Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Դոլմազյանը թույլ չտվեց, որ Արմեն Աշոտյանն ինքնուրույն այցելի ատամնաբուժարան․ ոստիկանությունն էլ չի ուղեկցում

Հուլիս 29,2025 14:18

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր շարունակվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Ալեքսան Հարությունյանի հարցաքննությունը։ 

 

Հարցաքննության ավարտից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը չի այցելել ատամնաբուժարան, քանի որ ոստիկանությունը նրան չի ուղեկցել ու ասաց․ «Ոստիկանությունը հրաժարվում է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցել բժշկական հաստատություններ։ Դուք Ձեր որոշմամբ Արմեն Աշոտյանին թույլատրել էիք, որ ոստիկանության ուղեկցությամբ այցելի ատամնաբուժարան հուլիսի 17-ին և 24-ին, բայց չի այցելել։ Նման իրավիճակում, ստացվում է, որ տնային կալանքի տակ գտնվող անձն ավելի վատ վիճակում է, քան կալանքի տակ գտնվող անձը։ Սա խոշտանգում է»։

Տիգրան Աթանեսյանը միջնորդեց, որ Վահե Դոլմազյանը թույլ տա՝ արդեն իր նախորդ որոշմամբ նշանակված օրերին և ժամերին Արմեն Աշոտյանն ինքնուրույն այցելի ատամնաբուժարան»։ Վահե Դոլմազյանը միջնորդությունը մերժեց․ «Դատարանը դեռ ոստիկանության պաշտոնական պարզաբանումը չի ստացել։ Ձեր նշած ընթացակարգը տնային կալանքին համապատասխան չէ, որ դատարանը թույլ տա մեղադրյալին իր ոտքով գնա ատամնաբուժարան»։ Նաև հիշեցրեց՝ շուտով լրանում է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։

Տիգրան Աթանեսյանն ի պատասխան հայտարարեց․ «Մարդու առողջության հարցն է։ Էսթետիկ զբաղմունք չէ, լուրջ խնդիր կա, հարցին լուծում չեք տալիս»։ Վահե Դոլմազյանն ասաց՝ եթե անհետաձգելի անհրաժեշտություն է առաջանում, կարող եք շտապ բժշկական օգնություն հրավիրել։

Արմեն Աշոտյանն այս առիթով հայտարարեց․ «Ոչ միայն՝ որպես քաղբանտարկյալ, այլև որպես բժիշկ թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ։ Դուք կրում եք պատասխանատվություն իմ՝ առողջության իրավունքի իրացման համար։ Մարդու առողջության իրավունքը ենթակա չէ որևէ սահմանափակման, որևէ խափանման միջոց չի ենթադրում առողջության իրավունքի սահմանափակում։ Ձեր առաջարկած տարբերակն ընդունելի չէ։ Ակնարկը նա էր՝ թող ոստիկանությունից պատասխանեն, տեսնենք՝ ինչ են ասում, տնային կալանքի ժամկետը մոտենում է։ Այդ մոտենալը որևէ երաշխիք չէ, որ կարող է համադրվել խափանման միջոցի փոխման հետ ու դրական լուծում ստանալ։ Ձեր ասած հրատապ բուժումը բուժում չէ, դրված իմպլանտները, եթե բորբոքվեն և թարախակալվեն, այլևս դրանք պիտանի չեն լինի․ պետք է հանեն, և ամբողջ աշխատանքը, որը եղել է, ջուրն ընկնի։ Ես արդեն մեկ ամիս ուշացնում եմ․ խնդրում եմ այս հարցին լուծում տալ, կարո՞ղ ենք դատի տալ ոստիկանությանը, որ ինձ չի ուղեկցում։ Խնդրում եմ Ձեզ, որ տաք կիրառական լուծում, որը հիմնված է իմ առողջության վատթարացման հնարավոր սցենարների վրա»։

Վահե Դոլմազյանն էլ նշեց, թե ժամկետները պայմանավորված են եղել թե′ նիստերի ժամանակացույցով, թե′ միջնորդության համար ներկայացված անհրաժեշտ փաստական հիմնավորումներով։ Նաև ասաց, որ դատարանը լրացուցիչ կապ կհաստատի ոստիկանության հետ և կպահանջի պատասխան ոստիկանությունից։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը՝ 12։30-ին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031