Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնեցման վարույթի պարագայում տուժողի շահերը հաշվի չառնելը, մեղմ ասած, ճիշտ չէ

Հուլիս 28,2025 12:30

Լույս է տեսել «Դատական իշխանություն» ամսագրի այս տարվա երկրորդ համարը, որն ընդգրկում է ապրիլ-հունիս ամիսները: Ամսագրում տեղ են գտել Դավիթ Սարոյանի («Սոցիալ-իրավական պետության կայացման հիմնախնդիրները»), Գագիկ Համբարձումյանի («Իրավահասկացման հիմնական տիպերն իրավունքի ժամանակակից տեսությունում»), Լիլիթ Վարագյանի («Վարչարարությունն ու վարչական վարույթը տեղամասային ընտրական հանձնաժողովներում»),Սիրո Ամիրխանյանի («ՀՀ կենտրոնական բանկը, հիմնարկները եւ որոշ ոչ առեւտրային կազմակերպություններ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ»), Նարինե Առաքելյանի («Կառուցապատման իրավունքի սուբյեկտների հասկացությունը եւ շրջանակը»). Արման Բաբախանյանի («Գողական աշխարհի մասնակիցների եւ դրան առնչվող անձանց դեմ քրեաիրավական պայքարի որոշ հիմնահարցեր»), այլ թվով 12 հեղինակների ուսումնասիրություններն ու հոդվածները:

Ներկայացնում ենք մի հատված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի օգնական ՀԱՅԿՈՒՇ ՀԱՐՈՅԱՆԻ «Համաձայնեցման վարույթի՝ որպես դատաքննության հատուկ կարգի կիրառման հիքն ու պայմանները ՀՀ քրեական դատավարությունում» հետազոտությունից:

«Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը բավարարում է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, (…) եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր եւ գիտակցում է իր միջնորդության բնույթը եւ հետեւանքները: Վերոնշյալ հոդվածից բխում է, որ համաձայնեցման վարույթի կիրառման համար պետք է միաժամանակ առկա լինեն 3 պայմաններ, դրանք են՝

  1. մեղադրյալի համաձայնությունն իրեն մեղսագրվող արարքին,
  2. միջնորդության կամավոր ներկայացումը,
  3. մեղադրյալի՝ իր կողմից ներկայացված միջնորդության բնույթի եւ հետեւանքների գիտակցումը։

Այստեղ այլ հարց է առաջանում։ Եթե մեղադրյալն ինքն է միջնորդություն ներկայացրել առ այն, որ համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, որն է նպատակը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել պայման, ըստ որի՝ մեղադրյալը պետք է համաձայն լինի իրեն մեղսագրվող արարքին։ Այսպես թե այնպես, միջնորդությունը ներկայացնողը հենց մեղադրյալն է։

Ստացվում է, երբ մեղադրյալը միջնորդություն է ներկայացնում, որ ինքը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, դրանից հետո դատարանին օրենքը պահանջ է ներկայացնում՝ միջնորդությունը բավարարել, եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին։ Սա, ըստ էության, համաձայնեցման վարույթի՝ ԱՄՆ-ում գործող համարժեք ինստիտուտի՝ մեղքի ընդունման գործարքի իրավակարգավորումներից վերցված իրավանորմ է, քանի որ ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված է, որ հանրային մեղադրողը դատական վարույթի սկզբում հարց է ուղղում մեղադրյալին՝ արդյոք վերջինը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, թե ոչ։

Որպես այդպիսին՝ վերոնշյալ պայմանը՝ մեղադրյալի համաձայնությունն իրեն առաջադրված մեղադրանքին, որեւէ հակասություն չի առաջացնում եւ որեւէ բաց տեղ չի թողնում։ Պարզապես, այն դեպքում, երբ մեղադրյալը ինքն է ներկայացնում համաձայնեցման վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, ստացվում է, որը ինքն արդեն իսկ տվել է իր համաձայնությունն առաջադրված մեղադրանքի մասով։

Այլ հարց է, որ մեղադրյալը պետք է նշված միջնորդությունը ներկայացնի կամավոր, այսինքն՝ դատավարական կարգով համաձայն լինի իրեն առաջադրված մեղադրանքի հետ եւ այն լինի իր կամարտահայտության արդյունքը։ Սրա հետ կապված էլ գործում է հաջորդ պայմանը՝ միջնորդության կամավոր ներկայացումը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը սահմանում է, որ համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե, առերեւույթ, հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, եւ համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը: Ինչպես տեսնում ենք սույն հոդվածի իրավակարգավորումից, համաձայնեցման վարույթի կիրառման համար տուժողի համաձայնությունը եւս պարտադիր է, բայց միայն այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառած վնասը հատուցված չէ։ Այն ոչ այնքան համաձայնեցման վարույթի կիրառման պայման է, ինչը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի կառուցվածքից եւ բովանդակությունից, որքան բացառող հանգամանք։ Ամեն դեպքում, նշված հանգամանքը կհամարվի պայման, թե բացառող հանգամանք, որեւէ էական փոփոխություն տեղի չի ունենա։ Համաձայնեցման վարույթի կիրառման նախադրյալներից մեկն էլ տուժողի համաձայնությունն է հանցագործությամբ պատճառած վնասը հատուցված չլինելու պարագայում։ Իսկ այն դեպքում, երբ վնասը լրիվ ծավալով հատուցված է, տուժողն արդեն իսկ չի մասնակցում վարութային գործողություններին, այլ այս դեպքում բանակցությունները տեղի են ունենում մեղադրյալի, վերջինի պաշտպանի եւ հանրային մեղադրողի միջեւ։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է նպատակահարմար տուժողի, կարծիքը հաշվի չառնելն այս դեպքում», գտնում ենք, որ կատարված հանցագործության դեպքում տուժողը հանդիսանում է շահագրգիռ անձ։ Ինչ-ինչ դեպքերում նա շահագրգռված է լինում, որպեսզի մեղադրյալը ստանա իր պատիժը, սակայն լինում են դեպքեր, երբ տուժողին մեծ հաշվով չի հետաքրքրում այն։ Բոլոր դեպքերում այն տուժողի սուբյեկտիվ վերաբերմունքն է։

Սակայն որքան էլ տուժողը, որպես քրեական գործով վարույթի մասնավոր անձ, սուբյեկտիվ շահագրգռվածություն ունենա, ոչ մի պարագայում չի նշանակում, որ կարելի է անտեսել նրա շահերը։ Այսպես՝ հանցագործությամբ անձին կարող է պատճառվել ոչ միայն նյութական, այլեւ բարոյական, ֆիզիկական եւ այլ տեսակի վնաս։ Այն դեպքում, երբ պատճառված նյութական վնա սը կարելի է տարբեր եղանակներով հատուցել, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին պատճառվել է, նույնը չի կարելի ասել բարոյական վնասի դեպքում։

Կարելի է ասել, որ որպես պատժի նպատակ, այն է՝ սոցիալական արդարության վերականգնում, համաձայնեցման վարույթի դեպքում պետք է նախատեսել, ի թիվս այլնի, տուժողին պատճառած վնասի պարտադիր հատուցումը։ Ընդ որում, այդ հատուցումը չի սահմանափակվում միայն նյութական փոխհատուցման տեսքով։ Հետեւաբար, համաձայնեցման վարույթի պարագայում տուժողի շահերը հաշվի չառնելը, մեղմ ասած, ճիշտ չէ։

Համեմատության կարգով նշենք, որ, օրինակ, ԱՄՆ-ի օրենսդրությունում տուժողի կարծիքը համաձայնեցման վարույթ կիրառել-չկիրառելու հարցում ընդհանրապես հաշվի չի առնվում։ Մինչդեռ՝ ՌԴ քրեական դատավարության օրենսգիրքն ո­ւղղակիորեն պայման է նախատեսում, որ դատաքննության նշված հատուկ կարգը չի կարող կիրառվել, եթե դրա դեմ առարկում է տուժողը: Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանափակում է համաձայնեցման վարույթի կիրառումը հանրային մեղադրանքով դատալսումների դեպքում։ Այսինքն՝ մի դեպքում, երբ տուժողը հանդես է գալիս որպես մասնավոր մեղադրող, կարող է շահագրգռված լինել այն հանգամանքով, որ մեղադրյալն ստանա իր պատիժը կատարած հանցավոր իրավախախտման համար, մեկ այլ դեպքում՝ ոչ։ Չնայած, որ երկու դեպքում էլ տուժողին կարող է հասցվել ցանկացած տեսակի վնաս։ Ավելացնենք նաեւ այն, որ ՌԴ քրեական դատավարության օրենսգիրքը նման սահմանափակում չի նախատեսում։ Ավելին՝ վերջինի՝ դատաքննության նշված հատուկ կարգի կիրառումը սահմանափակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների շրջանակով։

Նշված պայմանի հետ կապված իրավաբանական գրականության մեջ տարբեր կարծիքներ են հնչեցվել, եւ մեծամասամբ՝ բացասական։ Ընդ որում, բացասական կարծիքներ էլ մեկնաբանվում են՝ պայմանավորված իբրեւ թե մեղադրյալի իրավունքների խախտմամբ:

Գտնում ենք, որ տուժողի շահերն ամեն դեպքում չպետք է անտեսվեն, քանի որ ինչպես պատճառված վնասը, այնպես էլ դրա հատուցումը կարող է լինել տարբեր բնույթի, տեսակի եւ աստիճանի։ Բացի այդ, եթե մրցակցությունը գնում է երկու՝ մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի միջեւ, իսկ համաձայնեցման վարույթը, ինչպես գիտենք, շեղվում է նշված կանոնից, ուստի երկու կողմերի համաձայնությունը, այդ թվում՝ տուժողինը, պետք է պարտադիր լինի։ Հակառակ դեպքում՝ կստացվի մի իրավիճակ, երբ դատաքննության ընդհանուր կարգ կիրառելու պայմաններում, տուժողը, անկախ այն հանգամանքից՝ իրեն պատճառված վնասը հատուցվել է, թե ոչ, կարող է հանդես գալ դատարանում՝ ընդդեմ մեղադրյալի, իսկ դատաքննության հատուկ կարգ կիրառելու դեպքում տուժողը դուրս է մնում նման «հակամարտությունից»: Հետեւաբար, գտնում ենք, որ տուժողի համաձայնությունը համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում բոլոր պարագաներում պետք է լինի պարտադիր։ Վերոշարադրյալի հիման վրա՝ առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասի 5–րդ կետը սահմանել հետեւյալ ձեւակերպմամբ՝ «5. եթե առերեւույթ հիմավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, ինչպես նաեւ համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը»:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031