-«Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածում սեւով սպիտակի վա գրված է՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, օրենքում հետո շարունակվում է կրոնական գործունեությունը կամ քարոզչությունը արգելվում են բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանն այսպես է արձագանքում Հակոբ Կոջոյանի անունը կրող կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանին, որը Վեհարանի վրա հարձակման կոչերին իր պատրաստակամությունն էր հայտնել:
Պարոն Բլեյանը, հղում անելով «Հանրակրթության մասին» օրենքին, կարեւորեց նաեւ մեկ այլ հոդված. «Հոդված 12., կետ 26. Պետական ուսումնական հաստատության տնօրենը եւ համակարգողը պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական՝ այդ թվում կրոնական միավորումների շահերի կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու համար: Չեմ ուզում կոնկրետանալ դեպքի վրա, որովհետեւ մի հոգի արտահայտվել է, դա գրանցվել է, շրջանառվել է, բայց մարդիկ, որ խոսում են, պետք է իմանան, որ գործ ունեն հասարակության հետ: Ես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, ես շատ զգայուն եմ հայոց լեզվի, հայոց եկեղեցու հարցում: Եկեղեցու հետ կապված ամեն բան, որը կարող է վիրավորական կոնտեքստ ունենալ՝ քահանայի, նվիրապետական աթոռի, չի կարող ինձ անտարբեր թողնել, չեմ կարող չվիրավորվել: Ինչի՞ համար եք այս ամենն անում, ի՞նչ է տալիս դա: Բարեկրթություն ասվածը հենց այստեղ պետք է երեւա: Հայ Առաքելական եկեղեցին մեր եկեղեցին չի՞, քահանան, վարդապետը, սրբազան հայրը, Աենայն հայոց կաթողիկոսը…»:
Մեր հարցին, իսկ «Հանրակրթության մասին» օրենքի դրույթները խախտող տնօրենը չպե՞տք է պատասխանատվություն կրի խախտելու համար, պարոն Բլեյանն այսպես արձագանքեց. «Եթե Ազգային ժողովի պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարությունների կամ այլ ժամին կարող է իրեն թույլ տալ վիրավորանքներ,երբ օրենքով իրեն արգելված է, կամ մյուս բան, մի տնօրեն արտահայտվեց կամ չարտահայտվեց… Չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել: Ես խոսեցի զսպվածության մասին, որովհետեւ դա հարգանք է այն հասարակությանը, ում երեխաներին ծառայություն ես մատուցում: Նրանց մեջ կան Հայ Առաքելական եկեղեցու մեծաթիվ հավատացյալներ, դա ին՞չ է բերելու դպրոց, էլ չեմ ասում ուսուցիչների շրջանում»:
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներին, պարոն Բլեյանը նկատեց, որ այդ ամենը մեզնից յուրաքանչյուրիս այնքան վերաբերելի է, որ հասկանում ենք՝ առանց մեզ այդ խնդիրները չեն կարող լուծվել, բայց դրա համար. «Պետք է իմանաս՝ ինչպես մտնել եկեղեցի, ինչպես պատարագի մասնակցես, խորին հարգանք ունենաս քահանայի, եկեղեցու սպասավորի հանդեպ ու քո իրավասությունների շրջանակում բարձրացնես ու լուծես խնդիրներ՝ մինչեւ վերջ պահպանելով հարգանքը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով առաջիկա օրերին Վեհարանի վրա հարձակման արշավին, հանրահավաքին՝ պարոն Բլեյանն ասաց.
-Չի կարող ունենալ նման բան: Սահմանադրությունն արգելում է: Հասարակությունը պետք է օրինական, իրավական դաշտում լինի, մնա: Ես կուզեմ հնարավոր արագ ավարտվի այս խոսակցությունը, որովհետեւ արգելված է: Չեմ կարող մասնակցել այդպիսի բանի: Պետք է կոչ անեմ, որ մինչեւ վերջ մտածեն՝ ինչի համար է դա արվում: Բացի այդ՝ հասարակական կարգի, մարդկանց, կրոնական կազմակերպությունների անվտանգության, արժանապատվության պահպանության համար կան պետական մարմիններ, չէ՞: Եթե հայտարարվում է, պետական մարմինները լսում են չէ՞, պետք է կանխարգելեն ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ