«Առավոտին» են դիմել Ֆուչիկի փողոցի 19 շենքի առաջին մուտքի բնակիչները:
Այդ մուտքի բնակիչ, 10-րդ հարկի բնակիչ Արթուր Գարայանցը նախկինում բնակվում էր Տերյան փողոցի շնքերից մեկում, որը քանդեցին հանրային կարիքների անվան տակ, եւ Տերյան փողոցի այդ շենքից 29 բնակիչների տեղափոխեցին Ֆուչիկի փողոցի նշյալ շենք:
Այդ շենքում վերաբնակվել են նաեւ փախստականներ:
Արթուր Գարայանցն ունի երեք անչափահաս երեխա, եւ ներկայացրեց իրենց շենքի արտակարգ իրավիճակը:
Կարդացեք նաև
«Ֆուչիկի փողոցի 19 շենքի 1-ին մուտքի վերելակն աշխատել է խափանումներով:
Շենքի բնակիչները բազմաթիվ անգամներ իրենց միջոցներով կատարել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հիմնական վերանորոգումները, վերելակի պահպանության համար որեւէ պատասխանատու մարմին գոյություն չունի: Մոտ քսան օր առաջ վերելակը վերջնականապես խափանվեց եւ ԱԻՆ-ի կողմից տրված եզրակացության համաձայն՝ ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային եւ կտրականապես արգելվեց շահագործումը»,-ասաց նա:
Բնակիչներն ահազանգել են վարչական շրջանի ղեկավարությանը, Երեւանի քաղաքապետարան, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չեն ստացել:
Շենքում բնակվում են տարեց մարդիկ, երեխաներ, որոնք զրկված են տեղաշարժվելու իրավունքից: Շենքը 10 հարկանի է, ունի երեք մուտք, 32 բնակարան մեկ մուտքում: Ընդհանուր շենքում առկա է 108 բնակարան:
Տեղեկացանք, որ վարչական շրջանը դիմել է Երեւանի քաղաքապետարանին վերելակի փոխարինման հարցով, սակայն մինչ այսօր որեւէ պատասխան չեն ստացել, որեւէ մեկը չի հետաքրքրվել բնակիչների ճակատագրով, նրանք, ինչպես ասում էին՝ ամբողջովին մատնված են անտերության: Բարձր հարկերում բնակվում են առողջական խնդիրներ ունեցող անձինք եւ վերելակ չլինելու պատճառով չեն կարողանում բնակվել իրենց բնակարաններում եւ ստիպված են օթեւանել այլ վայրերում:
Բնակիչները խնդրում էին լրատվամիջոցի հրատապ աջակցությունը, վերելակի փոխարինման, հիմնավոր փոխարինման կամ վերելակի անխափան շահագործումն ապահովելու համար:
Վերջին անգամ բնակիչներից յուրաքանչյուրից 6000-ական դրամ գումար էին հավաքել, սակայն գումարը հավաքելուց հետո վերելակը կանգնել էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2025