Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում ընտրություններով իշխանությանը հաղթելու մի տարբերակ կա»․ Ռուբեն Մխիթարյան

Հուլիս 29,2025 18:12

Aravot.am-ը ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանից կարծիք հարցրեց 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ՔՊ-ականների իշխանության մնալ-չմնալու մասին։

«Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով իշխանությանը հաղթելու մի տարբերակ կա․ ապահովել բարձր մասնակցություն։ Գուցե միայն այդ առումով ԱԺ ընտրությունները կարելի է համեմատել Գյումրու ընտրությունների հետ, շատերն են համեմատում, բայց համեմատելի է այդ մի դեպքում։ Եթե դու ուզում ես իշխանությանը հաղթես, պիտի ապահովես բարձր մասնակցություն։

Ի՞նչն է ապահովում բարձր մասնակցություն, այլ առաջարկները, այսինքն՝ երբ որ դու ունենում ես բազմաթիվ այլ հետաքրքիր առաջարկներ, մարդը պատրաստ է իր համար գտնել այդ բազմաթիվ այլ առաջարկների մեջ իրեն հետաքրքրող այլ առաջարկը, տնից դուրս գալ, գնալ, այդ առաջարկին ձայն տալ։

Բովանդակային առումով առաջարկների տեղական ինքնակառավարման մարմինների խոսույթը և համապետական ընտրությունների խոսույթը նույնը չեն, նման չեն, որովհետև ՏԻՄ ընտրությունների խոսույթն աղբահանության, լուսավորության, կանաչապատման, ասֆալտապատման մասին է և ոչ ավելին, իսկ համապետական ընտրությունների խոսույթն անվտանգությունից մինչև խաղաղություն, տնտեսությունից մինչև բանակ, մշակույթից մինչև սպորտ, ժողովրդագրությունից մինչև քաղաքաշինություն, ամեն ինչի մասին է»։

Մեր զրուցակիցն ասում է՝ ամենակարևոր հարցն այստեղ այն է, թե բոլոր այն քաղաքական միավորումները կամ կուսակցությունները, որոնք դիրքավորվելու են ընդդիմադիր դաշտում, ինչպիսի՞ քաղաքական առաջարկով են հանդես գալու հանրությանը։ Ըստ նրա, պարզ է, թե ինչ առաջարկով է հանդես գալիս Նիկոլ Փաշինյանը, այստեղ էականը ընդդիմադիրների առաջարկն իմանալն է։

«Նիկոլ Փաշինյանը բոլորիս պարզ է՝ ինչ քաղաքական առաջարկով է հանդես գալու։ Ինքն իր համար մոգոնել է հեղափոխության մի տեսակ, որը կարելի է անվանել «սխալ խաչակրաց պատերազմ՝ ի դեմս Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու» և «խաղաղության խաչմերուկ» ասված թուղթը, որը որտեղ գնում, թափահարում է, և մարդկանց մոտ ծիծաղ է առաջացնում։ Լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, կործանարար է, թե հաջողության հասնող է, էդ մարդն ինչ-որ առաջարկություն ունի, հիմա ի՞նչ առաջարկություններ ունի այդ նույն խաղաղության վերաբերյալ ընդդիմադիր սեգմենտը։

Ի՞նչ են ասելու մարդկանց, ի՞նչ առաջարկություն ունեն տնտեսության սեգմենտում։

Տեսեք, մենք պիտի հստակ գիտակցենք, որ արտաքին պարտքը, որը 13 միլիարդ դոլար է, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, դա չի նշանակում, որ այդ պարտքը չպիտի լինի, այդ պարտքը շարունակելու է մնալ, և հաջորդ տարվանից սկսած՝ էդ վերցրած փողի զգալի հատված արդեն պիտի սկսել քիչ-քիչ վերադարձնել, կարծեմ ժամանակացույցը լրանում է։

Հիմա ի՞նչ տեսլական ունեն տնտեսության մեջ, որովհետև բոլորս հասկանում ենք, չէ՞, Փաշինյանը ինչ-որ բաներ էր գրել, թե էսքան աշխատատեղ կա, պատմական ռեկորդ է, բայց էս մարդը չի գրում, որ արտահանումը մոտ 50 տոկոսով նվազել է։

Այսինքն՝ էլի կիսաճշմարտությունների շահեկան հատվածը միայն ցույց տալ, էդ շահեկան հատվածն էլ է հարաբերական, այսինքն` դու ինչը ինչի հետ ես համեմատում, էդ մասին է խոսքը, որովհետև մենք անընդհատ պիտի հասկանանք, երբ որ մենք նաև ընտրությունների մասին ենք խոսում կամ նախկին-ներկա թեզի։

Օրինակ՝ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը վաղուց իր մեջ հաղթահարել է նախկին-ներկա հասկացողությունը, որովհետև հասկացան, որ սին խոսքեր են, սին թեզ է, սրանք թալանչի են, սա նրա մարդն է, նա նրա մարդն է, կատարյալ հիմարություն, որի դեմ էդ մարդիկ փաստացի չկարողացան պայքարել։

Իսկ ինչո՞ւ չեն կարողանում պայքարել, որովհետև, ի վերջո, ինչ-որ մի ժամանակ մարդկանց կարելի է խաբել, ինչ-որ մի ժամանակ կարելի է նույնիսկ ձևացնել, որ քո մոտ ստացվել է, բայց շատ երկար ժամանակ հնարավոր չէ։ Մարդը ինչ-որ մի օր առավոտ արթնանում է մի քիչ ավելի սթափ ուղեղով և սկսում է փաստերն իրար կողք շարելով հասկանալ, որ իրեն խաբել են։

Ես մի վարժություն արեցի, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, ուղղակի իր ելույթներից հանեցի, թե ինքը քանի ելույթում է հղում արել օդում կախված լուրերի։ 30 հատ հանեցի, արդեն հոգնեցի, ասացի՝ էլ իմաստ չունի, 30 հարց ու պատասխանը, 30 խորհրդարանական շաբաթվա բան հանել եմ։ Մնացածը չեմ նայել, թե քանի տարի է դա, այսինքն էս մարդու ամբողջ քաղաքական կարիերան հիմնված է եղել ֆեյք նյուսի վրա, օդում կախված լուրեր կան ու ինչ-որ բան է ասում»։

Ռուբեն Մխիթարյանը պատմեց, թե ինչպիսի մի վարժություն է արել իր խոսքերով ասած՝ մի բուժված հայի հետ։

«Մի անգամ մի մարդ, որին ես բուժված հայ եմ համարում, ինչ-որ պրետենզիա էր ներկայացնում ու զարմանալի է, որ ինձ: Ես ողջ կյանքս ոչ մի պետական հիմնականում չեմ աշխատել, ամբողջ կյանքս մասնավորում եմ աշխատել և կոպիտ ասած, եթե նույնիսկ թաքցրած հազար դրամ փող ունենայի, պատկերացնո՞ւմ եք՝ քարոզարշավի ընթացքում ի՞նչ կանեին, կամ եթե գումարներս մաքուր չլինեին, ինչ-որ մեկից ինչ-որ գումար վերցրած լինեի․․․ Ինքներդ գիտեք, ԱԱԾ-ն ամբողջ օրը միայն մեզ է հետևում, սահմաններին չեն հետևում, արտաքին հետախուզությամբ չեն զբաղվում, ներսի ընդդիմադիրներին են հետևում, այսինքն` եթե մի խնդիր ունենայի ֆինանսական, նվազագույնը քրեական գործ էր դարձել։

Երբ որ խոսում էի էդ մարդու հետ ու ինձ ասում էր՝ Սաշիկի 50 տոկոսը, ասի՝ ժամանակ ունե՞ս, ասաց՝ հա, ասի՝ արի իրար հետ վարժություն անենք, մտնում ենք ՊԵԿ-ի կայք, մտնում ենք 2018 թիվ, նայում ենք՝ ինչքան գրանցված մանր ու միջին ու խոշոր ձեռնարկություններ կան՝ ՍՊԸ, անհատ ձեռներեց ու ՓԲԸ։

Բացում ենք, նայում ենք, տեսնում ենք 100 հազարից ավելի է: Ասում եմ՝ հիմա նայի, տեսնո՞ւմ ես՝ 2018 թվի դեկտեմբերն է, այսինքն՝ ձեր չակերտավոր հեղափոխությունն արդեն ապրիլ ամսին եղել է, ասում եմ՝ տես 100 հազարից ավել ձեռնարկություններ են, գոնե երկու ձեռնարկատիրոջ գիտե՞ս, որ կանգել, ասել են՝ Սաշիկը 50 տոկոս փայ է ինձանից խլել։ 7 տարի արդարադատություն էլ է ձեր ձեռքը, ԱԱԾ-ն էլ ձեր ձեռքը, ամեն ինչը ձեր ձեռքը, ո՞վ պիտի վախենար, ելներ, կանգներ, ասեր՝ Սաշիկը փայ է մտել։ Չեմ ասում 100 հազարը, գոնե երկուսը ասեին, որովհետև դուք այդպես էիք ներկայացնում, թե Սաշիկը բոլոր բիզնեսներից փայ ունի։ Իհարկե, դա չի նշանակում, որ Սաշիկը սուրբ է։

Երբ որ գեներալ Մանվելի գրպանը տուշոնկա էին գցում, դա ստորության գագաթնակետն էր, դա նույնպես չի նշանակում, թե գեներալ Մանվելը սուրբ էր, բայց տվյալ անձնավորությանը վարկաբեկելու ամենաստոր միջոցը հորինել ու գցել իր գրպանը, որպեսզի դու արժեհամակարգային բան քանդես՝ բանակի, սպայական կազմի վերաբերյալ, կռված ու հաղթանակած գեներալի վերաբերյալ։

Եթե իրենք մեղքի բաժիններ ունեցել են, իրենց պիտի դատել իրենց գործած մեղքերի համար, ոչ թե ստեղծել էմոցիոնալ մի ֆոն, որպեսզի ատելություն սերմանվեր սպայական կազմի հանդեպ։

Երբ փաստով ցույց ես տալիս, ասում է՝ դե հա էլի, բայց ներսը մի նստվածք է մնում, մարդիկ միշտ խուսափում են ընդունել, որ իրենք սխալվել են, դա միշտ ճնշում է մարդուն ու միշտ սխալվում են ընդունել այն ժամանակ, երբ որ դա բերում է ողբերգության։

Ցավոք սրտի, մեր պետության վերջին 5 տարիները չվերջացող ողբերգությունների ցիկլ է, ու այդ շղթայի մեջ հասկանալ իրենց ոչ ուղղակի, բայց մեղքի բաժինը, մարդիկ շատ հաճախ խուսափում են այդ խոսակցություններից, որպեսզի չընդունեն, որ իրենք սխալվել են։

Իսկ ես կարծում եմ, որ այդ հարցի լուծումն էլ կա, մարդկանց ոչ թե պետք է մեղադրել, վիրավորել, այլ պետք է հնարավորություն տալ, որ մաքրվեն, ինքնամաքրվեն, այդ գիտակցումը գա։

2018 թվականին հրապարակ դուրս եկած մարդիկ հո դուրս չէին եկել, որ Արցախը հանձնվեր, չէին դուրս եկել հրապարակ, որ 5 հազարից ավել զոհ ունենայինք, դուրս չէին եկել, որ թշնամին գար, Ջերմուկի մոտ կանգներ, մարդիկ դուրս էին եկել լավ ապրելու համար։

Եթե տվյալ անձնավորությունը, ինչպես որ հիմա ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պիտի շուտ ճանաչած լինեի, եթե 2018 թվականի հրապարակից կանգներ, ասեր, որ եկա իշխանության, Ղարաբաղը ճանաչելու եմ Ադրբեջանի կազմում, քանի՞ հոգի մարդ կմնար էդ հրապարակում։

Ըստ այդմ՝ մենք պիտի հասկանանք, որ տեխնոլոգիաների, հանգամանքների, արտաքին ազդեցությունների, ներքին անկայունությունների իրավիճակից ու իրականությունից օգտվելով՝ իր մոտ ամեն ինչ ստացվեց, բայց մենք պիտի հասկանանք, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։

Նախկին բոլոր իշխանություններին թվացել է, որ իրենք շատ շատ երկար են լինելու, հավերժ են լինելու, փորձը ցույց տվեց, որ դա իրականում այդպես չէ, ինչպես որ մարդը մի օր իշխանության է գալիս, այդպես էլ մի օր զրկվում է։

Հիմա կամ դա տեղի է ունենում ընտրությունների միջոցով, կամ փողոցային պայքարով։ Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ հավանական այլ առաջարկ ունեցող լիդերների՝ այս կամ այն պատրվակով կալանավորի, որպեսզի ընտրություններին թողնի այն կոնֆիգուրացիան, որն իր համար ամենաձեռնտուն լինի, որպեսզի կարողանա ապահովել ցածր մասնակցություն, իսկ ցածր մասնակցության պարագայում իր վերարտադրվելու հնարավորություններն, իհարկե, շատ մեծ են լինելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031