«Իրենք հոգի չունեն, որ տան։ Հոգին տալուց վախենում է այն մարդը, որը հոգի ունի։ Ոչ թե վախենում է հոգին տալուց, այլ պատրաստվում է դրան։ Իսկ ով հոգի չունի, իր համար մեկ չէ՞՝ հոգին ով կվերցնի․ Աստծո մոտ է գնալու, թե սատանայի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, երբ նրան հիշեցրինք այն, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի՝ հակաեկեղեցական հայտարարություններ անող ՔՊ-ական պատգամավոր-կնքահորը փոխել առաջարկելու առիթով Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշել էր, որ հավատավոր մարդը՝ անհավատից տարբերվում է նրանով, որ ունի կարմիր գծեր և ունակ է ժամանակին կանգ առնել ու նաև շեշտել․ «Ընդհանրապես ամեն մարդ պիտի հիշի, որ ինքը անմահ չէ, մի օր հոգի ունի տալու։ Եվ պիտի հասկանան, որ այնպես պիտի անեն, որ անկնունք, անպսակ և անթաղ չմնան»։
Մեր հարցին՝ այսինքն՝ Ձեր կարծիքով իշխող ուժի այն ներկայացուցիչները, որոնք գործողություններ են ծավալում հոգևորականների նկատմամբ, հոգի չունե՞ն, Դավիթ Ամալյանն ի պատասխան շեշտեց․ «Սկսեմ այնտեղից, որ երբեք թույլ չեմ տա ինձ իմ կարծիքը համարել իդեալական, և դա բոլորին չի վերաբերում, որովհետև մարդիկ կլինեն, որ իրենց ներքին համոզմունքով ուրիշ սկզբունք ունեն, բայց հիմա սրա-նրա աչքը մտնելու համար այլ բան են խաղում։ Սա էլ չեմ ընդունում, բայց ամեն դեպքում բոլորին չի վերաբերում խոսքս։ Իսկ ինչ վերաբերում է այդ երևույթին, չուզելով բոլորին վիրավորել՝ ամեն դեպքում ստիպված եմ այդպես ասել, քանի որ այն ժամանակ, երբ որոշեցին, որ պետք է գան իշխանության չորրորդ դասարանի կրթության չափորոշիչներով, իրենք զիլինայից բացի մշակութային ոչինչ չեն հասկանում, երբ իրենք նոր անցել էին, ինչ-որ պար էին հրապարակել, որ ՔՊ-ով պարում էին, դա ոչ միան ծիծաղելի էր, այլև վախենալու։ Իրենք հանդեսից այն կողմ մշակույթ չեն հասկանում, իսկ եթե իրենց մշակույթն ընդամենը մանկապարտեզային մակարդակի է, այդ մարդկանց չես կարող բան ասել, որ ինքը Աստծո խոսք լսի, Նարեկացի հասկանա։ Մեծ բան ենք պահանջում փոքր մարդկանցից։ Իրենց վերաբերմունքն ինձ երբեք չի զարմացնում այս հարցում»։
Դավիթ Ամալյանը մեզ հետ զրույցում կանխատեսեց՝ այն, ինչ ասում է, դրանից հետո շատ մարդիկ իրեն հայհոյելու են ու նշեց․ «Այդ հայհոյողներին դիմեմ, որ որևէ օր մի առիթ կլինի, հանդիպելու ենք դեմ առ դեմ։ Ես ի տարբերություն իրենց, գրավոր չեմ հայհոյում։ Աստված առաջ, ի վերջո պիտի այդ ամենը մեր երկրից մաքրվի»։ Դավիթ Ամալյանն ասաց՝ չգիտի՝ երբ կլինի դա, քանի որ քաղաքական գործիչ չէ, բայց այդ ամենը պիտի լինի, քանի որ այլընտրանք չունենք․ «Ես ենթագիտակցաբար լույսի եմ սպասում եմ։ Հուսանք՝ այդ լույսը շուտ կգա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ