Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը բառախաղ է անում․ Արամ Օրբելյանը՝ ՀԷՑ-ի ազգայնացման դեպքում Սամվել Կարապետյանին փոխհատուցում տալու մասին

Հուլիս 29,2025 18:35

«Միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից, այն, ինչը հիմա տեղի է ունենում Սամվել Կարապետյանի հետ՝ ՀԷՑ-ի մասով, դասական ունեզրկման օրինակ է։ Հիմա՝ բառախաղի դաշտում, որ սա ազգայնացում չէ ներպետական օրենքի հիման վրա․․․ ավելին ասեմ, եթե սա ազգայնացում լիներ, հնարավոր չէր լինի փոխհատուցում տալ, քանի որ ազգայնացում ուղղակիորեն արգելված է։ Արգելված չէ հանրային գերակա շահի շրջանակներում, պետության կարիքների համար, սեփականության վերցնումը պետության կողմից։ ՀՀ Սահմանադրության 60 հոդվածն այդ հնարավորությունը տալիս է։ Այսինքն, հերթական անգամ տարրական բառախաղերի շարք ենք մտնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այսօր արած հայտարարությանը վերաբերվող հարցին։

«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու»,- Civilnet.am-ին տված հարցազրույցում ասել է Սրբուհի Գալյանը։

Ըստ Արամ Օրբելյանի, այն ինչ տեղի է ունենում ՀԷՑ-ի հետ, ՀՀ Սահմանադրության շրջանակներում դա ունեզրկման փորձ է․ «Դեռ չի ավարտվել, դեռ ընթացքի մեջ է, բայց ակնհայտորեն կա սեփականատեր, որն իր սեփականությունից չի կարողանում օգտվել։ Սեփականության իրավունքի բաղադրատարրերն են՝ ի հավելումն լեգիտիմ ակնկալիքի, նաեւ շատ պարզ մի քանի գործողություններ, որ մարդը կարողանա օգտվել իր սեփականությունից։ Եթե սեփականատերը չի կարողանում ոչ մի որոշում կայացնել իր սեփականության վերաբերյալ, ուրեմն դա սեփականազրկում է, որը չի կատարվել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով։ Բայց բացի դրանից, նաեւ միջազգային ներդրումային իրավունքի տեսակետից, որի մասով կիրառելի փաստաթուղթը տվյալ դեպքում Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ կնքված ներդրումների պաշտպանության պայմանագիրն է եւ մի շարք այլ փաստաթղթեր, այս գործընթացը նույնպես ունեզրկում է համարվում։ Հիմա՝ անունը կդնենք՝ ազգայնացում, պետականացում, առգրավում, զավթում, խլում կամ մեկ այլ բան, էական չէ։ Այսինքն, այստեղ իրավունքի քողի տակ կատարվող ինչ-որ մի գործընթաց է ընթանում, ընդ որում օրենքը, որի շրջանակներում կատարվում է, ինքնին բավականին խնդրահարույց է եւ կապ չունի այն նպատակների հետ, որոնք բարձրաձայնվել են հետո, որովհետեւ մինչեւ օրենքի ընդունումը, նպատակների մասին շատ հստակ ասել են նաեւ քաղաքական իշխանությունները»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031