Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարելի քաոս. յո՞ երթաս, Հայաստան. Տիգրան Թորոսյան

Հուլիս 30,2025 15:48

«Լույս» հիմնադրամը հրապարակել է Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թորոսյանի

Յո՞ երթաս, Հայաստան. 2025. կառավարելի քաոս

Անկախության վերականգնման արշալույսից ի վեր թույլ տրված մի շարք լուրջ սխալների կուտակման հետևանքով 2018թ. հակասահմանադրական իշխանափոխությամբ ձևավորված ապազգային, աստվածուրաց, անհավատ, արժեզուրկ, ընչաքաղց ու տգետ իշխանությունն անհագուրդ մոլագարությամբ գործում է այնպիսի ավերներ, որոնք ոչ միայն փորձում են ոչնչացնել իրենցից առաջ անքննելի համարված հիմնարար արժեքները (Արցախի պետականություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, Հայաստանի Հանրապետություն), այլև ամեն ջանք գործադրում են պղծելու և արժեզրկելու համար այն հիմքերը (ազգ, հայրենիք, ընտանիք, դավանանք, նվիրում, բարոյականություն, պետական ինքնիշխանություն, կրթություն, գիտություն), որոնց հիման վրա է միայն հնարավոր կանխել վերջնական կործանումն ու բարդ, տևական ու ծանր աշխատանքով վերականգնել աղետաբեր կորուստները։ Հայաստանը հայտնվել է ոչ միայն ներքին նողկալի դավադրությունների, հակասահմանադրական քաղաքական խրախճանքների, ստի, կեղծիքի, աճպարարությունների ու խեղկատակության, այլև արտաքին բարդ մարտահրավերների հորձանուտում։

Աղետալի իրավիճակը շարունակաբար խորանում է, քանի որ իրադարձությունները զարգանում են աննախադեպ միջազգային գործընթացների՝ եռաբաղադրիչ (գլոբալացում, հետխորհրդային տրանսֆորմացիա և նոր աշխարհակարգի ձևավորում) բարդ տրանսֆորմացիայի ավարտական փուլի պայմաններում։ Նման իրավիճակների հաղթահարման համար պահանջվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործընթացների, դրանցից բխող մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավորությունների լիարժեք ու հիմնավոր գնահատում։ Այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է առանձին-առանձին դիտարկել նախ իրադարձությունների զարգացումը աշխարհաքաղաքական միջավայրում, ապա ներպետական հարաբերությունների շրջանակում և երրորդ՝ դրանք միմյանց կապող հարթությունում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը վերլուծելով որպես արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ներքին հնարավորությունների ձևավորման ու օգտագործման արդյունավետության/ անարդյունավետության բացահայտման միջոց։

Հոդվածում ներկայացվում է «Կառավարելի քաոսի» հայեցակարգը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը՝ միաբևեռ աշխարհակարգի կառուցման նպատակով։ Հայեցակարգը, որի հեղինակն է ամերիկացի դիվանագետ Ս․ Մանը,կառուցված է բնական գիտություններում անցած դարի 80-ական թվականներից կիրառվող «Քաոսի տեսության» հիման վրա՝ հիմնովին վերանայելու համար միջազգային հարաբերությունների հիմքերը և նոր աշխարհակարգը կառուցելու որպես միաբևեռ։ Այն մերժում է միջազգային իրավունքի կիրառումը միջազգային հարաբերություններում՝ ԱՄՆ ազգային շահերը համարելով գերակա ցանկացած կարգի ու նորմերի նկատմամբ։

Ցույց է տրվում, որ նման մոտեցումը ոչ միայն ոտնահարում է մյուս պետությունների իրավունքները, այլև հիմք է դառնում, որպեսզի ճանաչված կամ չճանաչված փոքր պետությունների նկատմամբ կիրառվեն ռազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն։ Ըստ այդ հայեցակարգի՝Միացյալ Նահանգներն այդ նպատակներին հասնելու համար նման երկրներում պետք է ձևավորի քաոսային իրավիճակներ, իրականացնի «գունավոր հեղափոխություններ»՝ կառավարելի իշխանություններ հաստատելու համար, փոխի այդ երկրների հասարակությունների մտածելակերպն ու դրա հիմքում եղած արժեհամակարգը։ Շարքի հաջորդ հոդվածներում կներկայացվեն իրավիճակն ու դրանից բխող բարդ մարտահրավերնեը, դրանց հնարավոր աղետալի հետևանքներն ու կանխման հնարավորությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031