«Էժան PR է։ Ես նման բան չէի անի, ընդհանրապես, կարծում եմ, որ ոչ մի ադեկվատ ու նորմալ մտածող մարդ նման բան չէր անի»,- սա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի բնութագրումն է ՀԷՑ-ու կառավարության նշանակած կառավարիչ՝ Ռոմանոս Պետրոսյանի քայլին։
Երեկ երեկոյան, ուժգին քամիներին զուգահեռ հանրապետությունում, այդ թվում նաեւ մայրաքաղաքում հոսանքի երկարատեւ անջատումներ եղան։ Ուշ երեկոյան, ՀԷՑ-ում կառավարության նշանակած կառավարիչը՝ Ռոմանոս Պետրոսյանը, ֆեյսբուքյան գրառում արեց՝ ՀԷՑ համակարգն անպիտան որակելով․ «Սույնով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում:
Ընկերության Էլեկտրատնտեսության շատ սարքավորումներ սպառել են իրենց օգտագործման ողջ ռեսուրսը և պիտանիության ժամկետները։ Ընկերությունում իսպառ բացակայում են օպերատիվ կառավարման և տեղի ունեցող վթարների առկայության մասին տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ ավտոմատ տելեհաղորդման ժամանակակից միջոցները: Ակնհայտ է, որ այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության եւ/կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքներն զգացվում են արդեն այսօր՝ հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով»։
Դավիթ Ղազինյանը պարզաբանում է՝ ՀԷՑ-ում առկա խնդիրների մասին իրենք միշտ են խոսել, երբեք չեն թաքցրել դրանք․ «650-700 միլիոն դոլար ներդրվել է, բայց մեր այն հայրենակիցների մոտ, ովքեր փոքր աշխատավարձեր են ստանում՝ այդ թվերի հետ համեմատած, կարող է հարց առաջանալ՝ եթե այդքան գումար ներդրվել է, ինչո՞ւ ունենք այս վիճակը։ Ես բացատրել եմ՝ որպեսզի չունենանք այս վիճակը, ամենաքիչը 5-6 անգամ ավել գումար է պետք։ Որպեսզի ունենանք ՀԷՑ-ի 100 տոկոսանոց ինֆրաստրուկտուրա, մոտավորապես 10 միլիարդ է անհրաժեշտ, բայց ես մի քիչ էլ եմ նշաձողն իջեցնում՝ 5-6 անգամ շատ եմ ասում։ Այսինքն, մենք ներդրել ենք 1/5-1/6-ը եւ, բնականաբար, այո, կան ենթակայաններ, գծեր, որոնց չենք հասել, ընդամենը վթարների դեպքում վերանորոգել ենք։ Այսինքն, այս առումով իրենք ճիշտ են։ Բայց նման հայտարարություններով իրենք ապահովագրում են իրենց՝ յուրաքանչյուր վթարի դեպքում, որ ասեն՝ սա էսպես էր, նա էնպես էր։ Մի առիթով ասել եմ՝ եթե վթար լինի, ասելու են՝ Ղազինյանը «պուլտով» տնից անջատո՞ւմ է հոսանքը»։
Կարդացեք նաև
Սարքավորումների անպիտանելիության մասին փաստագրմանն էլ մեր զրուցակիցը հակադարձում է․ «Անգրագիտությունն էլ պիտի չափ ու սահման ունենա․ անպիտան բանն ընդհանրապես չի աշխատում։ Վիճակն այդպես ներկայացնելով չի, իրենք պարզապես իրենց փորձում են ապահովագրել, քանի որ երեկ շատ ուժեղ քամիներ էին։ Հին ավանդույթի համաձայն երեկ ինձ էլ էին զանգահարում՝ ասում ՝ 12 ժամ է հոսանք չունենք․․․ Բայց ոչ ոք ոչինչ չի խոսում, այնպիսի տպավորություն է, որ եթե ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանինն էր հոսանքն անգամ երկու ժամ չպիտի անջատվեր, իսկ երբ Ռոմանոսը կառավարում է, պիտի 12 ժամ անջատվի ու դա օրինաչափություն է։ Կամ, ինչ-որ մի չկայացած դերասան․․․ վա՜յ, շնորհակալ եմ ՀԷՑ-ի նոր ղեկավարությանն, ինձ զանգեցին․․․ Անհարմար է։ Ես իմ մասով բողոքներն անձամբ եմ ուսումնասիրել եւ բազմաթիվ անգամներ, եթե ոչ միշտ, զանգահարել եմ բողոքողին, հեռախոսահամարը միշտ նշվում է, եղել են դեպքեր, երբ բնակչի հետ պայմանավորվել եմ, որ միասին մեր աշխատողին ստուգենք եւ այլն, եւ այլն»։
Ի դեպ, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանն իր միջանկյալ որոշմամբ, որոշակի սահմանափակումներ էր դրել ՀՀ կառավարության առջեւ, այդ թվում նաեւ ՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ Չնայած նրան, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչը ետ չկանչվեց, ավելին, կառավարության նշանակած կառավարիչը շարունակում է ստորաբաժանումների ղեկավարների ազատումները, իսկ ՀՀ արդարադատության նախարարն էլ հայտարարեց, որ կառավարությունը կարող է եւ չի կատարելու արբիտրաժի որոշումը՝ մինչեւ համապատասխան ընթացակարգով ՀՀ առաջին ատյանի դատարանը չհաստատի դրա պարտադիր կատարման ենթակա լինելը։ Ի՞նչ լուծումներ կան այս պարագայում։
Դավիթ Ղազինյանը նկատում է, եթե կառավարության նշանակած ներկայացուցիչը ետ էր կանչվում՝ մնացած հարցերը կանխվում էր։ Այսինքն, այո, կառավարությունն արել էր օրենսդրական փոփոխությունը, բայց կասեցվում էր գործընթացը, մինչեւ դատարանը հասկանար, թե ի՞նչ է կատարվում։
«Կարծում եմ, որ եթե ՀՀ-ն միանում է ինչ-որ միջազգային պայմանագրի կամ կոնվենցիայի, ինչ-որ առանձին երկրի հետ է փաստաթուղթ կնքում, ինչպես Կիպրոսի հետ ունենք ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, պետք է հարգի դրանք։ Յուրաքանչյուր նման համաձայնագիր, պայմանագիր ՀՀ ՍԴ-ի գնահատմամբ է անցնում եւ եթե այն հակասում է երկրի ներքին օրենսդրությանը, տվյալ երկիրն իրավունք չունի դա կնքելու կամ դրան միանալու։ Իսկ արդեն միանալու դեպքում, միջազգային պայմանագիրը, համաձայնագիրը երկրի ներքին օրենսդրությանը գերակա է դառնում։ Հիմա, մենք կնքում ենք այդ պայմանագրերը, մասնակցում ենք Նյու-Յորքի համաձայնագրին ու այդ դեպքում, եթե իրենց՝ հայցի ապահովման միջանկյալ միջոցը մեզ համար ընդունելի չէ, մենք պիտի գանք՝ ՀՀ առաջին ատյանի մի դատավոր որոշի, թե Ստոկհոլմի արբիտրաժը սխալ է արել, լավ, ինչի՞ ենք դրան միանում։ Այսինքն, ի՞նչ ենք ուզում սրանով ասել․ ցույց ենք տալիս, որ միջազգային խաղացող ենք, միջազգային իրավական ընտանիքի անդամ ենք, բայց չե՞նք կատարում որոշումները։ Սրա հետեւանքը Սամվել Կարապետյանը կամ ՀԷՑ-ը չեն կրելու, ոչ էլ իմ ապօրինի ազատումն է լինելու հետեւանքը, սրա հետեւանքները պետությունն է կրելու։ Հայաստանի հանրապետության՝ հերթական անգամ ոչնչացումն է սրա հետեւանքը։ Ստոկհոլմի դատարանը ժամանակին չի մտածել, փոխաբերական իմաստով ասած՝ զորք ուղարկի Հայաստան, եթե չկատարի իր որոշումը։ Գիտե՞ք ինչու չի մտածել, որովհետեւ համարել է, որ պետությունը, եթե իր լավ ու վատը հասկանալով ինքնուրույն գալիս եւ միանում է այդ համաձայնագրին, խելագարության կանխավարկածով չպիտի առաջնորդվել եւ մտածել, որ պետությունը կարող է որոշումները չիրագործել։ Աբսուրդ է»։
Մեր զրուցակցի համոզմունքն ավելի է ամրապնդվում՝ այս գործընթացի միակ նպատակն է՝ Սամվել Կարապետյանից խլել ՀԷՑ-ը՝ անտեսելով պետության միջազգային հեղինակությունը, ոտնահարելով պետության կայացած կառույցները, այդ թվում ԱԺ-ն, ՀԾԿՀ-ը եւ հայտարարելով, որ 7 տարի շարունակ ՀԷՑ-ում կամայական գործողություններ են իրականացվել, նաեւ իրավապահ կառույցներն են զրոյացվում․ «Եթե յոթ տարի ՀԷՑ-ն ինչ ուզել արել է՝ կառավարության վրա լույս է անջատել, մրցույթներ է արել հազարապատիկ մարժայով եւ այլն, իրենք ընդունում են, որ պետություն ուղղակի գոյություն չի ունեցել։ Այսինքն, Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու իրենց նպատակն այնքան բարձր է իրենց համար, որ պատրաստ են ամեն ինչ ոչնչացնել, միայն թե հասնեն իրենց նպատակին»։
Ինչ վերաբերվում է նրան, որ անգամ ստեղծված իրավիճակում ՀԷՑ սեփականատերը պարտավոր է մինչեւ 2034 թվականի ներդրումային ծրագիրն իրականացնել, Դավիթ Ղազինյանն ասում է․ «Ես հումորով եմ սրան վերաբերվում․ լավ է չեն ասել՝ մենք ՀԷՑ-ը պետականացնելու ենք, հետո՝ վաճառենք ուրիշին, բայց միեւնույն է, Սամվել Կարապետյանը պետք է շարունակի ներդրումներ կատարել։ Իսկ եթե ավելի լուրջ՝ անգամ իրավաբան պետք չի լինել՝ հասկանալու համար, որ չի կարող լինել այնպիսի փաստաթուղթ, որ պետականացնում ենք կամ խլում ենք ամեն ինչ, որոշումներ կայացնել մարդը չի կարող, բայց ինքը պետք է վճարի ամենի համար։ Աբսուրդ է։ Նախ, մենք շարունակում էինք բոլոր ծրագրերը, որոնց փոփոխությունները ՀԾԿՀ անգամ չընդունեց։ Բայց շարունակում էինք անել այնքան ժամանակ՝ մինչեւ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները, օրինակ, ես, այնտեղ էի։ Հիմա իրենք կադրային փոփոխություններ են անում։ Իհարկե, կան դեռ ՀԷՑ-ում մնացած մարդիկ, բայց ես առանց փակագծերը բացելու եւ անուններ տալու ուզում եմ ասել, որ նրանք Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները չեն։ Այս պարագայում, փաստորեն, իրենք են որոշելու, թե ներդրումային ծրագրում ի՞նչ առաջնահերթություններ պետք է դրվեն, ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն։ Մի պատկերավոր օրինակ բերեմ․ մինչեւ 2018 թվականը կար պետության սպառազինություններ ձեռք բերման ծրագիր։ 2018-ին եկած իշխանությունը փոխեց այդ ծրագիրը, որոշես «ՍՈՒ 35» գնի՝ առանց մարտագլխիկների։ Հիմա, նույն հաջողությամբ, տվյալ սուբյեկտը, որն իրեն համարում է կառավարիչ, կարող է որոշել, որ այս գիծը չենք անում, մյուսն ենք անում, Սամվել Կարապետյանն էլ դրան դեմ լինի, բայց պետք է վճարի՞։ Չգիտեմ։ Հայտարարություններ անողներն էլ մի քիչ պիտի մտածեն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ