«Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքը սկսել է կառավարության դաչայում պետական բյուջեի հաշվին ճոխ սեղանների և խնջույքների տրամաբանության մեջ նշել Վարդավառը, բոլորն են այդպես, իհարկե, ոչ։ Հիմա կառավարության տունն իր տունն է, հետևաբար այդ իր ճոխ խնջույքներն ու ճաշկերույթներն ասոցացնում է ողջ հայ ժողովրդի հետ, գիտի՝ բոլորի սեղաններն են այդպես լեփ լեցուն։ Ակնհայտ է, որ այդպես չէ»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դառական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում։
Ըստ Աննա Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ շատ վատ փորձ է անում․ «Բացի տպավորություն ստեղծելուց, որ իբր հայ ժողովուրդը շատ լավ է ապրում՝ ընդհանրապես չխորանալով այն խնդիրների մեջ, որ յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի առաջ ծառացած է, ինքը փորձում է ցույց տալ, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում այն ճակատագրական իրավիճակը, որ կա այսօր ՀՀ-ում, որ հայ ժողովրդին չեն հետաքրքրում այն խնդիրներ, որ այս յոթ տարիներին ինքը բերել է, և ընդհանրապես ուզում է տպավորություն ստեղծել, որ հայի ինքնության ճակատագիրը մեր ժողովրդին չի հետաքրքրում։ Եթե ինքն այդ կեղծիքը չի կարողանում պահել, ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ Հայաստանի ողջ հասարակությունն իրեն ատում է, ակնհայտ է դառնում այն փաստը, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը մտահոգված է մեր ինքնության ու պետության ճակատագրով, իսկ այն մարդը, որը մտահոգ է մեր պետության, ինքնության ճակատագրով, չի կարող հանդուրժել Նիկոլին։ Այսինքն՝ այս շղթան ինքը հստակ դասավորել է, և տրամաբանական է՝ ավելի լավ է սուտ խոսել, ասել՝ բոլորը ընտիր են ապրում, ոչ մի խնդիր չկա․ որովհետև հակառակ պարագայում միանգամից գալիս է Նիկոլին վռնդելու օրհասական անհրաժեշտությունը»։
Ըստ Աննա Մկրտչյանի՝ այս իշխանությունները մեկ «նվեր» էլ արեցին հայերի համար այդքան սիրելի Վարդավառի տոնին․ «Մեր ամենասիրված տոնակատարություններից մեկի օրը փորձեցին հայկական ինքնությունը, ազգային ինքնությունը տրորել։ Այդ օրը դավաճան Նիկոլի ԿԳՄՍ կոչվածը հրապարակեց այն փաստը, որ այլևս Հայաստանի պատմություն դասագիրք գոյություն ունի․ այսինքն՝ հայոց պատմության, մեր պատմական ժառանգության, մեր ինքնության ևս մեկ ոտնձգություն հենց էդ օրով։ Իրենք ատում են ՀՀ-ն,ՀՀ քաղաքացիներին, էլ չգիտեն՝ ինչպես ցուցադրեն այս ատելությունը, ինչպես ՀՀ քաղաքացիներին ծաղրեն ու նվաստացնեն ցույց տալու համար՝ մենք այն ենք, ինչ տեսնում եք, կարող եք, այս ամենի դեմն առեք, պայքարեք»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց, որ նախատեսվում է Էջմիածնի հրապարակում հանդիպում, սակայն դեռ տեղի չի ունեցել և հարցին՝ սա նշանակում է նա հե՞տ է կանգնել իր ծրագրից, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Եթե մենք գլոբալ իմաստով նայենք, հարցը կհնչի՝ արդյոք Նիկոլը հետ կանգնե՞լ է ՀՀ-ն կործանելու՝ իր ծրագրից։ Ոչ, հետ չի կանգնել, քանի որ դա իր ծրագիրն է․ թուրքն ու ադրբեջանցին իրեն վճարում են, իշխանության են բերել այստեղ դրա համար։ Իհարկե, այդ ծրագրից ինքը հետ կանգնել չի կարող, քանի որ այն բարեհաճությունը, որ վայելում է Էրդողանի ու Ալիևի մոտ, միանգամից կավարտվի։ Ինքը շատ լավ գիտի, որ որևէ հենարան չունի ՀՀ-ի ներսում, ներքաղաքական անկայունությունը, անհանդուրժողականությունն իր հանդեպ օրեցօր մեծանում է, ինքը դրանից հետ չի կանգնելու։ Սուրբ Էջմիածինը գրավել Նիկոլին անհրաժեշտ է, որպեսզի հայկական հենասյուները, ազգային ինքնության հենասյուները կործանի, որովհետև պետությունն արդեն կործանման եզրին է, հանկարծ վերականգնելը բացառելու համար պետք է ժողովրդին նվաստացնի, ինքնության սյուներ քարուքանդ անեն, որից հետո թե ինչ ազգանունով մեկը կգա այստեղ աշխատելու թուրքի ստրուկ, էական չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ