Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը չի կիսում Նեթանյահուի տեսակետը, թե Գազայում սով չկա

Հուլիս 29,2025 10:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ժխտում, որ Գազայում մարդիկ սովի են մատնված։ Այսպիսով՝ Թրամփը հակասել է իր մտերիմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը պնդել է, թե Գազայում մարդիկ սովից չեն մահանում։

«Դատելով հեռուստատեսությամբ հեռարձակվող կադրերից՝ ես այդքան էլ համաձայն չեմ։ Այդ երեխաները շատ քաղցած տեսք ունեն», – հայտարարել է ԱՄՆ նախագահը Շոտլանդիայի իր մասնավոր կալվածքում Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

 

 

Կհիմնվեն սննդի կենտրոններ

 

«Մենք սննդի կենտրոններ ենք հիմնելու (Գազայի հատվածում – Ա․Ա․)։ Դա անելու ենք շատ լավ մարդկանց հետ համակարգված», – տեղեկացրել է նախագահը։

Ըստ Թրամփի՝ ամերիկյան այս նախաձեռնությանը կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիան եւ բոլոր եվրոպական երկրները։

 

Համատեքստ

 

Իսրայելի կողմից պաշարված Գազայում 147 մարդ է սովամահ եղել, նրանցից 88-ը՝ երեխա։ Երկու միլիոն բնակիչների համար գործում է սննդի բաշխման ընդամենը չորս կետ, որը, բնականաբար, չի բավարարում բնակչության կարիքները։

Բրնձի, ոսպի, լոբու, մակարոնեղենի, հացի համար անծայրածիր հերթերում սպասելիս մարդիկ թիրախավորվում են ՑԱԽԱԼ-ի կողմից։ Հերթերում Իսրայելի կրակից զոհերի թիվը հատում է հազարը։ Հուլիսի 16-ին 21 պաղեստինցի զոհվել է հերթերում հրմշտոցից։

 

«Բիբիին ասել եմ, որ․․․»․ Թրամփ

 

Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ «Ես Իսրայելին, Բիբիին ասել եմ, որ միգուցե գործողություններն այլ կերպ պետք է իրականացնել»՝ ուղիղ պատասխան չտալով լրագրողի հարցին՝ Իսրայելը որեւէ բան արե՞լ է՝ Գազայի քաղաքացիական բնակչությանը չվնասելու համար։

Լրագրողի հարցին՝ վարչապետ Նեթանյահուի հետ հաջորդ զրույցի ժամանակ ի՞նչ կքննարկի, նախագահ Թրամփը պատասխանել է՝ Նեթանյահուն պետք է չարգելափակի մարդասիրական օգնության մուտքը Գազա։

«Մենք գումար եւ սնունդ ենք հատկացնում․․․նա պետք է հետեւի, որ սնունդը տեղ հասնի։ Ես ցանկանում եմ, որ նրանք ստանան մեր հատկացրած սննդի ամեն ունցիան, որովհետեւ այդ սնունդը տեղ չի հասնում, համենայնդեպս՝ դրա ամբողջ մասը տեղ չի հասնում», – ընդգծել է Դոնալդ Թրամփը։

 

«Պատկերները սարսափելի են»․ Ստարմեր

 

Վարչապետ Քիր Ստարմերն էլ իր հերթին նշել է՝ Գազայում կատարվողը «բացարձակապես անհանդուրժելի է»։

«Ես խոսում եմ բրիտանական հանրության եւ անձամբ իմ անունից։ Հատկապես սովահար երեխաների պատկերները զարհուրելի են․․․Մարդասիրական ծավալուն օգնությունը պետք է շտապ մատակարարվի։ Բեռնատար մեքենաների մուտքը պետք է արտոնվի», – շեշտել է բրիտանացի առաջնորդը։

Մարդասիրական աղետի հանգուցալուծման համատեքստում Քիր Ստարմերն անհրաժեշտ է համարել նաեւ ճնշումն Իսրայելի նկատմամբ։

 

ՀԱՄԱՍ-ը պատանդներին ընկալում է որպես պաշտպանության միջոց

 

Դաշնակից երկու պետությունների նախագահն ու վարչապետը ուշադրություն են հրավիրել նաեւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված մնացյալ 20 իսրայելցիների խնդրին։ Թրամփը շեշտել է՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին ընկալում է որպես կենդանի վահան։ Նրա համոզմամբ՝ պատանդների վերադարձի ապահովման «հզոր միջոցներ» կան, բայց «բանակցությունների միջոցով հարցի լուծումը ամենաբանական տարբերակն է»։

Վերահաստատելով Գազայում ստեղծված իրավիճակի անհանդուրժելի բնույթը՝ վարչապետ Ստարմերը միեւնույն ժամանակ ասել է․ «Պատանդները պետք է ազատ արձակվեն։ Նրանք չափազանց երկար են պահվել։ Սա է մեկնարկային կետը»։

 

 

Համատեքստ

 

«Գազայի ժողովրդի մեծամասնության համար գլխավոր, եւ հաճախ միակ, նպատակը ողջ մնալն է՝ մի կտոր հաց կամ մի ումպ մաքուր ջուր ճարելն է, հրետակոծության ժամանակ կենդանի մնալն է», – «Առավոտին» ասել էր պաղեստինցի ֆոտոլրագրող Ռամեզ Հաբբուբը։

Թեեւ միջազգային հանրության ուշադրությունը Գազայում Իսրայելի ագրեսիայի նկատմամբ աճել է, առաջնորդները ակնհայտորեն խուսափում են իրավապաշտպան զանազան կազմակերպությունների հրեական պետության գործողությունները բնութագրելու համար կիրառվող «ցեղասպանություն» եզրույթից։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Լուսանկարը՝ Ռամեզ Հաբբուբի ինստագրամյան օգտահաշվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031