Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի բացառել կոռուպցիոն ռիսկերը․ ինչո՞ւ է իշխանությունը շահագրգռված, որ արցախցիներն անպայման օգտվեն բնակապահովման ծրագրից»․ Գագիկ Ավանեսյան

Հուլիս 28,2025 16:39

«Երբ իշխանություններն ասում են՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականացվում է բյուջեի միջոցներով, դա իրականությանը չի համապատասխանում, բյուջեն այդքան փող չունի, պարտք են վերցնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը։

Խորհուրդը հաշվարկներ է արել, թե որքա՞ն տոկոսադրույք պետք է վճարի կառավարությունը 10 տարվա կտրվածքով արցախցի մեկ ընտանիքին բնակարանով ապահովելու համար եւ որքան գումար է անհրաժեշտ, եթե մեկ ընտանիքին 10 տարվա ընթացքում հատկացվի 40 հազարական դրամ աջակցությունը, որը արցախցիների բնակվարձի ծրագիրն է։

Գագիկ Ավանեսյան

«Եթե 5 հոգանոց մեծ ընտանիքին 20 մլն դրամ փող է հասնում տուն գնելու համար, եթե կառավարությունն այդ գումարը պարտք է վերցնում բանկից՝ տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, պարզվում է, որ բյուջեից այդ ընտանիքի համար բանկին տարեկան տալու են 2 մլն 600 հազար դրամ միայն տոկոս։ Պլյուս կառավարությունը պետք է այդ պարտքը փակի։ Իսկ եթե ամսական 40 հազար դրամներն է տալիս 5 հոգանոց ընտանիքին, տարեկան ստացվում է 2 մլն 400 հազար դրամ գումար՝ 200 հազարով ավելի պակաս։ Եվ քանի որ բնակապահովման ծրագիրը հաշվարկված է 10 տարվա համար, որը ես վստահ եմ, որ էլի են երկարացնելու, որովհետեւ չեն կարողանալու այդ փողերը տալ, 10 տարվա կտրվածքով 26 մլն դրամ միային մեկ ընտանիքի հաշվով բանկին տոկոս են տալու։ 10 տարվա ընթացքում, եթե նույն ընտանիքին 40 հազարական դրամ աջակցության գումարները տան, կազմելու է 24 մլն դրամ, այսինքն՝ 2 մլն-ով պակաս»,- ասաց Ավանեսյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները պարզ հարց են հնչեցնում՝ ինչո՞ւ են այս իշխանություններն անպայման ստիպում, որպեսզի արցախցիներն օգտվեն բնակապահովման ծրագրից, եթե այն ավելի թանկ է լինում, քան 40 հազարական աջակցության ծրագիրը։ «Ինչո՞ւմ է իշխանության շահագրգռվածությունը, որ անպայման ստիպում են, որ այդ ծրագրից օգտվեն, եթե բյուջեն վնաս է կրում միանշանակ։ Այսինքն՝ այստեղ չի կարելի բացառել նաեւ կոռուպցիոն ռիսկերը, անձնական շահագրգռվածությունը»,- ասաց Ավանեսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031