Լրահոս
Օրվա լրահոսը

«Գառնու ոստիկանապետը կարող է չի հարգում Հակակոռուպցիոն դատարանին, չի էլ պատասխանում, Աշոտյանը պիտի տանջվի՞»․ Տիգրան Աթանեսյան

Հուլիս 29,2025 16:04

«Սա պետական ապարատի ընդհանուր կոլապսի նշան է։ Կան գործառույթներ, որոնք բաց են, և չունեն պատասխանատու պետական մարմին։ Տնային կալանքի տակ գտնվող անձինք, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունեն ստանալ որակյալ բժշկական օգնություն, բայց դրա ապահովման եղանակը չկա»,-հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի դիրքորոշումը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք՝ դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը և թույլ չտվեց, որ Արմեն Աշոտյանն ինքնուրույն այցելի ատամնաբուժարան․ ոստիկանությունն էլ նրան չի ուղեկցում։

Նշենք, որ դատարանը ոստիկանությունից պատասխան չի ստացել, թե ինչու չի կազմակերպել Արմեն Աշոտյանի ուղեկցումը ատամնաբուժարան։ Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ այս պայմաններում տնային կալանքը դառնում է անմարդկային․ «Սա արդեն մարդու նկատմամբ խոշտանգում է։ Այսօր դատարանը դա փաստեց։ Գիտեմ՝ նույն դատավորի վարույթում կան քրեական գործեր, որտեղ նույն խնդիրն առաջացել է, խափանման միջոցը փոխվել է․ տնային կալանքը փոխվել է վարչական վերահսկողության։ Քանի որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, ցուցում չկա՝ այս դեպքում ինչ անել։ Մարդն իրեն վատ է զգում, մենք Գառնու միլպետի պատասխանին պիտի սպասենք։ Կարող է՝ մարդը չի պատասխանում, չի հարգում Հակակոռուպցիոն դատարանին, վե՞րջ, Աշոտյանը պիտի տանջվի՞։ Դա ևս մեկ ապացույց է քաղաքական հետապնդման»։

 

Լրագրողները փաստեցին՝ մեկ կամ երկու վկա է մնացել հարցաքննվելու և հարցրին՝ ինչի՞ մասին են այս հարցաքննությունները, փաստաբանը պատասխանեց․ «Ի սկզբանե դատական նիստերը ոչ մի բանի մասին են։ Դա չեմ հոգնելու կրկնել։ Ի՞նչ պետք է վկայեն այս մարդիկ, որ ինչ-որ գումար կար Բժշկական համալսարանում, որը դարձել է անշարժ գույք և որը հիմա երկու անգամ թանկ արժի և այդ գույքը պաշտոնապես պատկանում է համալսարանին կամ արհմիությանը և օգտագործվում է նրանց կողմի՞ց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031