Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի վերջնաժամկետի կրճատումը, Զելենսկու երախտիքը եւ Մեդվեդեւի նախազգուշացումը

Հուլիս 29,2025 11:32

Նախագահ Թրամփը 10-12 օր է տվել Ռուսաստանին՝ Ուկրաինայի հետ հրադադարի պայմանները համաձայնեցնելու համար։

«Սպասելու իմաստ չկա։ 50 օրը բարեխղճության նշան էր, բայց առաջընթաց չի գրանցվում», – Շոտլանդիայի իր մասնավոր կալվածքում Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերի հետ ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել Թրամփը, որը հուլիսի 14-ին հայտարարել էր, թե Ռուսաստանին 50 օր ժամանակ է տալիս Ուկրաինայի հետ հրադադար համաձայնեցնելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում Ռուսաստանի համար «խոշոր տարիֆներ» ներդնել։

«Նա պետք է գործարք կնքի։ Չափազանց շատ մարդիկ են զոհվում։ Անասելի արյունոտ պատերազմ է», – պնդել է Դոնալդ Թրամփը՝ շեշտելով, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ նախագահ Պուտինը պետք է շահագրգռված լինի՝ գործարք կնքելու հարցում։

 

Թրամփը հիասթափված է Պուտինից

 

ԱՄՆ նախագահը հստակեցրել է՝ նա հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։

 

«Ռուսաստանը շատ հարուստ կարող է լինել։ Ի հեճուկս դրան՝ նրանք իրենց ողջ գումարը ծախսում են պատերազմի եւ մարդկանց սպանելու համար», – հայտարարել է Թրամփը Շոտլանդիայի իր մասնավոր կալվածքում Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերի հետ ասուլիսի ժամանակ։

Թրամփը չի թաքցրել, որ կարծել է, թե հնարավոր կլիներ մինչ այժմ ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը։

«Ինձ իսկապես թվում էր, թե այն կավարտվի։ Բայց ամեն անգամ, երբ թվում էր, թե կավարտվի, նա շարունակում էր մարդկանց սպանել»։

 

«Այլեւս այդքան էլ հետաքրքրված չեմ խոսել»

Լրագրողներից մեկը ճշտող հարց հնչեցրեց՝ Թրամփը ցանկություն ունի՞ հանդիպել ՌԴ պաշտոնակցի հետ։ Ի պատասխան՝ նախագահը դառնորեն նշել է, որ հետաքրքրված չէ հանդիպմամբ։

Նա, մասնավորապես, ասել է․ «Չգիտեմ։ Այլեւս այդքան էլ հետաքրքրված չեմ խոսել։ Մենք այնքան հաճելի, հարգալից զրույցներ ենք ունենում, իսկ հաջորդ գիշեր քաղաքի վրա արձակված հրթիռից մարդիկ են մահանում, վերջերս ծերերի խնամքի կենտրոն էին թիրախավորել, այլ շինություններ․․․Կտեսնենք՝ ինչ դուրս կգա»։

 

«Ուժի շնորհիվ շատ բան կարող է փոխվել հանուն իրական խաղաղության». Զելենսկի

 

Ամերիկյան վերջնաժամկետի կրճատման կապակցությամբ X սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Հստակ դիրքորոշում եւ արտահայտված վճռականություն Միացյալ Նահանգների նախագահի կողմից՝ ճիշտ ժամանակին, երբ ուժի շնորհիվ շատ բան կարող է փոխվել հանուն իրական խաղաղության։ Ես երախտապարտ եմ նախագահ Թրամփին՝ կյանքեր փրկելու եւ սարսափելի պատերազմը կանգնեցնելու գործին իր կենտրոնացման համար», – գրել է նախագահ Զելենսկին։

 

«Ռուսաստանը Իսրայել չէ, անգամ Իրան չէ». Մեդվեդեւ

 

Ռուսական կողմից ամերիկյան վերջնաժամկետին արձագանքել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Թրամփը ուլտիմատումով խաղ է խաղում Ռուսաստանի հետ։ Լինի 10՞, թե՞ 50 օր, նա պետք է երկու բան հիշի։ 1. Ռուսաստանը Իսրայել չէ, անգամ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր ուլտիմատում սպառնալիք է եւ քայլ դեպի պատերազմ, ոչ թե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ այլ հենց իր երկրի հետ։ Մի՛ գնացեք Քնկոտ Ջոի ճանապարհով», — նշել է Մեդվեդեւը՝ կիրառելով ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին բնութագրելու համար Դոնալդ Թրամփի իսկ ստեղծած եզրույթը։

 

Այլ մանրամասներ

Իր խոսքում՝ Սպիտակ տան առաջնորդն ընդգծել է, որ շատ է հավանում Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին։ ԱՄՆ նախագահը չի ցանկանա նոր տարիֆներ սահմանել։

Եթե Վաշինգտոնը սահմանի այսպես կոչված «երկրորդային տարիֆները», ՌԴ-ի հետ առեւտրով զբաղվող պետությունները ստիպված կլինեն ԱՄՆ իրենց ներկրվող ապրանքների համար 100% տարիֆ վճարել։ Սա անուղղակի պատժամիջոց է, բայց կարող է լրջորեն ազդել ՌԴ-ի վրա։ Վաշինգտոնի հաշվարկն այն է, որ Ռուսաստանի հետ խոշոր առեւտրային կապեր ունեցող պետությունները եւս կհորդորեն Մոսկվային՝ գնալ գործարքի։

«Կարծում եմ, որ ի վերջո ինչ-որ բան կստացվի։ Պետք է արագ ստացվի։ Չափազանց շատ մարդիկ են զոհվում», – նկատել է Դոնալդ Թրամփը։

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031