«Եթե մարդիկ միտումնավոր ատելության խոսք են տարածում փախստականների դեմ, երևի այդքան էլ մեծ իմաստ չկա նրանց համար ինչ-որ առաջարկություններ գրել»,-Aravot.am-ի փաստմանը՝ զեկույցում նշված է, որ «ապատեղեկատվության հիմնական տարածողները քաղաքական գործիչներն են, իշխանամերձ լրատվամիջոցները, ինչպես նաև՝ մարգինալ գործիչները, իսկ տարածումը տեղի է ունենում լրատվամիջոցների եւ սոցիալական հարթակների միջոցով» և հարցին՝ քաղաքական գործիչների կամ այսպես ասած՝ իշխանամերձ շրջանակների համար առաջարկություններ ներկայացրե՞լ եք, նրանց կողմից կա՞ քննարկելու, լսելու պատրաստակամություն, այսպես պատասխանեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը ներկայացրել է «Պառակտիչ պատումներ.իշխանամերձ շրջանակների ատելության խոսքը արցախցի փախստականների դեմ» խորագրով զեկույց։
Հեղինակներն են` Կարինա Ավետիսյանը, Տիգրան Գրիգորյանը, Արամ Թադեւոսյանը։
Զեկույցն ուսումնասիրում է Հայաստանում արցախցի փախստականներին թիրախավորող ապատեղեկատվության եւ ատելության խոսքի ազդեցությունը։ Ըստ զեկույցի հեղինակների՝ այս պատումները, որոնք հաճախ առաջ են մղվում քաղաքական օրակարգերով եւ սոցիալական նախապաշարմունքներով, ոչ միայն խորացնում են այս խմբերի մարգինալացումը, այլև խաթարում են սոցիալական համախմբվածությունը եւ ժողովրդավարական դիմակայունությունը Հայաստանում:
Կարդացեք նաև
Ըստ զեկույցի՝ այս կարծրատիպերը, որոնք պատմականորեն սահմանափակվում էին ոչ պաշտոնական խոսակցություններով, այժմ լեգիտիմացվել են քաղաքական դիսկուրսում իշխանամերձ դերակատարների կողմից՝ ուժեղացնելով հասարակության շրջանում պառակտումները։
Տիգրան Գրիգորյանն ասաց՝ զեկույցի վերջին հատվածում հստակ նշել են, որ նպատակահարմար չեն համարում նույն իշխանության կամ կառավարության համար ինչ-որ առաջարկությունների փաթեթ մշակել, քանի որ հատկապես վերջին շրջանի ապատեղեկատվության և ատելության խոսքի ալիքը շատ հստակ կոորդինացվում էր հենց իշխանության կողմից։
Այնուհետև հղում կատարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը, որտեղ նա հանրահավաքի մասնակցած արցախցիներին «մսացու» էր անվանում, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարություններին, որոնք ըստ Տիգրան Գրիգորյանի` շղթայաբար տարածվում են մի շարք նրա բնութագրմամբ՝ իշխանամերձ լրատվամիջոցներում, ուստի նշեց, որ այդ պայմաններում պարզապես նպատակահարմար չեն համարում ինչ-որ առաջարկություններ նրանց ուղղել․ «Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կառավարությանը, ապա զեկույցը մեծ հաշվով հասանելի է բոլորի համար, և ցանկության դեպքում բոլորը կարող են ծանոթանալ։ Մեր հաղորդագրությունների միջոցով ոչ միայն այս զեկույցի, այլև բոլոր հետազոտությունների պարագայում ուղարկում ենք տարատեսակ դերակատարների, փորձում ենք ներառել բոլոր դերակատարներին։ Այդ առումով, իհարկե, ցանկալի կլիներ, որ կառավարության կողմից հետաքրքրություն լիներ այս հարցի նկատմամբ և արձագանք»։
Հետաքրքրվեցինք՝ խնդրի լուծման համար հասցեատեր կողմերից քննարկումների պատրաստակամություն տեսնո՞ւմ եք, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց․ «Զեկույցի ներկայացման միջոցառմանը ներկա էին միջազգային մի շարք գործընկերներ՝ տարբեր դեսպանատների, քաղհասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և մեր առաջարկություններն ուղղված են այս երեք մեծ խմբերին։ Արդեն իսկ քննարկում տեղի է ունեցել։ Մեր կազմակերպության, ինչպես նաև ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ այս հարցերը բարձրացնում եմ միջազգային գործընկերների և քաղհասարակության գործընկերների հետ հանդիպումներում։ Կարծում եմ՝ զեկույցն ու քննարկումն այդ գործառույթն ինչ-որ չափով իրականացրել են»։
Փաստեցինք՝ զեկույցի վերնագրում օգտագործվում է «պառակտիչ պատումներ» արտահայտությունը և հարցրինք՝ Ձեզ համար գոնե պա՞րզ է՝ այս միտումը որտեղի՞ց է գալիս, արցախցիներին թիրախավորումն ի՞նչ նպատակներ ունի, արդյոք դրա նպատակը նաև քաղաքակա՞ն է, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այստեղ հիմնականում գործ ունենք ներքաղաքական խնդրի հետ։ Կա նաև հստակ միտում, որ ներքաղաքական ճգնաժամի պարագայում ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը փախստականների նկատմամբ ավելի ինտենսիվ են դառնում։
Իմ ենթադրությունն այն է, որ պարզապես տվյալ պարագայում իշխող ուժը փորձում է խուսափել պատասխանատվությունից մի շարք հարցերում և հարմար քավության նոխազ է գտել՝ ի դեմս փախստականների։ Եվ ամեն անգամ, երբ փախստականները, կամ ինչ-որ այլ քաղաքական խմբի ներկայացուցիչներ ինչ-որ հարց են բարձրացնում, բողոք հայտնում իշխանության վարած քաղաքականության հանդեպ, փախստականները հարմար թիրախ են ուշադրությունը քննադատությունից շեղելու, ցույց տալու, որ այստեղ ոչ թե կա ընդդիմություն-իշխանություն պայքար, այլ պայմանական ասած՝ հայաստանցի-ղարաբաղցի խնդիր»։
Մեր հարցին՝ արցախցիների թիրախավորումը սրվել է 2023-ից հետո՞, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց․ «Զեկույցում ևս նշում ենք դրա մասին։ Իհարկե, նախկինում ևս գոյություն են ունեցել այս նարատիվները, բայց դրանք մարգինալ տարբեր խմբերի կամ գործիչների կողմից էին հնչեցվում։ Այս փուլի հիմնական հատկանիշն այն է, որ այս նարատիվները սկսվել են օգտագործվել քաղաքական նպատակով՝ լեգիտիմացվելով ամենաբարձր մակարդակով, և 2023-ից՝ ԼՂ կորստից հետո, հստակ միտում կա այս նարատիվների ակտիվացման։ Մեր կողմից փաստագրված դեպքերի մեծամասնությունը հենց 2023-ի սեպտեմբերից հետո արված հայտարարությունների մասին են, իհարկե, ներառել ենք նաև հայտարարություններ, որոնք Նիկոլ Փաշինյանն արել է շրջափակման ընթացքում, բայց հստակ միտում կա, որ այս հարձակումները, ապատեղեկատվության արշավներն ակտիվացել են հենց էթնիկ զտումից հետո»։
Տիգրան Գրիգորյանը հայտնեց, որ համակարգային մոնիտորինգ է իրականացվել ոչ միայն իշխանական լրատվամիջոցների, այլև բոլոր ԶԼՄ-ների․ «Զեկույցում տեղ գտած տվյալները հենց այդ մոնիտորինգի արդյունքում են ստացվել։ Իհարկե, նաև քննարկումներ են կազմակերպվել ֆոկուս խմբերի ձևաչափով, այսինքն՝ առանձին զրույցներ փախստականների հետ, որտեղ նաև նրանց անձնական փորձառությունն է հաշվի առնվել, թե ինչպես են նրանք ընկալում բոլոր այդ երևույթները։ Իրականացվել է լուրջ ակադեմիական հետազոտություն այլ համատեքստերի․ այսինքն՝ տեսական ձևաչափեր ևս օգտագործվել են զեկույցը գրելու ընթացքում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ