Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ադրբեջանական «կաթսան» եռում է

Հուլիս 30,2025 12:00

Ալիեւին «ըստ արժանվույն պատժելու» կոչեր ու պահանջներ սկսել են ավելի հաճախ հնչել

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կես տարուց ավելի է՝ սրված են, լարվածությունն ավելի ու ավելի խորքային է դառնում: Ստեփանակերտում կայացած մեդիաֆորումի ընթացքում ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չշրջանցեց Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման:

Ադրբեջանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան՝ անցած տարեվերջին կործանված ինքնաթիռի գործով, հայտնեց նա` կրկին ընդգծելով, որ Ռուսաստանն է ավիավթարի պատասխանատուն։ Ալիեւը պնդեց, որ Ադրբեջանն այս ողբերգության մասին չի մոռանա, քանի դեռ «մեղավորները չեն ընդունել իրենց մեղքը, չեն պատժել պատասխանատուներին եւ փոխհատուցում չեն վճարել զոհերի ընտանիքներին, վիրավորներին, ինչպես նաեւ AZAL-ին՝ ինքնաթիռի կորստի համար»։ «Ինքնաթիռում երկու մարդ կար, որոնք բեկորային վնասվածքներ էին ստացել։ Հետեւաբար, այն միտքը, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից, բացարձակապես ծիծաղելի է»,- նշել է Ալիեւը, հավելելով. «Մենք գիտենք, թե ինչ է պատահել. Ռուսաստանի օդային տարածքը չի փակվել։ Այն փակվել է ինքնաթիռի խոցումից մի քանի րոպե անց»։

Ալիեւը նշել է, թե Ադրբեջանի գլխավոր դատախազը պարբերաբար նամակներ է ուղարկում Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարին, վերջինս, սակայն, պատասխանում է, թե «դեռ հետաքննություն է ընթանում»։ «Մենք կսպասենք այդ հետաքննության ավարտին», հայտարարել է Ալիեւը, զգուշացնելով՝ միեւնույն է, որքան էլ ռուսական կողմը ձգի պատասխանը, Բաքուն չի մոռանա այս միջադեպի մասին։ «Մենք գիտենք, որ միջազգային քննությունը կարող է ժամանակ պահանջել։ Մալայզիական Boeing-ի դեպքում դա տեւեց ավելի քան 10 տարի, ուստի մենք կսպասենք 10 տարի։ Արդարությունը պետք է հաղթի»,-ասել է Ալիեւը, հավելելով, թե «այս անորոշ իրավիճակը» չի նպաստում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին։

Հիշեցնենք, «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի ուղեւորատար օդանավը 2024թ. դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի ենթարկվեց։ Օդանավում կար 67 մարդ՝ 62 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ։ Զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024թ. դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման եւ, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման առիթ էր նաեւ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձանց ձերբակալությունը, որի ընթացքում մահացել էր առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը եւ նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների եւ սպանության փաստով։

Ստեփանակերտում ունեցած ելույթում Ալիեւի մի ուղերձ առավել հանդուգն էր… «Երբեք մի համաձայնվեք օկուպացիային։ Նույն կերպ պատասխանել եմ նաեւ մի քանի տարի առաջ»,- նշել էր Ալիեւը՝ պատասխանելով ուկրաինացի հայտնի լրագրող Գորդոնի հարցին, թե` «որպես հաղթանակած ազգի ներկայացուցիչ, ինչ խորհուրդ կտա Ուկրաինային եւ ուկրաինացիներին»:

Մոսկվան արձագանքեց Ալիեւի նշյալ ելույթին: Կրեմլում տեղյակ են Ուկրաինայի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշմանը, նշեց ՌԴ նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով Ալիեւի վերջին հայտարարությունը, թե Կիեւը չպետք է հաշտվի սեփական հողերի օկուպացիայի հետ։ «Այստեղ մեր կարծիքները չեն համընկնում։ Ի սկզբանե նախագահ Ալիեւը նման դիրքորոշում է որդեգրել եւ ի սկզբանե մենք համաձայն չէինք դրա հետ», նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումների տարբերությունները «չեն խոչընդոտի երկկողմ հարաբերություններին եւ փոխադարձ շահերին»։

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի, հավելել է Պեսկովը: «Ամուր հիմք իսկապես կա։ Կա շահերի համընկնում երկու երկրների միջեւ, կա փոխշահավետ համագործակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, բայց երբեմն պատահում է, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Այժմ նման շրջաններից մեկն է, որը հուսով ենք, կանցնի», – ասել է Պեսկովը՝ պնդելով, որ Ռուսաստանի համար կարեւոր է, որպեսզի Ադրբեջանում հարգեն ռուսներին։

Կրեմլի խոսնակն արձագանքել է նաեւ Ալիեւի հայտարարությանը, թե Բաքուն մտադիր է օդանավի խոցման հարցով միջազգային դատական ատյաններ դիմել։ «Դա Ադրբեջանի իրավունքն է։ Մենք կսպասենք ընթացող բոլոր վեճերի եւ հետաքննությունների պաշտոնական դատավճիռներին», – ասել է Պեսկովը։

Ռուս-ադրբեջանական լարված հարաբերություններին անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ։ Ռուսաստանը նպատակաուղղված է այն չերկարացնել։ Մենք շուտափույթ կարգավորման հույս ունենք։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք շարունակում են ադրբեջանական իշխանությունների կողմից անազատության մեջ պահվել»։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ավելի ուշ նախարարությունից հայտնեցին գործակալության գրասենյակում մի քանի անձանց, այդ թվում՝ «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխի եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին: Հուլիսի 1-ին Բաքվի շրջանային դատարանը Կարտավիխին եւ Բելոուսովին կալանավորեց չորս ամսով: «Sputnik Ադրբեջանի» լրագրողներին առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն՝ խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափի եկամտի ստացմամբ», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացում» հոդվածներով։ Sputnik-ի խմբագրությունում հայտնել են, որ Ադրբեջանում աշխատելու ոչ մի պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար։ Ադրբեջանական կողմը կալանավորել է նաեւ մի քանի այլ ռուսաստանցիների՝ նրանց մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորման մաս կազմելու եւ Իրանից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Զուգահեռաբար տեղեկություններ են ստացվում ՌԴ-ում ապօրինի միգրանտների ձերբակալությունների մասին: Ռուսաստանյան տելեգրամյան ալիքների տեղեկություններով` այդ խմբերում եղել են ադրբեջանցիներ։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էին ապօրինի միգրանտների օրինականացման մեջ կասկածվող անձանց։ «Ռոսգվարդիայի» մամուլի ծառայության փոխանցմամբ` հայտնաբերվել է 150 ապօրինի ներգաղթյալ: Ըստ տեղեկությունների՝ հանցագործները կեղծ միգրացիոն քարտեր են պատրաստել եւ աշխատանքային գործունեության համար կեղծ արտոնագրեր ձեւակերպել։

Օրերս ստացվեց մեկ այլ ուշագրավ տեղեկություն: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ` Միխայիլ Գուսմանն ազատվեց ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: ՏԱՍՍ-ը, հիշեցնենք, Ռուսաստանի միակ պետական լրատվական գործակալությունն է, իսկ 75-ամյա Միխայիլ Գուսմանը շուրջ 30 տարի աշխատել է ՏԱՍՍ-ում։ 2000-ից նա հանդիսանում է «Իշխանության բանաձեւը» հեռուստատեսային նախագծի հեղինակն ու հաղորդավարը, նա ՌԴ վաստակավոր մշակույթի գործիչ է (2001) եւ վաստակավոր լրագրող (2018)։ Հիշեցնենք նաեւ, որ Գուսմանը, որը ծնունդով բաքվեցի է, Ստեփանակերտում մասնակցում էր մեդիաֆորումին, որը Ադրբեջանի նախագահի մեծարման երեկո էր հիշեցնում, եւ որի ընթացքում Ալիեւը կոչ արեց Ուկրաինային` «չհաշտվել օկուպացիայի հետ»։

Հարկ է նշել, որ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման ֆոնին Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունների մասին տեղեկատվություն ստացվեց: Ըստ Tasnim լրատվական գործակալության` Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում եռօրյա զորավարժություններ են անցկացրել։ CASAREX 2025 կոդային անվամբ զորավարժություններին մասնակցել են երկու երկրների ռազմածովային ուժերը, ինչպես նաեւ՝ ԻՀՊԿ անձնակազմը։ «Փրկարարական վարժանքների նպատակը կլինի ծովում անվտանգության մակարդակի բարձրացումը եւ Կասպյան երկրների նավատորմերի միջեւ համագործակցության ամրապնդումը», նշել էր գործակալությունը։

Ինչեւէ, Բաքուն էլ իր հերթին շարունակում է հիշեցնել իր ակնկալիքները Մոսկվայից: Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կկրի Բաքվից Գրոզնի թռչող AZAL ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը եւ կապահովի արդարադատությունն այս գործում, օրերս այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը` գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում։

Հաջիեւի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում հիմնարար փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին ամիսներին երկկողմ օրակարգում որոշակի թյուրըմբռնումներ եւ աճող լարվածություն է նկատվել։ «Նմանատիպ միջադեպեր կարող են տեղի ունենալ նաեւ հարեւան երկրների միջեւ։ Ամեն ինչ սկսվեց ինքնաթիռի (AZAL ինքնաթիռի) վթարից, որը խորապես ցնցեց ադրբեջանական հասարակությանը։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, եւ մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել՝ սա այլեւս գաղտնիք չէ։ Ադրբեջանը, որպես հարեւան եւ գործընկեր, ակնկալում է, որ Ռուսաստանը կկրի պատասխանատվություն եւ կապահովի արդարադատությունն այս գործում»,-հավելել է Ալիեւի օգնականը։

Ադրբեջանի հետ հարաբերությունների թեմայով պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները, կարծես, հնարավորինս մեղմ են, նկատելի է հրապարակային դաշտում մթնոլորտն էլ ավելի չթեժացնելու միտումը: Սակայն ռուսաստանցի քաղաքական գործիչների, փորձագետների կողմից վերջին շրջանում կարելի է ավելի ու ավելի հաճախ հանդիպել Ադրբեջանի «հանդուգն» պահվածքը քննադատող մեկնաբանություններ, որոնց հիմքում Ալիեւին «ըստ արժանվույն պատժելու» կոչեր ու պահանջներ են ներկայացվում: Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության հիմքը դրեց Ալիեւը, եւ նա բռնել է զիջման չգնալու գիծ, իսկ պաշտոնական Մոսկվան առայժմ փորձում է վարել «կարմիր գծերը» չտրորելու քաղաքականություն` չնայած ՌԴ-ում առկա նկատելի ու մեծացող դժգոհությանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031