Է. Սուքիասյանին: Իսկ այսօր՝ ամսի 25-ին, ավիաընկերությունը լքել է նաեւ Լ. Սահակովան (Ա. Պողոսբեկյանը), որի 4 %-ն անցել է ներկա գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: