Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության աճը 2025 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն դանդաղել է 6,3 %-ով, ինչը նկատելի անկում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի 10,4 % աճի համեմատ: Այս միտումը, որը վկայում է տնտեսական դինամիկայի թուլացման մասին, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առավել ակնառու են արդյունաբերության հատվածի կտրուկ անկումը, արտաքին առևտրաշրջանառության կրճատումը և առանձին ոլորտների աճի տեմպերի դանդաղումը: Սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները, շինարարությունը և գյուղատնտեսությունը, դրսևորել են դրական դինամիկա՝ մեղմելով ընդհանուր անկման ազդեցությունը: Այնուամենայնիվ, որևէ հիմք չկա մտածելու, որ տնտեսության այս հատվածների աճը կշարունակվի պահպանվել։
2025 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության հատվածի կտրուկ անկմամբ: Եթե 2024 թվականի առաջին կիսամյակում այս հատվածը գրանցել էր 18,2 % աճ, ապա 2025 թվականին այն անկում է ապրել 12,1 %-ով, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է։ Այս անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով:
Նախ՝ 2024 թվականի բարձր աճը մեծապես պայմանավորված էր արտաքին պահանջարկի ժամանակավոր աճով, մասնավորապես որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ թանկարժեք մետաղների և հանքանյութերի վերաարտահանման բարձր ծավալներով: Սակայն 2025 թվականին համաշխարհային շուկաներում այդ ապրանքների գների անկայունությունը և պահանջարկի նվազումը, ինչպես նաև վերաարտահանման պատուհանների փակվելը հանգեցրին արդյունաբերական արտադրության ծավալների կրճատմանը: Բացի այդ, ներքին արտադրական կարողությունների սահմանափակումները, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների բարձր ծախսերը և տեխնոլոգիական հետամնացությունը, նույնպես բացասաբար են ազդել արդյունաբերության վրա: Այս ամենը խորացվել է արտաքին առևտրի կտրուկ անկմամբ, ինչը սահմանափակել է արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակությունը միջազգային շուկաներում:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում