Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ինձ զանգահարեց վերջերս կալանավորված անձ Ստեփան Սամվելյանը, ում առաջադրված մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլ նաև ակնհայտ անհեթեթ։
Ստեփան Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, և մինչ այժմ ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքի նկատմամբ սպառնալիքը։
Ցավալի է արձանագրել, որ ՀՀ գործող իշխանությունները, դատարաններն ու իրավապահ մարմինները շարունակում են համակարգային անտարբերություն ցուցաբերել ազատազրկման մեջ գտնվողների հատկապես առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։ Անտանելի շոգ պայմաններում (40°C-ից բարձր) առողջական լուրջ խնդիրներով մարդկանց պահելը քրեակատարողական հիմնարկներում, այն էլ առանց նվազագույն պայմանների ապահովման, չի կարող որակվել այլ կերպ, քան՝ անմարդկային վերաբերմունք։
Նշեմ, որ վերջին շրջանում կտրուկ աճ է գրանցվել քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի։ Այս ֆոնին, Ստեփան Սամվելյանի կալանավորումը հիշեցնում է Արմեն Գրիգորյանի ողբերգական դեպքը, որը նույնպես ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, համապատասխան պետական մարմինների անտարբերության պատճառով, արդյունքում մահացավ։
Կարդացեք նաև
Մենք, որպես հանրության անդամներ, պետք է բարձրաձայնենք և պահանջենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցները համապատասխանեն ճշգրիտ իրավական նորմերին, որոնց հիմքը մարդասիրությունն է, այլ ոչ թե մարդատյաց քաղաքականությունը:
Հրավիրում եմ իրավապաշտպան կառույցների, միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտի մասնագետների ուշադրությունը՝ կանխելու հերթական ողբերգությունը։
Հ.Գ. Արամ Սարգսյանին ցանկանում եմ հիշեցնել, որ եթե` տարիներ առաջ իր եղբոր` Արմեն Սարգսյանին անհիմն մեղադրեցին կատարված սպանության մեջ, Ստեփան Սամվելյանին մեղադրում են չկատարված սպանության և քննադատողական բանավոր հայտարարությունների համար:
Զարուհի Փոստանջյան
29 հուլիսի, 2025թ․