Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Ստեփանյան. «Երեւանում մոտ 100 դպրոց կա, որտեղ տնօրենները պաշտոնակատար են: Այդպես մահակը պահում են ձեռքում, որպեսզի ընտրությունների ժամանակ տնօրենները եթե ՔՊ-ին ձայն չտան, այդ մահակն օգտագործեն»

Հուլիս 28,2025 23:50

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը «Հայելի» ակումբում խոսեց տարբեր ոլորտներում մայրաքաղաքում առկա խնդիրների մասին:

«Քաղաքապետարանի դիմաց Պուշկինի դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հերթական բողոքի ակցիան էր: Նրանց միացել էին նաեւ ծնողները եւ երեխաները: Երկու-երեք ամիս առաջ էլի բողոքի ակցիա էր  դպրոցի դիմաց: Ամբողջ ուսուցչական կազմը՝ ծնողներով ու երեխաներով, իրենց ձայնն էին բարձրացնում, որ Տիգրան Ավինյանի թեթեւ ձեռքով որոշել էին ազատվել տնօրենից եւ իրենց սրտի տնօրենին բերեին, ներկայացնեին: Երկու ամիս առաջ այդ բողոքի ակցիայի ժամանակ եկել էին համաձայնության, որ ընդառաջ կգնան ծնողներին եւ ուսուցչական կազմին ու պաշտոնակատար կնշանակեն հենց դպրոցի կոլեկտիվից: Խաբել էին: Երեկ եւ առաջին օրը ուսուցիչները եւ ծնողները լրատվամիջոցներից տեղեկացել էին, որ պաշտոնակատար բերում են Վանաձորից կրթության ինչ-որ մասնագետի:

Ինձ տեղեկություններ են հասել, որ այդ նորանշանակ պաշտոնակատարը Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի շատ մտերիմ, հարազատ, այսպես ասենք, բարեկամն է: Եվ նրա ու փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի  թեթեւ ձեռքով ուզում են Վանաձորի այդ բնակչին Երեւանի սրտում գործող Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակել: Դասապրոցեսն սկսվելուն մնում է մեկ ամիս, ու դեմ են գնալու պուշկինցիներին, բերելու են նշանակեն ու նույն քաոսն են ստեղծելու: Դպրոցի ուսուցչական կազմն ու ծնողները միահամուռ հայտարարում են, որ սեպտեմբերի 1–ից երեխաներին չեն տանի դպրոց, իսկ ուսուցիչներն էլ չեն ներկայանա աշխատանքի»:

Գեւորգ Ստեփանյանը մտահոգություն հայտնեց, որ իշխանությունն իր լծակները կարող է օգտագործել եւ պառակտում մտցնել դպրոցում: Նա ասում է, որ այս ամեն ինչի հետեւում կանգնած է քաղաքականությունը:

«Պատրաստվում են համապետական ընտրություններին: Երեւանում ընտրությունների կազմակերպումը վստահված է Տիգրան Ավինյանին, որը գիտի, թե ՔՊ-ն ինչ կարգի մերժված է Երեւանում: Հետեւաբար, լծակները պետք է օգտագործեն, որ կարողանան ձայն հավաքել: Այսօր Երեւան քաղաքում 100–ին մոտ դպրոց կա, որտեղ տնօրենները պաշտոնակատար են եւ նշանակված չեն: Այդպես մահակը պահում են իրենց ձեռքում, որպեսզի ընտրությունների ժամանակ տնօրենները եթե ՔՊ-ին ձայն չտան, այդ մահակն օգտագործեն»,-ասաց ավագանու անդամը:

Գեւորգ  Ստեփանյանը ներկայացրեց նաեւ գործակարգավարական վերջին նիստի թեմաները: «Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի քավորությամբ, որը թանկացումների եւ տուգանքների հեղինակն է, նախաձեռնում են երեւանցիների վճարած հարկերով  հսկիչներ ընդունել, սովորեցնել, թե ոնց պետք է ձեզ տուգանել, նրա համար, որ դուք չեք վճարում այն տրանսպորտի համար, որին շարունակում եք սպասել ժամերով, երթեւեկում իրար շալակ բարձրացած, առանց օդորակիչների, որ վարորդները չեն միացնում գազ խնայելու համար: Իսկ սեպտեմբերի 1-ից քաղաքում իսկական քաոս եւ խցանումներ են սկսվելու: Ու մի հատ բյուջեից հսկիչներին սովորեցնելու համար են գումար դուրս գրելու, աշխատավարձ են տալու: Եւ դա արվելու է աղբահանության, գույքահարկի, կարմիր գծերի, տեղական տուրքերի, տեսախցիկների թանկացումներից ստացվող գումարների հաշվին: Այսինքն, երեւանցիներից ավելի շատ գումար են հավաքում հենց նրանց էլ ավելի շատ տուգանելու համար»:

Գեւորգ Ստեփանյանը անդրադարձավ նաեւ աղբահանության, ջրամատակարարման ու ջրահեռացման,  խայտառակ վիճակին, նշեց, որ ՀԷՑ-ի խնդիրները նոր են սկսվում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031