Լրահոս
Օրվա լրահոսը

Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմե՞ն

Հուլիս 28,2025 23:30

Պողոս Պողոսյանի մարմնի արտաշիրիմումը լույս կսփռի մի շարք հարցերի: Այսօր Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ դատաքննության ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազը:

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր «Առագաստ» սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանություն է սկսել:

2001 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել։ Տարիներ անց Դատախազությանն ուղարկված դիմումով Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչները նոր հանգամանքներ են ներկայացրել:

Մեղադրող դատախազը միջնորդեց արտաշիրիմում՝ ասելով, որ այդ գործողության կատարման համար անհրաժեշտ է ստանալ Պողոսյանի մերձավոր հարազատների համաձայնությունը. «Այն ելակետային տվյալները, որոնք օգտագործվել են նախնական դատաբժշկական փորձաքննության եզրակացության տրամադրման համար, եղել են դեպքի վայրում դիակի զննությամբ արձանագրված վնասվածքները, հետագայում համապատասխան հաստատություն տեղափոխվելուց հետո դիակի արտաքին եւ ներքին օրգանների զննության արձանագրությունները:

Այդ տվյալների զննությունը չի համապատասխանում մի շարք ցուցմունքների: Արտաշիրիմամբ մենք կարող ենք ունենալ էականորեն տարբերվող այլ պատկեր: Հնարավոր է՝ հայտնաբերվեն ոսկրային կոտրվածքներ, քանի որ վկայի նախնական նամակ-դիմումում խոսք է գնում նաեւ հարվածներ հասցնելու մասին»:

Մեղադրողի խոսքով՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ կապված եւս մի շարք հարցեր են առկա՝ հաշվի առնելով, որ այդ հասակի ու մարմնակազմության մարդը չէր կարող այդ փոքր տարածքում այդպիսի դիրքով ընկնել ու չէր կարող այդ վնասվածքն առաջանալ սեփական հասակից վայր ընկնելու հետեւանքով: Մանավանդ, որ այդ տեղանքում բացի տուժողից եղել են այլ անձինք: Նա միջնորդեց նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ դրա կատարմամբ փորձագետներին առաջադրել մի շարք հարցեր վնասվածքների ու մահվան պատճառահետեւանքային կապի վերաբերյալ:

Տուժողի ներկայացուցիչն ասաց, որ վստահորդի հետ խոսել է, նրանք հոգեբանորեն պատրաստ չեն, հենց սկզբից հակադրվել են այդ մտքին:

Ըստ նրա՝ գյուղում շատ բաներ են պատմում Պողոս Պողոսյանի ստացած վնասվածքների մասին, որոնք քրեական գործում չկան. «Պատմում էին՝ Պողոսյանի դեմքի ու պարանոցի վրա ինչ հետքեր են եղել: Բայց չունեմ վստահորդիս համաձայնությունը արտաշիրիմման հարցում»: Փաստաբանը միաժամանակ խոստացավ գնալ Ջավախք ու փորձել վստահորդին համոզել այդ հարցում, ապա միջնորդեց փորձաքննություն իրականացրած Շավարշ Գեւորգյանին հարցաքննել:

Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպանը արտաշիրիմման վերաբերյալ միջնորդությունը չառարկեց, ասաց դա թողնում է տուժողի ցանկությանն ու դատարանի հայեցողությանը:

Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշեց իրազեկել տուժող կողմին, երբ որ կստանան նրանց պատասխանը, ըստ այդմ դատարանը կփորձի լուծում տալ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031