Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

«Ռադիոկապի ձայնագրությունը ոչնչացվել է, տպավորություն է, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի մոտ». Րաֆֆի Ասլանյան

Հուլիս 30,2025 11:23

«Այս պահին դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որը հաստատում է Արամ Նավասարդյանի մեղավորությունը իրեն մեղսագրված հանրային վտանգավոր արարքներում։ Այս պահին դատարանը լուծել էլ միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը բնականաբար գոհ էր այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված ու դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Հաջորդիվ արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Երեւանի քրեական դատարանն այսօր հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցելու ժամանակ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։

Դատարանը որոշեց, որ Արամ Նավասարդյանին վերագրվող փաստական հանգամանքները ապացուցված են, ապացուցված է արարքի հակաիրավականությունը։ Արամ Նավասարդյանը նկատմամբ ընտրված բացակայելու մասին արգելք խափանման միջոցը թողնվեց անփոփոխ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ 244 հոդվածով պատիժ չի նշանակելու դատարանը, քանի որ 2022 թվականի հունիսին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով ՃՏՊ վայրը լքելն այլեւս հանցագործություն չէ, իսկ 242-րդ հոդվածի երկրորդ մասով նշանակելու է պատիժ։

Հարցին, թե քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Արամ Նավասարդյանին, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց. «Ըստ տվյալ պահին գործող Քրեական օրենսգրքի՝ նշված արարքի համար նախատեսված է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով։ Նոր օրենսգրքով ազատազրկումը 2-5 տարի ժամկետով է, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացող է, բնականաբար, տվյալ դեպքում կիրառելի է նախկին Քրեական օրենսգիրքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը կապ չունի այս ողբերգական դեպքի հետ, վարչապետին ուղեկցող ավտոշարասյան համար պատասխանատու չէ, Րաֆֆի Ասլանյան ասաց. «Նիկոլ Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է։ Եվ ես նույնիսկ կարծում եմ, որ ոչ թե ոչնչացվել է, այլ դիտավորյալ կերպով պահվում է։ Այստեղ կա մի հանգամանք, որը թաքցվում է։ Օրինակ՝ մենք կտեսնեինք, թե ով հրահանգեց։ Պաշտպանն անընդհատ ակնարկում է, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ։ Այսինքն՝ մարդուն գուցե ասել են՝ արագացրու, սա էլ ամբողջ խնդիրը։ Եվ պաշտպանական ելույթները, երբ լսում ենք, տպավորությունն այն է, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել ավտոշարասյան ղեկավար կազմի մոտ։ Եթե այդպես է, Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տա դրա մասին՝ արդյոք իրեն արագության մասին ցուցում տրվել է, թե ոչ։ Տուժող կողմի կարծիքով՝ առնվազն քրեական պատասխանատվության տիրույթ պետք է բերվեին նաեւ ավտոշարասյան ղեկավար կազմի ղեկավար անձինք»,- նշեց Ասլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց, որ այս քրեական գործով կա քաղաքական ենթատեքստ, ու դրա պատճառով է, որ չորրորդ տարին է՝ գործը գտնվում էր շրջապտույտի մեջ։

Այս գործով լրացուցիչ դատալսումները կանցկացվեն օգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031