«Փաստինֆո». Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովը 300 000 դրամի չափով վարչական տույժ է կիրառել ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի նկատմամբ, որը միլիոնների պայմանագրեր է «պաս տվել» քպականներին։
Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել «Infocom.am» լրատվական կայքի «Իջևանի համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից» վերտառության հրապարակման հիման վրա, որի արդյունքում պարզվել է, որ 2024 թ-ի հուլիսի 24-ին Իջևանի համայնքապետարանը՝ ի դեմս Արթուր Ճաղարյանի, գնման պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ՝ ի դեմս Խաչատուր Համզյանի, ով նաև Իջևան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Ըստ պայմանագրի՝ Իջևան համայնքապետարանը 72 մլն 437 հազար 234 դրամ է հատկացրել քպականի ընկերությանը՝ Մետաղագործների փողոցը տուֆ քարով սալարկման աշխատանքների համար։
2024 թ-ի դեկտեմբերի 2-ին Ճաղարյանը գնման պայմանագիր է կնքել Նաիրի Ջանվելյան Ա/Ձ-ի հետ, որի ղեկավարը նույնպես հանդիսացել է Իջևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
Վերոհիշյալ պայմանագրերը կնքելուց հետո Արթուր Ճաղարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Հանձնաժողով չեն ներկայացվել դրանց կնքման փաստի վերաբերյալ հայտարարություններ՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։
Կարդացեք նաև
2025 թ-ի հուլիսի 3-ին հանձնաժողովը առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, որի ընթացքում Հանձնաժողովը համայնքի ղեկավարի գործողություններում շահերի բախում է տեսել, այսինքն, Արթուր Ճաղարյանը պայմանագիր է կնքել իր հետ փոխկապակցված, քաղաքական հարաբերություններ ունեցող մեկ այլ անձի, ընդ որում՝ Ճաղարյանը պայմանագիրը կնքելիս տեղյակ է եղել, որ դրանց կողմ են հանդիսանում ավագանու անդամները։ Այս հանգամանքի մասին Իջևանի համայնքապետը պարտավոր էր տեղեկացրել Հանձնաժողովին, դրա չկատարումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ նախատեսված Վարչական իրավախախտումների օրենսգրքի 169.31-րդ հոդվածի 1-ին մասով։
Հանձնաժողովը հուլիսի 21-ին որոշում է կայացրել Իջևանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նվազագույն աշխատավարձի երեքհանրյուրապատիկի՝ 300 000 դրամի չափով։ Որոշում ուժի մեջ է մտնում այն սահմանված կարգով Ճաղարյանին հանձնելու հաջորդ օրվանից։
Ասել է թե՝ միլիոնավոր գործարքներ են իրականացնում ու առերեւույթ կոռուպցիոն գործարքների մեջ մտնում, բայց արժանանում ընդամենը 300.000 դրամ տուգանքի։