Երեւանի քրեական դատարանը հուլիսի 30-ին կհրապարակի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։
Այս գործով այսօրվա դատական նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։ Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նիստից հետո «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 30-ին՝ 10։00-ին կկայացվի վերդիկտը։
Այսօրվա նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը, ասաց, որ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանն ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժամ արագությունը գերազանցող նվազագույնը 108,7 կմ/ժամ արագությամբ եւ միջոցներ չի ձեռնարկել տրանսպորտային միջոցի արագությունն իջեցնելու, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ուղղությամբ, ստեղծել է վթարային իրադրություն եւ ավտոմեքենայի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով փողոցը հատած 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին, ինչի հետեւանքով նրան պատճառել է մահ։
«Ամբողջ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը վիճարկում էր երկու հանգամանք, դրանցից մեկը վերաբերում էր տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությանը եւ դրանով պայմանավորված՝ նաեւ արագության գերազանցման փաստն էր վիճարկում։ Դրա համար դատաքննության ընթացում դատարանը բավարարեց կողմի միջնորդությունը եւ դատարան հրավիրեց այդ փորձաքննությունն իրականացրած փորձագետներ։ Վերջիններս ամբողջությամբ պնդեցին իրենց կողմից տրված եզրակացությունները»,- ասաց հանրային մեղադրողը։
Կարդացեք նաև
Նա դատարանից պահանջեց մեղավոր ճանաչել Արամ Նավասարդյանին։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ այս գործով ապացույցների ապացույցը հանդիսանում են երկու փորձագիտական եզրակացությունները։ «Պաշտպանության կողմը ողջ դատաքննության ընթացքում վիճարկեց փորձագիտական եզրակացությունների հիմնավորվածությունը, դրանք կասկածի տակ դրեց եւ ներկայացրեց համապատասխան միջնորդություններ, որ առկա է կրկնակի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն։ Մենք միջնորդությունները քննարկել ենք դատարանում, մտահոգություններ ենք ներկայացրել այդ միջնորդությունների վերաբերյալ, եւ դատարանը միջնորդությունները մերժել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Ուստի, տուժող կողմը հարկ չի համարում նորից անդրադառնալ այդ միջնորդություններին, նորից վերլուծել դրանք։ Ուստի, մենք այս դատավարական իրավիճակում ունենք այն, որ վիճարկվող փորձագիտական եզրակացությունները, փորձագիտական ակտերը մնում են ուժի մեջ եւ հանդիսանում են Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքի հիմքը։ Եվ գտնում ենք, որ տվյալ փորձագիտական եզրակացությունները հիմնավոր են։
Հետեւաբար, նշված ապացույցները այլ ապացույցների հետ միասին հանդիսանում են առավել քան բավարար Արամ Նավասարդյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելու համար»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը։
Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն իր եզրափակիչ ելույթում մեղադրեց եւ դատավորին, եւ փորձագետներին, եւ դատախազներին ու քննիչներին՝ նշելով, որ խախտվել է իրենց արդար դատաքննության իրավունքը։ Նա ասաց, որ անարդար կլինի, եթե Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ