«Աէրոֆլոտ»-ում խափանումը հաքերային հարձակման հետևանքով առաջացած լինելու մասին տեղեկատվությունը մտահոգիչ է թվում, տվյալները պետք է պարզաբանվեն. ինչպես հաղորդում է RBC-ի թղթակիցը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանրային տիրույթում մեր կարդացած տեղեկատվությունը բավականին մտահոգիչ է: Հաքերային սպառնալիք կա բնակչությանը ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունների համար», – ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ «գործնական առումով» անհրաժեշտ է կապ հաստատել կառավարության, տրանսպորտի նախարարության և ավիաընկերության հետ՝ հստակեցման համար:
«Մենք կճշգրտենք տեղեկատվությունը և կսպասենք համապատասխան պարզաբանումների», – շեշտել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 28-ի առավոտյան, «Աէրոֆլոտը» հայտնել է իր տեղեկատվական համակարգում խափանման մասին, որը հանգեցրել է Մոսկվայից (և հակառակ ուղղությամբ) դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ, ինչպես նաև Աստանա, Մինսկ և Երևան տասնյակ չվերթների չեղարկմանը։
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև ժամը 12:00-ն իրականացվել է նախատեսված 123 չվերթից 76-ը միայն:
«Շերեմետևո» օդանավակայանը հայտնել է, որ «Ռոսիա» ավիաընկերությունը («Աէրոֆլոտը»-ի դուստր ձեռնարկություն -«Ա») ևս որոշ չվերթներ հետաձգել կամ չեղարկել է։
«Silent Crow» և «Cyberpartisans BY» հաքերային խմբերը հայտարարել են խափանումներում իրենց ներգրավվածության մասին:
Հաքերները պնդում են, որ մեկ տարի գտնվել են «Աէրոֆլոտի» կորպորատիվ ցանցում, ներբեռնել են թռիչքների պատմության տվյալների բազաների ամբողջ զանգվածը և վերահսկողություն են ձեռք բերել աշխատակիցների համակարգիչների նկատմամբ։
Հաղորդվում է, որ «մոտ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվերներ ոչնչացվել են, ստացվել է ավելի քան 20 ՏԲ ծավալի ինֆորմացիա, այդ թվում՝ կորպորատիվ նամակագրություն և ներքին փաստաթղթեր»:
ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատել է հաքերային հարձակման փաստը և հայտարարել քրեական գործի հարուցման մասին Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն (համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտք):