«2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից եւ առավել քան 100,000 փախստականների Հայաստան ժամանելուց հետո ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը, որտեղ այդ անձինք ներկայացվում են որպես քաղաքական սպառնալիք, դավաճան կամ կողմնակի անձ, սրվել են»,- ամրագրված է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի պատրաստած «Պառակտիչ պատումներ.իշխանամերձ շրջանակների ատելության խոսքը արցախցի փախստականների դեմ» խորագրով զեկույցում։ Հեղինակներն են Կարինա Ավետիսյանը, Տիգրան Գրիգորյանը, Արամ Թադեւոսյանը։
Զեկույցն ուսումնասիրում է Հայաստանում արցախցի փախստականներին թիրախավորող ապատեղեկատվության եւ ատելության խոսքի ազդեցությունը։ Ըստ զեկույցի հեղինակների՝ այս պատումները, որոնք հաճախ առաջ են մղվում քաղաքական օրակարգերով եւ սոցիալական նախապաշարմունքներով, ոչ միայն խորացնում են այս խմբերի մարգինալացումը, այլ խաթարում են սոցիալական համախմբվածությունը եւ ժողովրդավարական դիմակայունությունը Հայաստանում:
Ըստ զեկույցի՝ այս կարծրատիպերը, որոնք պատմականորեն սահմանափակվում էին ոչ պաշտոնական խոսակցություններով, այժմ լեգիտիմացվել են քաղաքական դիսկուրսում իշխանամերձ դերակատարների կողմից՝ ուժեղացնելով հասարակության շրջանում պառակտումները։ Նշվում է, որ «ապատեղեկատվության հիմնական տարածողները քաղաքական գործիչներն են, իշխանամերձ լրատվամիջոցները, ինչպես նաև՝ մարգինալ գործիչները, իսկ տարածումը տեղի է ունենում լրատվամիջոցների եւ սոցիալական հարթակների միջոցով»։
Զեկույցի հեղինակները նաև առաջարկություններ են ներկայացրել ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և քաղաքականություն մշակողների համար՝ մասնավորապես ամրապնդել էթիկական լրագրության գործելակերպը, հարթակներ տրամադրել մարգինալացված ձայների համար, համագործակցել փաստերը ստուգող անկախ կազմակերպությունների հետ՝ ապատեղեկատվության պատումներին հակազդելու նպատակով եւ կրթել հանրությանը, կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկությունները բացահայտելու գործում, մշակել ներառականությունը խթանող հանրային իրազեկման արշավներ եւ կրթել համայնքներին՝ ապատեղեկատվությունը ճանաչելու եւ մերժելու գործում, կիրառել խտրականության դեմ օրենքները եւ համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ ատելության խոսքի եւ ապատեղեկատվության հիմնական պատճառները վերացնելու համար:
Կարդացեք նաև
Ահազանգելով, որ 2023 թվականի էթնիկ զտումից եւ տասնյակ հազարավոր փախստականների Հայաստան ժամանելուց հետո ԼՂ հայերին թիրախավորող կեղծ պատումներն ու ատելության խոսքն ուժգնացել են, զեկույցի հեղինակներն առանձնացնում են ԼՂ-ի հայերին թիրախավորող տարածված ապատեղեկատվության թեմաները՝ սկսած նրանից, որ «այս նախապաշարմունքների հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչներին ծագումով արցախցի Հայաստանի ոչ պոպուլյար երկրորդ եւ երրորդ նախագահների կոռուպցիոն եւ ավտորիտար գործելակերպի հետ կապելը», վերջացրած նրանով, որ զեկույցում առկա նյութերով՝ ըստ ԼՂ փախստականների՝ իրենց համայնքի նկատմամբ ատելության խոսքը վերաբերում է նրան, որ վերջիններս ներկայացվում են որպես՝ սպառնալիք Հայաստանի քաղաքական կարգին, եւ որ նրանք տեղացիներ չեն ու չպետք է օգտվեն միեւնույն իրավունքներից եւ արտոնություններից, ինչ մյուս հայաստանցիները («օտարում»):
Զեկուցում հղում է կատարվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարություններին, որոնցից որոշները զեկույցում բնութագրված են՝ որպես «պառակտիչ մեկնաբանություններ»։ Օրինակ՝ մեջբերված է 2023-ի հուլիսի 25-ին իր մամուլի ասուլիսում արված հայտարարությունը․ «Հայաստանի ընտրված ղեկավարին մեղադրելով՝ իրականում ո՞ւմ է մեղադրում արցախցին»։ Զեկույցում նշված է․ «Փաշինյանն ակնարկել է, որ ԼՂ-ի հայերն անշնորհակալ են այն աջակցության համար, որ ստացել են Հայաստանից վերջին երեք տասնամյակների ընթացքում։ Այս մեկնաբանությունները ոչ միայն ապալեգիտիմացնում են Փաշինյանի քաղաքականության հիմնավոր քննադատությունները, այլեւ արցախցիներին դարձնում են քավության նոխազ Հայաստանի առջեւ ծառացած ավելի լայն քաղաքական եւ սոցիալական մարտահրավերների համար։ Այս արտահայտություններն ավելի են ամրապնդում առանց այն էլ խոցելի արցախահայությանը որպես բեռ եւ անվստահելի համայնք ներկայացնող կարծրատիպերը»։
Մյուս թեման այն է, որ ըստ զեկույցի՝ ԼՂ-ի հայերի վրա է փորձ արվում բարդել պարտության մեղքը։ Կրկին հղում է կատարվում Փաշինյանի հայտարարություններին, երբ նա «կասկածի տակ է դնում հայրենիքը պաշտպանելու՝ նրանց հանձնառությունը, անարդարացիորեն խարանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ փորձում ազատել Հայաստանի կառավարությանը պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացրած գործողությունների համար պատասխանատվությունից»։
Զեկույցում այս առիթով ամրագրված է․ «Հակաղարաբաղյան այս արշավի դեպքերը կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ պաշտոնատար անձանց ու իշխող ուժին պատկանող կամ դրա հետ ասոցացված լրատվամիջոցների կողմից տարածվող ատելության խոսք»։
Ըստ զեկույցի՝ մեկ այլ տարածված պատում ներկայացնում է ԼՂ-ից տեղահանված անձանց՝ որպես անշնորհակալ, արտոնյալ եւ նույնիսկ վտանգավոր․ «Իշխանամետ հանրային գործիչներն ու պաշտոնյաները հաճախ մեղադրում են նրանց՝ պետության հաշվին ապրելու, ինտեգրվելուց հրաժարվելու կամ նույնիսկ խափանիչ մտադրություններ ունենալու մեջ։ Տվյալ վերաբերմունքը արտահայտել են մի քանի պաշտոնատար անձինք»։ Այս առիթով մեջբերված է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Ըստ զեկույցի՝ ատելության խոսքի ամենաակնառու դեպքերից էր ՔՊ-ական պատգամավոր եւ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանությունը արցախցի փախստականների վերաբերյալ․ «Սուքիասյանի՝ այդ հայտարարությունները ակնհայտ ապատեղեկատվություն լինելուց բացի (44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակիչներից զոհվել է 763 զինծառայող եւ 72 քաղաքացիական անձ) նաեւ լեգիտիմացնում ու բազմապատկում են «դասալիք ղարաբաղցիների» վերաբերյալ տարածված քարոզչական պատումը՝ նպաստելով փախստականների նկատմամբ ատելության աճին»։
Զեկույցի հեղինակները միջազգային գործընկերներին այսպիսի առաջարկություն են անում․ «Խրախուսել ԵՄ եւ այլ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններին մտահոգություն հայտնել ԼՂ հայերի նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հետ երկկողմ քննարկումների ժամանակ։ Նպաստել ԶԼՄ-ների կարգավորման եւ խտրականության դեմ պայքարի ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրմանը»։
Քաղաքացիական հասարակությանը զեկույցի հեղինակներն առաջարկում են համայնքային մակարդակով իրազեկման նախաձեռնություններ մշակել՝ ատելության խոսքի եւ ապատեղեկատվության վտանգներն ընդգծելու համար: Օգտագործել լայն հնչեղություն ունեցող ուղերձներ՝ ԼՂ փախստականներին ուղղված պատումներին հակազդելու համար։ Կարևորում են միջազգային ճնշման ջատագովությունը՝ մասնավորապես ակտիվորեն համագործակցել միջազգային դերակատարների հետ՝ լույս սփռելու Հայաստանում ապատեղեկատվական արշավների վրա՝ նպաստելով, որ միջազգային ուշադրությունը վերածվի քաղաքական ճնշման»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից