Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ եւս մի դպրոց վարի տալ ձեր ոչ կոմպետենտ լինելու պատճառով. Գեւորգ Ստեփանյան

Հուլիս 28,2025 11:40

Պուշկինի անվան դպրոցի մանկավարժական կազմն ու ծնողական համայնքն այսօր առավոտյան Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել իրենց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին այլ անձով փոխարինելու որոշումը: Ցուցարարները հայտնում են, որ սեպտեմբերից պատրաստ են բոյկոտել նաեւ դասապրոցեսը, եթե իրենց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքի չվերականգնեն:

-Առանց պատճառի մեր ժամանակավոր պաշտոնակատարին փոփոխության են ենթարկում՝ պատշաճ կերպով նաեւ չծանուցելով: Լրահոսից ենք տեղեկանում, որ կա թեկնածու եւ պետք է գա մեզ մոտ: Որովհետեւ նրա անհրաժեշտությունը դպրոցին խիստ կարեւոր է, որ մենք թերացումներ ունենք, շտկելու կարիք կա: Դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա, որովհետեւ համախմբված կոլեկտիվ է աշխատում ու պատշաճ կատարում ենք մեր պարտականությունները,- ասաց դպրոցի մանկավարժներից մեկը: Նա նկատեց, որ նախկին տնօրենը, որը նաեւ ժամանակավոր պաշտոնակատար էր, աշխատանքից իր ազատման որոշումը վիճարկել է դատարանում ու իրենց համար նաեւ անհասկանալի է, թե ինչու չեն սպասում այդ հարցով լինի դատավճիռ, հետո նոր տնօրենի այլ պաշտոնակատար բերեն:

-Մենք ուզում ենք, որ մեր դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը մնա այնքան ժամանակ, մինչեւ լինի դատարանի վճիռ, մինչ այդ որեւէ պաշտոնակատարի փոփոխություն չարվի,- հավելեց մանկավարժը:

– Ինչ վերաբերում է էս քաղաքապետարանի գործելաոճին, էս «ասեք՝ կանենք»-ի 9 տոկոսանոցները իրենց կարգախոսով 2023-ին Երեւանի փողոցներում խաբում էին քաղաքացիներին, թե ասեք՝ կանենք: Հիմա Տիգրան Ավինյան՝ ՔՊ-ի գլխավորությամբ, ամբողջ կոլեկտիվը, ծնողներն ու երեխաներն ասում են՝ արե՛ք: Թողեք իրենց տնօրենը պաշտոնավարի, որովհետեւ պետք չէ եւս մի դպրոց վարի տալ ձեր ոչ կոմպետենտ լինելու պատճառով – ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ, ՔՊ-ն հավանաբար մտադիր է իրեն հաճո մեկին նշանակել տնօրեն. «Դե ընտրություններին ընդառաջ հերթական քայլն է: Ավինյանի ու ՔՊ-ի համար ուսումը երկրորդական է, որովհետեւ իրենք իրենց վերարտադրության կռիվն են տալիս ամեն տեղ»:

Ցուցարարները ցանկանում են հանդիպում քաղաքապետի կամ փոխքաղաքապետի հետ, սակայն նրանց ընդունելու պատրաստակամություն էր հայտնել միայն կրթության բաժնի պետը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031