Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգրագիտություն է վերցնել տնտեսական ցուցանիշների մեկ ամիսը ու համեմատել մեկ ամսվա հետ»․ ինչո՞ւ է շեշտակի նվազել Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը

Հուլիս 29,2025 10:44

Կառավարությունը, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությանը, հայտնել էր,  որ Հայաստանում այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմում է 86%։ Կառավարությունը նաեւ հայտնել էր, որ 2025թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 16.6%-ով. արտահանումը նվազել է 15.9%-ով, իսկ ներմուծումը՝ 17.1%-ով: Այս հաղորդագրության մեջ տեղ գտած ցուցանիշներով Ֆեյսբուքի իր էջում կիսվել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության հաղորդագրության մեջ տեղեկություն չկա հունվար-հունիսի վիճակագրության մասին, այնինչ, հայտնի փաստ է, որ տնտեսության վիճակի մասին իրական պատկեր ստանալու համար պետք է համեմատել ոչ թե այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ, այլ այս տարվա հունվար-հունիսը նախորդ տարվա հունվար-հունիսի հետ։ Իսկ այս տարվա հունվար-հունիսին, այսինքն՝ առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 45%-ով։ Այդ թվում՝ արտահանման ծավալները նվազել են 528, իսկ ներմուծման ծավալները՝ 386%-ով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիսին կազմել է 63%։

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ տնտեսության աճի ցուցանիշները ներկայացնելու հարցում իշխանությունները փոքրիկ մանիպուլյացիաներ են անում արդեն, քանի որ էլ մեծ մանիպուլյացիաներ չեն կարողանում անել։ «Այնքան է վիճակը օբյեկտիվորեն վատանում, որ դժվարանում են գոնե մեկ-երկու ցուցանիշ գրագետ համեմատել։ Անգրագիտություն է վերցնել մեկ ամիսը ու համեմատել նախորդ տարվա մեկ ամսվա հետ, այն դեպքում, երբ տարվա ուղիղ կեսի ցուցանիշը կա։ Սա անգրագիտություն է տնտեսագիտական իմաստով, քաղաքագիտական իմաստով սա չստացված փնթի մանիպուլյացիա է։ Իրականում այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե կիսվել է, դա է փաստը։ Եվ այսպես շարունակվելու պարագայում նույնիսկ իրենք դրած ցուցանիշը, որ 5% տնտեսական աճ կունենանք տարվա արդյունքներով, դա իրականում ռիսկային է։ Իսկ այդ 5%-ի մեջ առյուծի բաժինը նորից շարունակում է մնալ արտաքին գործոնի՝ դեռեւս շարունակվող իներցիան։ Արտաքին գործոնով պայմանավորված՝ մենք անցած տարի երկնիշին մոտ տնտեսական աճ ենք ունեցել, հիմա առաջին կիսամյակում դա ինչ-որ չափով պահպանվում է, գնալով թուլանում է, բայց ամբողջությամբ դեռ չի մարել»,- նշեց նա։

Ինչո՞ւ է 45%-ով նվազել Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը

Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ մի քանի գործոններ են ազդում արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշի վրա։ «Ցավոք սրտի, իմ կանխատեսած բացասական երեւույթները դարձան իրողություն։ Այնպես չէ, որ սա պատահական ստացվեց կամ արհեստական գործընթացի հետեւանք է։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի բարձր տնտեսական աճի հիմքերից մեկը մեր արտահանման, ավելի կոնկրետ՝ վերաարտահանման թռիչքաձեւ աճն էր դեպի Ռուսաստան։ Այսինքն՝ տարբեր երկրներից բերում էինք ապրանքներ եւ, օգտվելով պատժամիջոցների առկայությունից, վերաարտահանում դեպի Ռուսաստան։ Նաեւ ռուսական ապրանքները Հայաստանի միջոցով վերաարտահանվում էին այլ երկրներ, օրինակ, նախորդ տարվա ոսկու ֆենոմենը, որի մասին շատ ենք խոսել, որ ռուսական ոսկին ԱՄԷ էր վերաարտահանվում, ինչը մեր արտահանման մեջ շեշտակի տեսակարար կշիռ ուներ։ Այս կարճաժամկետ արտաքին աճի գործոնները չկապիտալացվեցին։ Մենք բազմիցս ասում էինք, որ այսպես երկար շարունակվել չի կարող, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որ մեր իրական արտահանման ներուժն ավելանա եւ նաեւ օտարերկրյա ներդրումներն ավելանան»,- ասաց նա։

Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ դա տեղի չունեցավ, հակառակը տեղի ունեցավ՝ օտարերկրյա կապիտալը Հայաստանից «փախնում» է։ Օրինակ՝ 2024 թվականին մի քանի հարյուր միլիոն դոլար ավելի շատ օտարերկրյա ներդրումներ գնացել են, քան եկել են։ Զուտ ներհոսքը բացասական է, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների։

Արտահանման եւ ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության ծավալների կրճատումը, Թադեւոս Ավետիսյանի խոսքով, կշարունակվի, քանի որ վերաարտահանման տեմպերը նվազում են։ «Այս իշխանության սրտի որոշ օլիգարխներ ոսկու վերաարտահանման շնորհիվ գերշահույթներ ստացան, դեռ կպարզվի, թե որքան էին գործարքներն օրինական եւ ոչ օրինական, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա։

Ցուցանիշների նվազման մյուս գործոնը, Ավետիսյանի խոսքով, մեր իրական ներուժային արտահանման խնդիրներն են դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ՝ պայմանավորված այս իշխանությունների աշխարհաքաղաքական մանեւրներով։ «Նախորդ տարվա վերջին՝ Նոր տարվա նախաշեմին, հիշում եք, տարբեր խնդիրներ եղան արտահանման տեսանկյունից, դրանից հետո կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ, հետո թե ներմուծվող, թե արտահանվող տարբեր բեռներ Վրաստանի տարածքում ունեցան եւ շարունակում են ունենալ խնդիրներ, ծաղիկ արտադրողներն են արտահանման հարցով լուրջ դժվարությունների առջեւ, եւ այսպես շարունակ։ Հայաստանի արտահանումը, որը մեծ ներուժ ուներ, օգտվելով նաեւ ԵԱՏՄ արտոնություններից, այսօր վտանգված է։ Ինչո՞ւ, որովհետեւ այսօրվա իշխանությունները կամ բանակցել չգիտեն, կամ աշխարհաքաղաքական մանեւրներով չեն կարողանում որպես պետություն իրենց արտադրողների օրինական շահերը պաշտպանել։ Բայց հիմա ինչքան էլ փորձենք պատճառները փնտրել այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, միեւնույն է, դա ոչինչ չի տալիս ՀՀ արտադրողին ու արտահանողին, որովհետեւ ինքը խնդիրներ է ունենում»,- հավելեց նա։

Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ արտահանումը ՀՀ տնտեսության ողնաշարն է՝ որպես փոքր եւ լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիր։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031