Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական հանցագործը Ադրբեջանն է, բայց Ադրբեջանին հանցակից են նաեւ ՀՀ այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»․ Սեյրան Օհանյան

Հուլիս 25,2025 22:55

«Ակնհայտ է՝ Արցախը ԽՍՀՄ փլուզման շրջանում, ինչպես մյուս պետությունները, ԽՍՀՄ օրենքների համաձայն ինքնորոշվել է, Արցախի ժողովուրդն արտահայտել է իր կամքը, եւ Արցախի Հանրապետությունը Հայաստանի հետ միասին դե ֆակտո ինտեգրված վիճակով ապահովել է իր զարգացումը»,- այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցությունները» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ այս ժամանակահատվածում Արթուր Խաչատրյանի գրքի լույս տեսնելը շատ մեծ հարված է Նիկոլ Փաշինյանի այն գործունեությանը, որը նա իրականացրել է Արցախի հանդեպ եւ Արցախը հասցրել է հայաթափման։ «Իհարկե, հիմնական հանցագործը Ադրբեջանն է, որը կարողացել է պատերազմի ժամանակ հարձակվել, այնուհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացնել, բայց Ադրբեջանին հանցակից են նաեւ ՀՀ այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք ի սկզբանե ասում էին՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Այդ ծանրաձողը իրենք չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետեւ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս։ Այս գրքի մեջ նշված բոլոր փաստերը ներկայացնում են այն իրողությունները, որոնք եղել են Արցախի ամբողջ պատմության ընթացքում։ Երկրորդ, այստեղ նշված բոլոր փաստերը ներկայացնում են նաեւ այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարել են Հայաստանի իշխանությունները եւ Ադրբեջանը։

Սա նաեւ հիմք է հանդիսանալու, որպեսզի Արցախի ճակատագրի վերաբերյալ մենք կարողանանք աշխատանք տանել՝ հաշվի առնելով երեք հանգամանք։ Առաջինը՝ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցագործ պահվածքով, ցեղասպանություն իրականացնելով ավելի է խորացրել այդ հակամարտությունը։ Եվ դրա համար ինքը պետք է պատասխան տա։ Երկրորդը, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանել, ինստիտուտները պետք է գործեն, որպեսզի Արցախի ժողովրդի ճակատագրի եւ նաեւ վերադարձի հետ կապված բոլոր հարցերը լուծվեն։ Երրորդը, այս իրականության մեջ բանակցային գործընթացը գոյություն ունեցող ձեւաչափով այլընտրանք չունի։ Դժվար է լինելու, բայց պետք է աշխատել ու պայքարել»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ ցավալին այն է, որ երբ խոսում ենք Արցախի սուբեյկտայնության մասին, ՀՀ իշխանություններն ասում են՝ թույլ չեն տա, որ պետության մեջ երկրորդ պետությունը լինի։ «Բայց պետության մեջ երկրորդ պետություն չկա, պետության մեջ կա մեր հարազատ Արցախը, հարազատ Արցախի ճակատագիրը, եւ հրաժարվել Արցախի ճակատագրից, դա եւս մեկ անգամ փաստում է, թե իրենք ինչպիսի աղետալի վիճակի են հասցրել եւ Արցախը, եւ Հայաստանը»,- հավելեց Օհանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031