Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության գործարան է կառուցվելու․ «Հետք»

Հուլիս 26,2025 10:50

Հայաստանում 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության (ԱԲ) գործարան է կառուցվելու՝ Firebird ընկերության, NVIDIA-ի, «Թիմ Գրուպի» և Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում։ Սա կլինի առաջին լայնածավալ ԱԲ ենթակառուցվածքը տարածաշրջանում։ «Հետքը» զրուցել է նախագծի հետևում կանգնած մարդկանց հետ։ Մեր հյուրերն են Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիգ Հովակիմյանն ու Ալեքսանդր Եսայանը և Ռև Լեբարեդեանը՝ NVIDIA-ից։

-Սկսենք ամենասկզբից։ Ինչպե՞ս ծնվեց Հայաստանում ԱԲ գործարան ստեղծելու գաղափարը, և ի՞նչը միավորեց ձեր թիմերին։

Ռև Լեբարեդեան — Այս ամենի սերմերը հայտնվեցին դեռ 2018-ին՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Ինձ հրավիրել էին հանդիպման վարչապետ Փաշինյանի հետ՝ տեխնոլոգիաների հարցով խորհրդատվություն տրամադրելու, և ես նրան խորհուրդ տվեցի՝ պատմելով այն մասին, թե ինչ է սպասվում արհեստական բանականության ոլորտում։ Սա յոթ տարի առաջ էր։ Աշխարհում մարդկանց մեծ մասը չէր մտածում այդ մասին, էլ չենք խոսում կառավարությունների մասին, իրականում՝ որևէ կառավարության։

Մի քանի ամիս անց վարչապետն իր առաջին այցը կատարեց ԱՄՆ։ Նա եկավ Կալիֆոռնիա։ Այդ այցի ընթացքում նրան հրավիրեցինք այցելելու NVIDIA: Նա այցելեց մեր գլխամասային գրասենյակ, հանդիպեց գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ։ Եվ ԱԲ գործարան կառուցելու գաղափարը ծնվեց հենց այդ հանդիպմանը։ Երբ վարչապետը հարցրեց մեր գործադիր տնօրենին, թե ինչ պետք է անի Հայաստանը իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, այն դարձնելու կենսունակ վայր, որտեղ NVIDIA-ի նման ընկերությունը կցանկանար գրասենյակ բացել և ներդրումներ կատարել, նա պատասխանեց՝ «Դե, եթե դուք լուրջ եք տրամադրված բարձր տեխնոլոգիաների հարցում, պետք է լրջորեն զբաղվեք համակարգչային գիտությամբ և հաշվողական տեխնիկայով։ Եթե այդ հարցում լուրջ եք, ապա ապագան ամբողջությամբ արհեստական բանականությանն է պատկանում, և այն հիմնական գործիքը, հիմնական կարիքը, այն հիմնական բանը, որն անհրաժեշտ է բոլոր հետազոտողներին, ստարտափներին և մեծ ընկերություններին, արհեստական բանականության համար նախատեսված գերհամակարգիչն է։ Այնպես որ, դուք ձեր ժողովրդի համար պետք է անեք այն, ինչ ես արել եմ իմ մարդկանց համար»։ Ջենսենը բազմաթիվ գերհամակարգիչներ էր կառուցել մեզ համար՝ մեր հետազոտողների և ինժեներների համար՝ արհեստական բանականությունը և համակարգչային գիտության ապագան առաջ մղելու նպատակով։ Այնպես որ, վարչապետը պետք է նույնն աներ Հայաստանի համար։ Եվ գաղափարը ծնվեց այդ պահին։

-Դա վեց տարի առաջ էր։ Ինչո՞ւ հիմա։

Ռև Լեբարեդեան — Մենք սկսեցինք մտածել այդ մասին և փորձեցինք տարբեր ուղիներով դա իրականություն դարձնել։ Այն ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը (թեև դեռ չէր կոչվում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն) Հակոբ Արշակյանն էր։ Նա ներկա էր վարչապետի հետ իմ առաջին հանդիպմանը, ինչպես նաև Կալիֆոռնիայում՝ Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը։ Այդ հանդիպումից անմիջապես հետո սկսեցի աշխատել նրա հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք նման նախագիծ մշակել և գերհամակարգիչ բերել Հայաստան։ Եվ մենք որոշակի առաջընթաց գրանցում էինք, բայց, ցավոք, եկավ 2020 թվականը, COVID, հետո՝ պատերազմ, և այս ամենը հետաձգվեց։

Մի քանի տարի անց, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մենք աշխատակիցներ ունեինք Ռուսաստանում՝ Մոսկվայում։ Գրասենյակը հիմնել էի 20 տարի առաջ։ Այդ աշխատակիցներից շատերը սկսեցին հայտնվել Հայաստանում, և դա մեզ համար հնարավորություն էր՝ այստեղ գրասենյակ ստեղծելով օգնելու մեր աշխատակիցներին։ Զանգահարեցի Հակոբ Արշակյանին և ասացի. «Կարծում եմ՝ մենք կարող ենք գրասենյակ բացել Հայաստանում։ Կօգնե՞ք ինձ»։ Նա ասաց՝ իհարկե։ Նրա և վարչապետի օգնությամբ կարողացանք արագորեն գրասենյակ հիմնել Հայաստանում, մեր աշխատակիցներին բերել այստեղ, օգնել նրանց ու ապահովել նրանց անվտանգությունը։ Դա մեզ համար դուռ բացեց՝ վերսկսելու քննարկումները գերհամակարգչի շուրջ։ NVIDIA-ի ներկայությունն այստեղ հնարավորություն է տալիս աջակցելու նման նախագծին։

Սա 2022 թվականն էր։ Գրասենյակը բացելուց անմիջապես հետո վերսկսեցի այս քննարկումները բոլորի հետ, ում կարող էի գտնել։ Ի վերջո, ես գտա Ալիկին, որը շատ-շատ ոգևորված էր այս հարցում։ Նա ցանկանում էր հնարավորինս արագ սկսել այս գործը և ներդրումներ կատարել։ Եվ բավականին առաջ գնացինք, բայց փազլի մի կտորը պակասում էր։ Բավարար չէ պարզապես գումար և կապիտալ ունենալ նման բան կառուցելու համար։ Շատ ու շատ ռեսուրսներ և հանգամանքներ պետք է միավորվեն։ Այսպիսով, դրա մի մասը՝ մեծ մասը, փողն է։ Դա այն 500 միլիոն դոլարն է, որի մասին խոսում էիք։ Պետք էր հասկանալ, թե ինչպես ստանալ այդ ամբողջ գումարը։ Պետք էր նաև հասանելիություն ունենալ իրական հաշվողական սարքավորումներին, որոնք ոչ բոլոր երկրները կարող են հեշտությամբ ներմուծել։ Կան արտահանման վերահսկողության խնդիրներ, և դրանք համարվում են շատ-շատ զգայուն տիպի հաշվողական սարքավորումներ։ Օրինակ, այս պահին չենք կարող դրանք արտահանել Չինաստան, այնպես որ պետք է լուծեինք այդ հարցը։ Պետք էր նաև պարզել, թե ովքեր են լինելու հաճախորդները, հաշվողական սարքավորումների վարձակալները, քանի որ առանց դրա անհնար է գումար հայթայթել։ Պետք էր համոզվել, որ կլինի բավարար օգտագործման երաշխիք, որպեսզի հիմնավորվեր այդ ներդրումը, որպեսզի կարողանայինք գումար վերցնել կամ անհրաժեշտ ներդրումը ստանալ և մենք չէինք կարողանում դա պարզել։ Չէինք կարողանում բավարար չափով գտնել դա։

Մոտ մեկ-մեկուկես տարի անց՝ անցյալ տարի WCIT-ի ժամանակ, բոլոր ճիշտ բաղադրիչները համախմբվեցին սա իրականություն դարձնելու համար։ Ես այստեղ էի, հանդես էի գալիս WCIT համաժողովի հիմնական զեկույցով, Ալիկն այստեղ էր, Ռազմիկը եկել էր, և նա, ըստ երևույթին, ինքնուրույն նկատել էր, որ ունենք էներգիայի ավելցուկային հզորություն մեր ատոմակայանի շնորհիվ և Ալիկին առաջարկել էր, որ գուցե պետք է ԱԲ գործարան կառուցենք։ Եվ Ռազմիկը, հաշվի առնելով իր փորձառությունը և դիրքը Սիլիկոնյան հովտում՝ իր բոլոր կապերով, կարող էր օգնել մեզ գտնել այդ վերջին փազլի կտորը՝ հաճախորդների՝ այն, ինչ մենք անվանում ենք «օֆթեյք» (offtake) կամ արտադրանքի երաշխավորված իրացում, միացումը նախագծին, որ մենք կարողանանք ներդրումները սկսել։ Այդ ժամանակ քաղաքում էր նաև Նուբար Աֆեյանը, մենք բոլորս միմյանց ճանաչում ենք։ Նուբարը նույնպես փնտրում էր Հայաստանի համար նման մեծ ներդրում կատարելու հնարավորություն։ Նուբարը Firebird-ի մյուս համահիմնադիրն է։ Նա պարզապես ֆիզիկապես այստեղ չէ, ցավոք, չի կարող մասնակցել այս հարցազրույցին։ Բայց նա միացավ որպես ներդրող և, ինչը կարևոր է, որպես երաշխավորված գնորդ։ Նրա բիոտեխնոլոգիական ընկերությունները՝ Flagship Pioneering-ը, Moderna-ն, բոլորը դրա պոտենցիալ օգտագործողներն են։ Այսպիսով, մենք բոլոր կտորները իրար միացրինք, հավաքեցինք երաշխավորված պատվերներ նաև հայկական այլ ընկերություններից, որոնք կարող էին լինել ԱԲ պոտենցիալ օգտագործողներ, և դա բավարար էր, որ NVIDIA-ն նույնպես մտներ գործի մեջ և ասեր՝ «Լավ, մենք կաջակցենք բոլորիդ»։ Վեց-յոթ ամսվա ընթացքում բոլոր կտորներն իրենց տեղերում էին, ինչի արդյունքում մի քանի շաբաթ առաջ Փարիզի GTC համաժողովին կարողացանք հայտարարել այս մասին։ Ունենք փազլի բոլոր կտորները, մենք հավաքել ենք փազլը, և հիմա մրցավազքի մեջ ենք՝ այն կառուցելու համար, և կառուցելու հնարավորինս արագ։

Ռազմիգ Հովակիմյան — Սա, հավանաբար, պատասխանում է նաև ձեր հաջորդ հինգ հարցերին, բայց պատկերացնելու համար, թե ինչ էր ասում Ռևը. մենք սերմը ցանեցինք կառավարության հետ։ Ալիկի հետ հանդիպեցինք այգում։ Այդ ընթացքում Նուբարը մտնում էր դարպասով։ Սա իսկապես վերածվում է համաշխարհային մակարդակի գործարանի։ Սա Հայաստանում կառուցվելու է աշխարհի համար։ Ամեն ինչ սկսվում է այստեղից։ Սա անհավանական խումբ է։ Կարծում եմ՝ մեր կարիերայի ընթացքում բոլորս էլ մեզ բախտավոր ենք զգում, որ հիանալի բաներ ենք արել։ Բայց սա առանձնահատուկ դեպք է։ Անհավանական թիմ էր պետք սա իրականացնելու համար։ Բայց եթե դուք, տղաներ, չսկսեիք դա, առանց Կառավարության աջակցության, որը ստացել ենք և ստանում ենք, մենք այստեղ չէինք հասնի։

Ռև Լեբարեդեան — Կառավարությունը նաև սրա կարևորագույն մասն է, քանի որ նրանք Firebird-ից կվերցնեն հզորության մի մասը և կկիսեն այն մեր հետազոտական ինստիտուտների, մեր համալսարանների և ստարտափ ընկերությունների, նորարար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ մեր հետազոտողներին ու ինժեներներին տալու առաջատար դիրք, առավելություն աշխարհի մյուս հետազոտողների նկատմամբ։ Այնպես, ինչպես Ջենսեն Հուանգը՝ մեր գործադիր տնօրենը, NVIDIA-ի հետազոտողներին և ինժեներներին առավելություն տվեց բոլորի նկատմամբ, քանի որ մենք սա վաղ հասկացանք։ Այսօր NVIDIA-ն աշխարհի խոշորագույն ընկերությունն է։ Նրա շուկայական կապիտալիզացիան մոտենում է չորս տրիլիոն դոլարի, բայց երբ սկսեցինք զբաղվել սրանով, երբ սկսեցինք ԱԲ և ԱԲ գործարանների գաղափարը, NVIDIA-ն այսօրվա չափի մի փոքր մասն էր։ Մարդկանց մեծ մասը երբեք չէր լսել NVIDIA-ի մասին։ Դուք, հավանաբար, չէիք լսել։ Բայց կարող էինք պատկերացնել, որ ապագայում, եթե սա կառուցենք, մեր ինժեներներն ու հետազոտողները կունենան այնպիսի առավելություն և այնքան առաջ կլինեն մնացած բոլորից։ Այն, ինչ կկառուցենք, այնքան հզոր կլինի, և մենք այնպիսի առավելություն կունենանք, որ կկարողանանք պահպանել դա։ Եվ այժմ NVIDIA-ն վայելում է դա։ Մենք ցանկանում ենք նույն առավելությունը տալ Հայաստանին։

-Այս թեմային ավելի ուշ կվերադառնանք։ Այս նախագիծը շատ հետաքրքիր է հնչում, բայց նաև մի փոքր խորհրդավոր է։ Ես սիրում եմ օգտագործել այս մեթոդը ԱԲ չաթբոտերի հետ խոսելիս։ Ես նրանց խնդրում եմ բացատրել պնդումը կամ տերմինը այնպես, որ նույնիսկ 10 տարեկան երեխան հասկանա։ Կարո՞ղ եք բացատրել, թե ի՞նչ է ԱԲ գործարանը և ինչպե՞ս է այն աշխատելու, այնպես, որ 10 տարեկան երեխան հասկանա։

Ռև Լեբարեդեան — Դա մի տեսակ զվարճալի տերմին է, այնպես չէ՞։ Գործարա՞ն։ Դուք հարցնում եք, թե ինչու է այդպես։ Գուցե հենց դա է խորհրդավորը։ Ինչպե՞ս է սա գործարան։ Որովհետև խոսքը մի շարք համակարգիչների մասին է, և մարդիկ համակարգիչներն ու գործարանները նույն կերպ չեն ընկալում։ Բայց մի պահ հետ նայենք և մտածենք, թե ինչ է գործարանը, ինչ է անում գործարանը։ Գործարանը մեքենա է, որտեղ դուք երկու բան եք ներդնում՝ էներգիա և հումք։ Ավտոմեքենաներ արտադրող գործարանի դեպքում դուք ունեք էներգիա և հումք՝ պողպատ, պլաստմասսա, ինչ-որ ֆիզիկական բաներ։ Այնուհետև դուք այդ էներգիան օգտագործում եք՝ ամբողջ հումքը վերամշակված արտադրանքի վերածելու համար։ Ստացվում է՝ մեքենան և այդ վերամշակված արտադրանքը շատ ավելի արժեքավոր են, քան ներդրված բաղադրիչների գումարային արժեքը։ Այսպիսով, սա է հիմնականում գործարանը։ Դուք վերցնում եք հումք, միացնում եք այն էներգիայի հետ, որոշ փոփոխություններ եք կատարում, և ստացվում է ավելի մեծ արժեք ունեցող մի բան։

Այն, ինչի մասին խոսում ենք՝ ԱԲ գործարան կառուցելը, կարող է շփոթվել մեկ այլ տերմինի՝ տվյալների կենտրոնների հետ (data centers)։ Մենք հաճախ դրանք օգտագործում ենք իրար փոխարինելով, բայց դրանք իրականում շատ տարբեր են։ Բոլոր տվյալների կենտրոնները, որոնք կառուցվել են վերջին տասնամյակների ընթացքում, բոլորովին այլ բան են։ Դրանք նպատակ չունեն արտադրելու մի բան, որն ավելի արժեքավոր է, քան այն, ինչ ներդրել են։ Դրանք նախատեսված են տվյալները տեղափոխելու և պահելու համար, ինչը արժեքավոր է, բայց դա մի բան չէ, որը պետք է շարունակաբար զարգացնել։ Իրականում, ճիշտ հակառակը։ Ձեռնարկություններն ու կազմակերպություններն ունեն ՏՏ բաժիններ։ ՏՏ բաժինները միշտ փորձում են փոքրացնել իրենց տվյալների կենտրոնները, ավելի քիչ գումար ծախսել և ավելի քիչ ներդրում կատարել այնտեղ։ Ամբողջ նպատակը ներդրումները նվազագույնի հասցնելն է։ Բայց երբ դուք գործարանային բիզնեսի մեջ եք, դուք զբաղվում եք ավելի մեծ արժեք ունեցող բան արտադրելով, հակառակն եք ուզում։ Դուք ցանկանում եք դրանք ավելի մեծացնել, ավելի արդյունավետ դարձնել և ցանկանում եք ավելին անել, քանի որ վերցնում եք ավելի քիչ արժեք ունեցող բաներ և արտադրում ավելի մեծ արժեք ունեցող բան։

Այսպիսով, ինչո՞ւ է սա գործարան։ Դե, եթե նայենք դրան նույն նկարագրությամբ, որը ես օգտագործեցի գործարանի համար, դուք որպես մուտքային տվյալ վերցնում եք էներգիա։ Դա պարզ է։ Մենք դա անում ենք ԱԲ գործարանի հետ։ Եվ մենք նաև հումք ենք տանում այս գործարան, որը չմշակված տեղեկություն է։ Դրանք զրոներ և մեկեր են, որոնք կոդավորում են տեղեկատվություն և գիտելիք, բայց հում գիտելիք։ Եվ այս չմշակված տեղեկությունը վերածում ենք գիտելիքի։ Դրա արդյունքը ոլորտում անվանում ենք «թոքեններ» (tokens)։ Թոքենները գիտելիքի կոդավորումներն են։ Դրանք պարզապես թվեր են, բայց շատ ավելի արժեքավոր են, քանի որ դրանք վերամշակված բանականություն են։ Դա շատ ավելի արժեքավոր է, քան մուտքային տվյալները։ Եվ ի՞նչ է տեղի ունենում աշխարհում։ Բանականությունը շատ արժեքավոր է, թերևս ամենաարժեքավոր բանը, որը կարող եք արտադրել աշխարհում։ Եթե դուք ունեք մեքենա, որը կարող է նման բան արտադրել, ապա կուզենաք հնարավորինս շատ արտադրել։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը մրցավազքի մեջ է՝ ամենուր ԱԲ գործարաններ կառուցելու համար, և NVIDIA-ն դարձել է աշխարհի խոշորագույն ընկերությունը, քանի որ տրամադրում ենք ԱԲ գործարաններ կառուցելու հիմնարար գործիքները։ Այժմ Հայաստանը հնարավորություն է ստանում մասնակցելու դրան։

Ռազմիգ Հովակիմյան — Ավելացնեմ՝ արդեն սկսել ենք բանակցություններ MIT-ի, Հարվարդի, Ստենֆորդի, Բերքլիի հետ, անձամբ մենք զրույցներ ենք ունեցել։ Ի վերջո, մենք ցանկանում ենք հետազոտողներին, ուսանողներին, ստարտափներին այստեղ տալ գոնե ավելի մեծ երազելու հնարավորություն։

Ես անձամբ ներդրումներ եմ արել մոտ 10-15 հայկական ստարտափներում՝ Երևանի պետական համալսարանից մինչև մաթեմատիկայի օլիմպիադայի հաղթողներ։ Այստեղ կան անհավանական ուղեղներ։ Եվ վերջին 10 տարում ես տեսել եմ, թե ինչպես են այս ստարտափները աճում։ Մենք ցանկանում ենք ոչ միայն նրանց աճի հիմք տալ, այլ նաև կապեր, գիտելիք, հնարավորություն կապվելու Սիլիկոնային հովտի հետ։ Այդ ամենը կարևոր է։

Մենք ցանկանում ենք ստեղծել այդ հնարավորությունը Հայաստանի համար։ Այսինքն՝ ոչ միայն տալ հաշվողական հզորություն, այլ նաև ուղղորդել։

Դա իսկապես կարևոր է։ Հաշվողական հզորությունը կատալիզատոր է։ Դա այն բանն է, այն սերմը, ինչից սկսվում է ամեն ինչ։ Բայց մենք կհամալրենք այն այլ ռեսուրսներով և հատկություններով, որոնք անհրաժեշտ են հաջողելու ու աճելու համար։ Առանց այս կտորի, մնացածը չի աշխատի։

Կարծում եմ՝ մենք խոսում ենք այն ոլորտների մասին, որտեղ մենք ուժեղ ենք։ Մենք կարող ենք սա պատկերացնել ռոբոտաշինության մեջ։ Մենք կարող ենք սա պատկերացնել տիեզերքում։ Մենք աջակցել ենք Starlink-ն այստեղ բերելուն՝ ենթակառուցվածք կառուցելու համար։ Նուբարի հետ կարող ենք սա կիրառել կենսագիտության մեջ։ Կա անհավանական տաղանդ, եթե որոշենք խորանալ և մտավոր սեփականություն ստեղծել այս ոլորտներում, կարծում եմ, պիտի կենտրոնանանք երեք բնական ոլորտների վրա։ Բայց դա սկսվում է զրոյից՝ Firebird 1-ից։

-Կա՞ հաստատված վայր՝ որտեղ է լինելու ԱԲ գործարանը։

Ռև Լեբարեդեան — Միակ չափանիշը, որը մենք պետք է հաշվի առնենք՝ որոշելու, թե որտեղ պետք է լինի, այն է՝ որտեղ մենք կարող ենք դա անել ամենաարագը։ Մենք խոսում էինք այս մասին ավելի վաղ։ Արագությունը կարևոր է։ Ամենակարևոր բանը, որ մենք կարող ենք անել, ամենակարևոր բանը, որ պետք է արվի, այն է, որ այն կառուցվի։ Եվ որքան արագ դա անենք, այնքան արագ կարող ենք ցույց տալ աշխարհին, որ Հայաստանն ի վիճակի է նման մեծ բան անելու։ Երբ կառուցենք առաջինը, ապա կարող ենք շատ ավելին անել։ Մենք կարող ենք ավելի շատ ներդրումներ ստանալ։ Մենք կարող ենք դա ստանալ, կարող ենք ստանալ ամբողջ աշխարհին ասելու՝ դա հնարավոր է անել այստեղ։ Մարդիկ ի վիճակի են դա անել, և մենք կարող ենք ավելին ու ավելին կառուցել։ Պարտադիր չէ, որ սա լինի վերջինը։ Իրականում, կամ մենք ոչ մի հատ չենք կառուցում, կամ շատ-շատ ենք կառուցում։ Մենք պարզապես մեկը չենք կառուցի։ Դա անիմաստ է, քանի որ դա գործարան է, և գործարանները արտադրում են արժեքավոր բաներ։ Եթե մենք արտադրում ենք արժեքավոր բաներ, մենք ցանկանում ենք ավելին ու ավելին կառուցել։ Մենք շատ ավելին կկառուցենք։ Մենք չպետք է կախվենք նրանից, թե որտեղ է գտնվելու առաջին գործարաը։ Նախ՝ իրականում կարևոր չէ, թե որտեղ է այն ֆիզիկապես։ Մարդկանց մեծ մասը, որ կօգտագործի այն, հեռավար է աշխատելու։ Անհրաժեշտություն չկա լինել այստեղ։ Դա նման է ասելուն՝ ես ուզում եմ միջուկային ռեակտորի կողքին լինել։ Պետք չէ, որ այն լինի հենց ձեր կողքին։ Այն պիտի հեռու լինի քաղաքներից և նորմալ վայրերից։ Դա գործարան է։ Չենք ցանկանում գործարաններ հիմնել նորմալ վայրում։ Կան ավելի արժեքավոր բաներ, որոնք կարող են լինել քաղաքի կենտրոնում։ Պետք չէ անհանգստանալ, թե որտեղ է լինելու առաջինը։ Մենք պետք է հաշվի առնենք միայն այն չափանիշը, թե որտեղ կարող ենք դա անել ամենաարագը։ Եվ մենք պետք է արագ ընտրենք, որովհետև մենք մրցում ենք սա կառուցելու համար։ Ալիկը ցանկանում է այն ավարտել մինչև տարեվերջ։ Այո։ Այո, կարծում եմ, յուրաքանչյուրս ցանկանում է դա անել հնարավորինս շուտ։

Արծվիկ ԴԱՎԹՅԱՆ

Նարե ՊՈՂՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031