2025 թվականի հուլիսի 18-ին փաստաբան, հանրային պաշտպան Զոյա Սակովան դիմել է ՀՀ փաստաբանների պալատ, տեղեկացնելով, որ 19․05․2025թ-ին ՀՀ հակառուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ/0250/01/24 քրեական գործով դատական նիստի ընթացքում, որտեղ փաստաբանը հանդիսանում է ամբաստանյալի պաշտպան, նախագահող դատավորը պահանջել է պաշտպան Սակովային իր գլխից հանել արևային ակնոցը։ Դրան ի պատասխան պաշտպանը հայտնել է, որ ակնոցը հանդիսանում է հարդարանքի մաս և հրաժարվել է այն հանել։ Նշվածի արդյունքում նախագահող դատավորը պաշտպանի նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ նկատողություն /երեք անգամ/։
Փաստաբանների պալատին ուղղված դիմումով փաստաբանը հայտնել է նաև, որ նույն գործով 14․07․2025թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը կրկին պաշտպանից պահանջել է հանել գլխի վրա դրված արևային ակնոցը, ինչին ի պատասխան վերջինս հայտնել է, որ արևային ակնոցները հանդիսանում են աքսեսուար և հարդարանքի մաս, և որ դատարանի պահանջը չի բխում որևէ նորմից։ Նշվածից հետո նախագահող դատավորը փաստաբանի նկատմամբ կիրառել է դատական սանկցիա՝ նկատողություն, կրկին պահանջել հանել ակնոցը, կիրառել է երկրորդ անգամ դատական սանկցիա՝ նկատողություն, դրանից հետո երրորդ անգամ է ներկայացրել նույն պահանջը, և պաշտպանի կողմից որպես ոչ իրավաչափ դիտարկված պահանջը չկատարելուց հետո նրա նկատմամբ կիրառել է դատական սանկցիա՝ վարույթից հեռացում։
Փաստաբանը նաև հայտնել է, որ նույն գործի շրջանակներում 28․04․2025թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացել է նույն կերպ, սակայն Դատարանի կողմից որևէ դիտարկում չի հնչեցվել։
Փաստաբանի ներկայացրած հանգամանքները քննարկվել են Փաստաբաններ իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից: Քննարկման շրջանակներում ուսումնասիրվել են նաև դատական նիստերի՝ հանրամատչելի աղբյուրներում առկա տեսագրությունները:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը հիշեցնում է, որ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»:
ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 16-րդ կետը հռչակում է.
«16. Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները
ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում. (…)
գ) դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:
«Փաստաբանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։
Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։
«Փաստաբանության մասին» օրենքը և Փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանվում են փաստաբանի մի շարք պարտականություններ, այդ թվում՝ ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները և օրինական շահերը օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով, պահպանել նույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները: Միաժամանակ, դրանցով սահմանվում են փաստաբանի իրավունքները և նրա գործունեության համար սահմանված երաշխիքները։
Այսպես, «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են փաստաբանական գործունեության հետևյալ կարևորագույն երաշխիքները․
«1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
(…) 4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար»:
Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը հռչակում է. «Կողմերը պարտավոր են ապահովել, որ փաստաբանների նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմքերը հիմնված լինեն բացառապես օրենքով սահմանված մասնագիտական վարքի չափանիշների վրա, որոնք համահունչ են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին և ազատություններին»։
Վերոգրյալի իրավադրույթների վերլուծությունից ակնհայտ է, որ փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվում են միայն օրենքին, և պարտավոր չեն կատարել օրենքից չբխող պահանջներ։ Միևնույն ժամանակ, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են չմիջամտել փաստաբանական գործունեությանը: Ավելին, փաստաբանների նկատմամբ դատավարական և դրանից բխող կարգապահական պատասխանատվության հիմքերը պետք է հիմնված լինեն բացառապես օրենքով սահմանված մասնագիտական վարքի չափանիշների վրա, որոնք համահունչ են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին և ազատություններին։
Տվյալ դեպքում, Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում փաստաբանների կողմից դատարաններում և այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող հատուկ պահանջներ։
Առհասարակ, դատարանների շենք մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց արտաքին տեսքի հետ կապված միակ կարգավորումը, որը կրում է ընդհանուր բնույթ և որը չի կարող ամրագրել փաստաբանի վարքագծի կանոն, սահմանված է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգի[1] 6‑րդ կետով, որի համաձայն՝ «Վարչական շենքեր մուտք գործելն արգելվում է այն անձանց, ովքեր գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում (օրինակ` ալկոհոլի, թմրանյութերի, թունանյութերի ազդեցության տակ), սպորտային համազգեստով կամ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստով, դրսևորում են ոչ ադեկվատ (անհավասարակշիռ) վարքագիծ, խախտում են հասարակական կարգը: Արգելվում է նաև ժամկետանց փաստաթղթերով մուտքը վարչական շենք»:
Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ փաստաբանի կողմից որևէ աքսեսուար կրելու հարցը դուրս է օրենսդրական կարգավորումից, հետևաբար, գտնվում է նրա անձնական կյանքի տիրույթում, որին միջամտությունը և հատկապես, դրա հետևանքով վերջինիս նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը և նրա մասնագիտական գործունեության դադարեցումը (պաշտպանին վարույթից հեռացնելը) չի բխում օրենքից։
Բացի այդ, արդարադատություն իրականացնելիս վարույթի մասնակցի հարդարանքի առարկայի հարցի տևական արծարծումը չի նպաստում հասարակության և հատկապես մասնագիտական հանրության շրջանում դատավորների և դատարանների հեղինակության բարձրացմանը:
Միաժամանակ, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դատարանը շարունակաբար չի պահպանել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որը պարտականություն է սահմանում դատական վարույթին որպես պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո այդ մասին տեղեկատվությունն ուղարկել Փաստաբանների պալատի նախագահին:
Այսպիսով, փաստաբանների լիազորությունների իրականացմանը նման կերպ միջամտելը՝
- զրկում է մեղադրյալին իր պաշտպանությունը այն պաշտպանի միջոցով իրականացնելու իրավունքը, ում հետ մշակել են պաշտպանական մարտավարությունը, և ում հետ ձևավորվել է վստահության հիմքի վրա հարաբերություններ,
- խախտում է վարույթի օրինականությունը,
- անհամաչափ հիմնավորվածությամբ խաթարվում է ողջամիտ ժամկետներում գործի քննության պահանջները,
- դատարանի և դատավորի հեղինակությունը անհարկի ստվերվում է անհամարժեք արծարծումներով,
- անհարկի խարխլում է վարույթի հետագա ընթացքում դատարանի՝ որպես վարույթի անաչառ մասնակցի ընկալումը։
Փաստաբանի կողմից մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելը ոչ միայն մասնագիտական պարտականություն է, այլ հիմնարար երաշխիք արդարադատության պատշաճ իրականացման համար։ Դրան խոչընդոտելը հակասում է թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, թե՛ պետության ստանձնած միջազգային պարտավորություններին։
Ամփոփելով վերոգրյալը, սպառված չհամարելով փաստաբանի իրավունքի պաշտպանության հետագա գործողությունները, Հանձնաժողովը՝
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝
օրենսդրական պահանջների բացակայության պայմաններում փաստաբանի արտաքին տեսքի կամ հանդերձանքի վերաբերյալ հարցը կարող է քննարկվել բացառապես ելնելով ընդհանուր բարեկրթության, ողջամտության և համաչափության սկզբունքներից, առաջնորդվելով համընդհանուր ընդունված էթիկական պահանջներով, արդարադատության մարմնին ներկայանալու պատշաճության ընկալումներով և իրավաբանական համայնքում ընդունված և ձևավորված վարվեցողության ավանդույթներով,
ապօրինի միջամտությունը և նմանատիպ պրակտիկայի ձևավորումը բացասական հետևանք կունենա փաստաբանի ազատ մասնագիտական գործունեության համար և կարող է ճնշման գործիք դառնալ,
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է փաստաբանների հանդեպ օրինական, ողջամիտ և համաչափ հիմքերի բացակայության պայմաններում պատասխանատվության միջոցների, առավել ևս՝ վարույթից հեռացնելու տեսքով դատական սանկցիայի կիրառումը, որը հանգեցնում է անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացման սահմանափակման,
ՀՈՐԴՈՐՈՒՄ Է դատարաններին և այլ պետական մարմիններին ձեռնպահ մնալ փաստաբանների մասնագիտական օրինական գործունեությանը անհարկի միջամտություններից:
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատ