«Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը կամ ինչո՞ւ ես արհամարհում քո եղբորը, քանի որ ամենքս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև»։ Հռոմ. 14։10
Եթե պարզ ձևակերպենք, մեղք է համարվում այն, ինչ Տերը մեզ ասում է՝ Մի արեք: «Մի գողացիր», «մի սպանիր», «մի ստիր», «մի դատիր» …
«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք»։ Պարզ՝ սևով սպիտակի վրա գրված է՝ մի դատիր, դատաստանն Աստծունն է: Երեք տեսակի դատաստան կարող է լինել՝ անողոք, արդար և ողորմած: Ի՞նչ դատ ենք ուզում, որ Տերը անի մեզ համար՝ դատի անողոքաբա՞ր, արդա՞ր, թե՞ ողորմածորեն: Քրիստոնյա հավատացյալի համար այս խոսքերը պարզապես բանաստեղծություն չեն, այլ պիտի որ դառնան խորհելու լուրջ առիթ:
Հաճախ ասում ենք. «Սա դատել չէ, սա ճիշտը երեսին ասել է»: Այսինքն որոշում ենք, թե դիմացինը ինչ պատժի պիտի արժանանա: «Իսկ ի՞նչ անեմ, տեսել եմ, որ նա սխալ է անում, չքարկոծե՞մ, կյանքը չփչացնե՞մ, չէ՞ որ այնպես, ինչպես վարվում եմ, արդար է: Դա դատել չէ»: Բայց արդյո՞ք այս արդարությունը Աստծո արդարությունն է, թե՞ մեր չափած չափը։
Կարդացեք նաև
Այսօր անօրինության շատանալուց սերն այնպես է ցամաքել, որ եթե հիմա մեր սիրելի սրբերն էլ հրաշքով մեր առջև հայտնվեն, մենք մեր պատկերացումներով կսկսենք դատել նրանց, համեմատել, մեկին մեղավոր կարգել, մյուսին՝ սուրբ։ Իսկ Տեր Հիսուս Քրիստոսը, եթե գա փառքով և կրկնի իր խոսքերը՝ մեզ հայտնի Ավետարանական ճշմարտությունները, գուցե Նրան էլ չընդունենք, գուցե բողոքենք՝ ասելով. «Նրա խոսքը խիստ է, մենք «մեր Աստվածն ունենք» մեր ներսում, Սա մեզ հարմար չի»։
Սա է ժամանակակից մարդուն սպառնացող վախճանը՝ քրիստոնեություն առանց Քրիստոսի։ Տերը «խանգարում» է շատերին՝ լինել իրենց իսկ հորինած քրիստոնյան: Եվ Տերն օրեցօր ավելի հաճախ է վշտանալու պատճառներ ունենում: Աստծո խոսքը միանշանակ է․ կդատվես այն դատաստանով, որով դատում ես։ Կարծում ենք՝ արդա՞ր ենք դատում։ Շատ լավ։
Բայց պատրա՞ստ ենք արդյոք ընդունել նույն արդար դատաստանը Աստծուց։ Չէ՞ որ եթե Աստված չդրսևորի ողորմություն, ապա հավիտենական դատաստանի հրապարակում կխայտառակվենք, ամոթահար կմնանք, երբ Տերը բոլորի առջև թվարկի մեր բոլոր մեղքերը, որոնք այս կյանքում կարողացել ենք քողարկել։ Գրված է. «Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա» (Ղուկաս 8։17)։
Մեծամիտ ենք այնքան, որ Աստծու արդարությունը մեզ նվեր է թվում: Որովհետև նայելու միայն մեկ ուղղություն ենք վերցրել՝ դեպի ուրիշ մարդը, ուրիշի սխալը, ուրիշի սայթաքումը, ուրիշի մեղքը… Իսկ դեպի մեր ներսը, ինքներս մեզ քննելու և ճանաչելու ուղին դեռ հարցուփորձով պիտի գտնենք:
Եթե իսկապես անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա կընդունենք, որ Տիրոջ արդարությունն իրականում ոչ թե վարձատրություն է լինելու, այլ ամոթանք: Մենք ողորմության կարիք ունենք: Եվ եթե, այդուհանդերձ, որոշել ենք դատավոր դառնալ ուրիշի կյանքում, ուրեմն ելակետ պիտի ունենանք մարդկային կարեկցանքը, գութը և ողորմությունը: Որովհետև անխուսափելիորեն հանդիպելու ենք միակ Ճշմարիտ և հավիտենական Դատավորին, որից ինքներս էլ ակնկալում և հայցում ենք գութ, կարեկցանք և ողորմություն:
Տերն Իր Խոսքով մեզ բանալիներ է տալիս՝ դռներ բացելու համար։ Որ դուռն ինքներս բացենք, նույնով էլ ներս կմտնենք։ Ու եթե հետո զարմանանք՝ «ինչու՞ այս դուռը», պիտի հիշենք՝ հենց մենք ենք ընտրել այդ ճանապարհը։
Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան
Մասյացոտնի թեմի Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ