Այս մասին Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Ընկերությունը երկրում իրականացնում է ՀԿ-ների աջակցության համակարգային ծրագիր, իր ծառայություններում զարգացնում է ներառական հնարավորությունները/օպցիաները և սատարում է «Օգնենք միասին» բարեգործական ծրագրին, որի միջոցով ընկերության ծառայությունների օգտատերերը տեղեկանում են բարեգործության մասին և հեշտությամբ ձեռք մեկնում հիմնադրամներին: Ինչպես նաև, Yandex Armenia-ն զարգացնում է STEM կրթությունը և մասնագիտական ՏՏ համայնքը։
Ընկերության սոցիալական գործունեության առանցքային ուղղություններից մեկը դարձել է 2024 թ. մեկնարկած «Օգնենք միասին» ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս Yandex Go-ի օգտատերերին նվիրատվություններ կատարել ուղևորություն կամ առաքում պատվիրելիս։ Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Armenia-ն համալրում է հավաքագրված ֆինանսական միջոցները և փոխանցում «ՆԻԿԱ» հիմնադրամ, որը բաժանում է չորս բարեգործական կազմակերպությունների միջև՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» և «VIVA»: Այս հիմնադրամներն աջակցում են քաղցկեղով հիվանդ երեխաներին, հատուկ կարիքներով երեխաներ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև իրականացնում են առողջապահական և սոցիալական ծրագրեր բնակչության խոցելի խմբերի, այդ թվում ՝ փախստականների համար: Մեկ տարում հաջողվեց հավաքել 25,4 միլիոն դրամ, որն ուղղվել է առողջական առանձնահատկություններ ունեցող երեխաներին և կյանքի բարդ իրավիճակում հայտնված ընտանիքներին:
Yandex Armenia-ն նաև անվճար ուղևորություններ և առաքումներ է կազմակերպում բարեգործական կազմակերպությունների և նրանց շահառուների համար: Լոգիստիկ խնդիրները լուծելու համար հիմնադրամներն ամեն ամիս ստանում են հատուկ բյուջե, որն օգտագործում են ըստ կարիքների՝ ուղևորություններ դեպի հիվանդանոցներ, դեղերի առաքում, սնունդ կարիքավոր ընտանիքների համար: Ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է ավելի քան 6500 ուղևորություն, երկրով մեկ հարյուրավոր մարդիկ օգնություն են ստացել: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար Yandex Go-ում հատուկ հնարավորություններ/օպցիաներ են ստեղծվել, որպեսզի ուղևորությունները լինեն առավել հարմարավետ։ Այսպես, օրինակ, ինքնուրույն պատվեր կարող են գրանցել տեսողական խնդիրներ ունեցող կամ անվասայլակով երթևեկողները. ավելի քան 99 000 ուղևորություն կատարվել է այդ օպցիաների միջոցով:
Զուգահեռաբար, Yandex Armenia-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում կրթության և ՏՏ ոլորտի զարգացման գործում։ 2017 թվականից երկրում գործում է Yandex ծրագրավորման դպրոցը, որտեղ դպրոցականները սովորում են Python ծրագրավորման լեզուն: Ուսուցումն անվճար է, ընթանում է Վանաձորում և Գյումրիում, իսկ վերջում տրվում են վկայականներ։ Դպրոցն ավելի քան 400 շրջանավարտ է տվել, որոնցից շատերն արդեն կարիերա են կառուցում ՏՏ ոլորտում:
Կարդացեք նաև
Ուսանողների և երիտասարդ մասնագետների համար Armenian Code Academy-ի հետ համատեղ թողարկվեց Engineering Deep Dive որակավորման բարձրացման ծրագիրը: Այն տևում է երեք ամիս, փորձառու մենթորների ղեկավարությամբ սովորեցնում են Python և C++:
Բացի այդ, ընկերությունն աջակցում է մաթեմատիկական օլիմպիադաների, գիտական հետազոտությունների անցկացմանն ու կրթաթոշակային ծրագրերին: Մասնավորապես՝ 2,5 մլն դրամ ուղղվել է ACA-ի կողմից իրականացվող օլիմպիադային, իսկ 17 մլն դրամ ՝ YerevaNN-ում արհեստական ինտելեկտի ոլորտում հետազոտություններով զբաղվող ուսանողների և ասպիրանտների կրթաթոշակներին։ Ընկերությունը նաև կազմակերպում է մեքենայական ուսուցման, ալգորիթմների և համակարգային ծրագրավորման վերաբերյալ ինտենսիվներ և սեմինարներ, համագործակցում է երկրի առաջատար համալսարանների հետ: