Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։
Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել են GCF-ի կողմից առաջարկվող ֆինանսական, տեխնիկական և փորձագիտական աջակցության գործիքակազմին։ Քննարկվել են այն ուղղությունները, որոնցում հնարավոր է առավել արդյունավետ արդյունքների հասնել համատեղ ջանքերով՝ հատկապես՝ ազգային կլիմայական քաղաքականության իրականացման, բնապահպանական ծրագրերի իրագործման և կայուն զարգացման համատեքստում։ GCF-ի պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք հաջողված ծրագրեր, որոնք իրականացվել են այլ երկրներում և կարող են օրինակ ծառայել նաև Հայաստանի համար։
Կարդացեք նաև
Հանդիպման առանցքային թեմաներից էր 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի կազմակերպումը։
Նախարարը գործընկերներին ներկայացրել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու մոտեցումները համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Քննարկվել են օրակարգային հնարավոր ուղղությունները, կազմակերպչական հարցերը, ինչպես նաև GCF-ի ներգրավման հնարավորությունները՝ փորձագիտական աջակցություն, ծրագրային համագործակցություն և կազմակերպչական որոշ բաղադրիչների համաֆինանսավորում։
Նախարար Մաթևոսյանը նշել է, որ COP17-ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հարթակում հանդես գալու որպես պատասխանատու, հեռանկարային և համագործակցող գործընկեր։ Համաժողովը դիտարկվում է նաև որպես կարևոր հարթակ՝ գլոբալ փորձն ու ռեսուրսները համախմբելու՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգերի դիմակայունության և կլիմայական մարտահրավերների արդյունավետ հաղթահարման։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու խորացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով համատեղ զարգացնել նախաձեռնություններ, խթանել նոր ծրագրեր և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային բնապահպանական գործընկերային ցանցում։
Շրջակա միջավայրի նախարարություն