Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է «Շոկոլադե լաբորատորիա»՝ մի վայր, որտեղ Ապարանի եւ Չքնաղ գյուղի ավելի քան 60 դեռահասներ կարող են ուսանել սննդի տեխնոլոգիա

Հուլիս 29,2025 12:28

Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի՝ «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի  մասնակիցներից մեկը՝ Մարիամ Միքայելյանը, այժմ իր վերականգնման ուղին վերածում է համայնքի զարգացման հարթակի։

ՕՍՄ հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը ավելի վաղ հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված այն մասնակիցներին, ովքեր հոգեւոր-հոգեբանական վերականգնման ծրագրին մասնակցությունից հետո ունեին համայնքային կյանքը աշխուժացնող ու խթանող գաղափար։ 

Մրցույթի նպատակն էր խրախուսել հոգեւորհոգեբանական վերականգնում անցած անհատներին՝ դառնալու համայնքային փոփոխությունների նախաձեռնող։

 

Դրամաշնորհի առաջին հաղթողը Մարիամ Միքայելյանն է։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Շոկոլադե լաբորատորիա»՝ մի վայր, որտեղ Ապարանի եւ  Չքնաղ գյուղի ավելի քան 60 դեռահասներ կարող են ուսանել սննդի տեխնոլոգիա, կիրառել ստեղծագործական մոտեցումներ, մասնակցել համտեսների եւ մշակել վաճառքի պարզ պլաններ՝սեփական արտադրանքի համար։

«Ես հասկանում էի, որ պետք է իմ առաջ նպատակ դնեմ եւ գնամ դեպի այն։ Երբ պատրաստվում էի հասկանալ՝ ինչից սկսել, տեսա մրցույթի մասին։ Որոշեցի մարզերի դեռահասներին փոխանցել այն, ինչ ստացել եմ։ Որոշեցի օգնել նրանց գտնել այն հարցերի պատասխանները,  որոնք մինչեւ «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրին մասնակցելը մնացել էին անպատասխան»,- պատմում է Մարիամը։

Նրա խոսքով՝ վերականգնումը շարունակական գործընթաց է, եւ մարդը պետք է կարողանա առաջ գնալ ոչ թե միայնակ, այլ իր հետ տանելով ուրիշ մարդկանց. «Այն ամենը, ինչ վերցնում ես, կարեւոր է կարողանալ փոխանցել այլոց»։

Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը վստահեցնում է՝ամերիկահայ բարերար, նորարար Նուբար Աֆեյանի տեսլականով ստեղծված Հիմնադրամը աջակցում է մարդկանց ոչ միայն հաղթահարել ճգնաժամը, այլեւ օգնում է ձեւավորել ապագայամետ մտածողություն։

«Ճգնաժամը վերապրելուց հետո մարդուն ամենաարագը վերականգնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Մենք պարզապես հիշեցնում ենք դրա կարեւորության մասին եւ ստեղծում ենք պայմաններ, որ մարդու ներսի կայծը կրակ դառնա։ Ուրախ ենք տեսնել մեր մասնակիցների հաջողությունները ծրագրի ավարտից հետո», – ասում է հիմնադրամի գործադիր տնօրենը։

Մարիամի օրինակը փաստում է. կյանքում երկրորդ հնարավորությունը ստացած մարդիկ դեպի լավն են փոխում նաեւ իրենց շրջապատը։

Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» առաքելությունն է նպաստել մարդկանց հոգեւորհոգեբանական վերականգնմանը: Հիմնադրամը  անցնող երկու տարում Հայաստանի տարբեր համայնքներում հոգեւոր-հոգեբանական վերականգնման անվճար ծրագրեր է իրականացրել պատերազմի հոգեբանական հետեւանքները կրող հազարավոր մարդկանց համար:

Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031