Ընտրություններին մեր մոտ, սովորաբար, մասնակցում են ընտրողների 20- 40%- ը, որի արդյունքում պասիվ մեծամասնությունը տարիներ շարունակ ստիպված է լինում կատարել ակտիվ փոքրամասնության կամքը: Պարադո՞քս է, այո, բայց ամեն ինչ կատարվում է օրենքի սահմանում: Օրենքը չի արգելում ընտրողին ընտրության օրը գնալ տեղամաս: Բայց օրենքը չի էլ պարտադրում: Այսինքն, ընտրողի կամքի վրա այդ իմաստով բռնացող չկա: Մեր ընտրողն էլ մտածում է… ուրիշները կգնան, կընտրեն, իմ մի ձայնը ինչ հարց է լուծելու: Ու արդյունքում այդ մի-մի ձայները դառնում են բացակա մեծամասնություն: Ցավալի է, բայց փաստ է:
Երբ որեւէ արդյունաբերական ձեռնարկության աշխատանք ինչ-ինչ պատճառով դադարեցվում է, ապա այդ ձեռնարկության աշխատակիցները փոխանակ ընդդիմանան նման որոշմանը, գործատերերի եւ իշխանության ներկայացուցիչների հետ նման որոշման համատեղ հետաքննություն անցկացնեն, սուսիկ-փուսիկ գնում են տուն եւ արդյունքում զրկվում են աշխատատեղից: Այդպես կորցրինք «Նաիրիտը», Վանաձորի քիմ. համալիրի ձեռնարկությունները, Ալավերդու պղնձաձուլարանը, էլի շատ պոտենցիալ աշխատելու ունակ ձեռնարկություններ, որոնց տված շահույթը կկանխեր պետական բյուջեում արտաքին պարտքի առաջացումը, կկանխեր բնակչության արտագաղթը եւ այլն, եւ այլն: Եթե այդ ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառը էկոլոգիան էր, ապա ի՞նչն էր խանգարում արտադրական գործընթացների կատարումը տանիքով նշանակված դիլետանտների փոխարեն վստահել հենց տեղում աշխատող բանիմաց մասնագետներին:
Չէ՞ որ կարգավորել նման ձեռնարկությունների աշխատանքը, անհնարին չէ. դա է վկայում ուրիշ երկրներում գործող նմանատիպ ձեռնարկությունների գոյությունը, նրանց հաջող աշխատանքը: Բայց քանի որ մեր մոտ ավանդաբար խելացի մարդիկ պահանջված չեն անլիարժեքության ախտով տառապող ղեկավարող փոքրամասնության կողմից, ապա կատարվում է հենց այդպես:
Այո, գաղտնիք չէ, որ գազի, էլհոսանքի, ջրի, տրանսպորտի եւ այլ սակագները մեր մոտ ուռճացված են: Բայց եթե սպառողը տարիներ շարունակ սուսուփուս վճարում է, նա դրանով ակամա տալիս է իր համաձայնությունը: Միայն բնակչության կողմից ուռճացված սակագների համատարած չվճարումը կնշանակեր անհամաձայնություն եւ կպարտադրեր վերանայել նման սակագները:
Կարդացեք նաև
Եթե ներկայումս իրականացվող «ՀԷՑ» օպերացիայի արդյունքում սակագինը չնվազեցվի, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ ինչ-ինչ նպատակով իշխանություններն ու «Տաշիրը» համագործակցում են կամ էլ գործող իշխանությունը պետական բյուջեի իր կողմից առաջացրած արտաքին պարտքը մեղմելու նպատակով հայտնաբերված ավելցուկն ուղարկել է պետական բյուջե:
Ու այսպես էլ ապրում ենք, չկողմնորոշվելով զանգ կախելու եւ ճառ ասելու գործողությունների ընտրության մեջ:
Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2025
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով: