ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր շարունակվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Ալեքսան Հարությունյանի հարցաքննությունը։
2015-ին նա եղել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը՝ հրապարակել վկայի ամբողջ նախաքննական ցուցմունքը՝ հղում կատարելով վկայի այն հայտարարությանը, որ շատ հանգամանքներ չի հիշում, «եթե այդ հարցերը 2015-ին տային ինձ, ավելի հստակ կպատասխանեի»։
Դատարանն արձանագրեց, որ վկայի ցուցմունքներում կան հակասություններ, ուստի պետք է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Անդրադառնալով մեղադրող դատախազի՝ վկային ուղղված հարցերին, Վահե Դոլմազյանն ասաց՝ մեկնաբանում եք Ձեր տեսանկյունից և դա որպես հարց ներկայացնում, որ վկան հաստատի, կամ ՝ ոչ․ «Հարց ունեք, հարցը տվեք, պատասխանը չի բավարարի Ձեզ, կհարցնեք, խոսքը դրա մասին է»։ Դատախազն անընդհատ հարցնում էր՝ եթե ԵՊԲՀ խորհրդի նիստում քննարկվեր 20 միլիոնը գերազանցող գնումների հարց, դա կհիշեի՞ք, վկան ասաց՝ այդ հարցին արդեն մի քանի անգամ պատասխանել է՝ չի հիշում։
Կարդացեք նաև
Այնուհետև դատախազը հարցրեց՝ Ձեր մասնակցությունը խորհրդի նիստերին ձևական բնո՞ւյթ է կրել, վկան արձագանքեց․ «Ինձ համար վիրավորական է, ձևական բնույթ կրելը արդեն վիրավորական է։ Կներեք, որ տենց պարզ արտահայտվում եմ»։
Վահե Դոլմազյանն ասաց՝ ձևական բնույթ կրելը վիրավորական տարր չի պարունակում ու վստահեցրեց՝ եթե նման բան լինի, դատարանը թույլ չի տալ։ Ալեքսան Հարությունյանն էլ կատակով ասաց․ «Շնորհակալ եմ «պադերժկայի» համար»։ Դատարանի դահլիճում բոլորը ծիծաղեցին։
Դատախազը հարցրեց՝ խորհրդի նիստերին մասնակցության աստիճանը սահմանափակվել է այն նիստով, երբ Արմեն Աշոտյանը խորհրդի նախագա՞հ է ընտրվել, վկան պատասխանեց․ «Առաջին նիստն էր, տպավորված եմ»։ Դատախազը կրկին հարցրեց՝ եթե բոլոր նիստերից միայն առաջին նիստն է տպավորվել՝ Արմեն Աշոտյանի ընտրության նիստը, իրենց կարևորությամբ Ծովասարում հանգստյան տուն ձեռքբերելու, հիմնադրամից գումարներ ձեռք բերելու հարցերն այնպիսին չէի՞ն, որ տպավորվեին, վկան պատասխանեց․ «Այդ ժամանակ դրանք քննարկել եմ՝ որպես ընթացիկ հարցեր, իսկ առաջին նիստին, երբ նախագահի ընտրություն է, քվեարկում ես, ավելի պարզ հիշելու բան է։ Պարզ բաները լավ են հիշվում, բարդերը՝ դժվար»։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նկատեց՝ հրապարակվեց Ձեր նախաքննական ցուցմունքը, ամեն դեպքում զգացվում է, որ լարվածություն է հարցաքննության ընթացքում․ քննիչի կողմից հանգամանքներ են Ձեզ ներկայացվում և տրվում գնահատականներ, որի իրավունքը չունի, ենթադրում է, որ ապօրինի է փոխանցվել գումարը և հարցրեց՝ Դուք չեք հարցրե՞լ՝ ինչու է ապօրինի, կամ նա չի՞ բացատրել՝ ինչու է ապօրինի․ «Էդ հարցերն ինձ համար էլ էին հետաքրքիր, իմ դիրքորոշումն ի՞նչ կապ ունի կամ իմ գնահատականն ի՞նչ կապ ունի։ Ընդհանրապես համաձայն եմ Ձեզ հետ, բայց լարվածություն չի եղել»։
Տիգրան Աթանեսյանն ի պատասխան ասաց․ «Իմ կարծիքով՝ սա հարցաքննություն չէր, այլ հարձակում վկայի վրա։ Ձեզ բացատրե՞լ են որտեղից այդ վարորդին էդ 240 միլիոնը ներդրման համար, վարորդ-օգնականի բացատրությունները Ձեզ ասե՞լ են, թե, կներեք, ռուսերեն ասած՝ «տուպը» ասել են՝ վարորդը 240 միլիոն է դրել, ի՞նչ կարծիք ունեք»։
Ալեքսան Հարությունյանն ասաց՝ եթե բացատրեին՝ որտեղից այդ գումարը, պարզ է՝ զարմանք չէր առաջանա․ «Պիտի որ հարցը սենց լիներ՝ վարորդը կարո՞ղ է գնել նման գումարի հանգստյան գոտի, ասել եմ՝ չէ, զարմանում եմ»։
Տիգրան Աթանեսյանը հարցրեց՝ քննիչը Ձեր զարմանքի աստիճանը պարզելուն ուղղվա՞ծ էր Ձեզ տվել հարց, թե՞ դա ուղղակի Ձեր պատասխանից զատ Ձեր ցանկությունն է եղել զարմանք արտահայտել, վկան պատասխանեց․ «Ինձ թվում է, ավելի շատ ցանկալի էր զարմանքը լսել։ Ես շատ եմ զարմանում, բայց քիչ եմ կիսվում։ Ես չեմ ասում ՝ չեմ զարմացել․ ցանկացած վարորդ այդպիսի գույք որ գնի՝ կզարմանամ, բայց եթե այդտեղ նշել եմ, ուրեմն էդ պահին ուշադիր չեմ եղել, որ օգնական-վարորդ է»։
Տիգրան Աթանեսյանը հետաքրքրվեց՝ Ձեզ քննիչը հարց է տալիս՝ էդ բնակարանները ձեռք են բերվել գնումների գործընթացո՞վ, այս հարցը տալուց Ձեզ քննիչը պարզաբանե՞լ է, թե ինչու պետք է դա լիներ գնումների գործընթացով, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց․ «Ոչ, հիմնականում այդ հարցերի պատասխան ոչ-ն եմ ասում, ասել է, որ նախաքննությամբ պարզվել է, բացահայտվել է այսպես, հետևաբար ինչո՞ւ չի եղել, ես էլ նշել եմ՝ եթե այդպես է, ուրեմն ապօրինի է։ Ես քննությանը ծանոթ չեմ։ Ինձ ասել են՝ արդեն հաստատված փաստ է, դրա մասին ի՞նչ եք կարծում, և դա ես չէի կարող հերքել կամ իմ կարծիքը հայտնել»։
Տիգրան Աթանեսյանը նաև փաստեց՝ 20 միլիոն դոլարի մասին են խոսում, բայց դրա ծագման մասին ոչ մեկ չի խոսում։ Հարցին՝ 20 միլիոնի փոխանցումը գնո՞ւմ է, թե՝ ոչ, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց․ «Դա գնում չէ, քանի որ գնման դեպքում գումար ես տալիս, գույք ես վերցնում»։
Վահե Դոլմազյանը վկային հարցրեց՝ այդ դեպքում քննիչին ինչո՞ւ նման պատասխան չեք տվել, որ դա գնում չէ, այլ փոխանցում է։ Վկան ի պատասխան ասաց՝ երևի ինձ թվացել է գնում է։ Կարգը ընդհանրապես ո՞նց է։
Վահե Դոլմազյանը նաև հարցրեց՝ որ ասում եք՝ ֆիլմերում դիտել եք, արհեստակցական կազմակերպությունների տպավորություն է Ձեզ մոտ ձևավորվել ու մեր իրականության մեջ, որտեղ աշխատում եք, կա արհեստակցական կազմակերպություն, դրանք նմա՞ն են իրար։
Տիգրան Աթանեսյանը կատակով արձագանքեց․ «Իմ տեսած ֆիլմերում արհեստակցական կազմակերպություններին մաֆիան սպանում է, մենք տարբեր կինոներ ենք նայում, եկեք հստակեցնենք՝ իսկականը ո՞րն է ու ո՞ր կինոն»։
Վահե Դոլմազյանն էլ ասաց՝ Ձեր տեսած կինոների մասին Դուք էլ Ձեր եզրափակիչ ելույթում կպատմեք․ «Խոսքը տվյալ պարագայում վկայի պատկերացրած արհեստակցական կազմակերպության և այսօրվա Հերացի արհեստակցական կազմակերպության մասին է»։
Ալեքսան Հարությունյանն ասաց․ «Այն ֆիլմերը, որոնք նայել եմ, 3-4 հարյուր տարվա պետականություն ունեցող երկրներում ձևավորված արհեստակցական կազմակերպությունների, հիմնարկների մասին են։ Վստահ եմ, որ ՀՀ-ն՝ որպես զարգացող երկիր նրա արհեստակցական կազմակերպությունները չեն կարող անմասն մնալ այդ գործընթացից։ Վստահ եմ, որ մի օր կհասնեն մեր արհեստակցական կազմակերպություններն այն ֆիլմին, որը ես կամ Դուք տեսել ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ