«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, կարծես, ստանձնել է հակաեկեղեցական քարոզչության ակտիվ մունետիկի դերը։ Վերջինս պարբերաբար հարցազրույցներ է տալիս իշխանամետ լրատվամիջոցներին՝ հանդես գալով մակերեսային ու աղճատված մեկնաբանություններով, որոնք բացահայտում են նրա կրոնական անտեղյակությունը եւ տգիտությունը։ Վերջին հարցազրույցում, որը տեւել է շուրջ 20 րոպե, պատգամավորը երկու անգամ սխալ է հիշատակում Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Պայծառակերպության տոնը՝ այն անվանելով «Հիսուսի պայծառափայլություն»։ Սա ակնհայտ վրիպակ չէ, որովհետեւ վերջինս նույն սխալը կրկնում է երկու անգամ։ Բայց սա դեռ ամենը չէ։
Գրիգորյանը, խոսելով հասարակության վարքի մասին, այնպիսի տրամաբանությամբ է առաջնորդվում, որ եթե որեւէ մեկը ուրիշի մասին իր տանը բամբասում է, ապա բամբասանքի առարկան մեղավոր է։ Եթե այս կերպ մտածենք, ապա նույն ձեւով կարելի է դատել իշխանության մասին, որի հասցեին տներում մարդիկ ամեն օր ինչեր ասես՝ չեն խոսում։ Այդ դեպքում ինչո՞ւ է պատգամավորը շարունակում պաշտոնավարել։ Ըստ պատգամավորի, Հայաստանում ատելության մթնոլորտ չկա։ Սակայն, սա ակնհայտ ապատեղեկատվություն է։ Հայաստանում հասարակությանը բեւեռացված է, հոգեբանական լարվածությունը աննախադեպ է, բարոյահոգեբանական ճնշվածությունն՝ ակնհայտ։
Հարցազրույցում ԱԺ պատգամավորը թույլ է տալիս իրեն հրապարակային կերպով վիրավորել եկեղեցականին՝ նրան անվանելով սատանա։ Վստահ ենք, որ սա հետեւանք չի ունենալու, որովհետեւ իշխանավորներն ում ուզում՝ ինչ ուզում ասում են։ Էլ չենք խոսում, որ վերջինս հպարտությամբ է նշում, որ Հայոց Հայրապետին դիմել է «ավազանի անունով»։ Իրեն ներկայացնում է իբրեւ բարեպաշտ քրիստոնյա, սակայն իր պատմածով հակասում է իրեն։ Օրինակ՝ նա ասում է, որ Նիժնի Նովգորոդում, երբ քահանան մերժել է իր կնքահայրությամբ մկրտություն իրականացնել, իր հարազատները մոտեցել են հոգեւորականին եւ ասել, որ վերջինս բռնկվող է, կարող է ծեծել հոգեւորականին։ Այսինքն՝ Գրիգորյանը, իր հարազատների շրջանակում, հենց այս նկարագիրն ունի։ Այստեղ, մեղմ ասած, խնդիր կա իր քրիստոնեական բարեվարքության հետ կապված, եթե այլ կերպ չբնորոշենք։
Պատգամավորը նաեւ զերծ չի մնացել ապատեղեկատվություն տարածելուց՝ թե իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքի օրը տոնել է իր ընտրության հաղթանակը։ Այսքանից հետո՝ պետք է արձանագրենք, որ սույն պատգամավորը եւ այն լրատվամիջոցները, որոնք տալիս են նրան պարբերական հարթակ նման որակի հարցազրույցների համար, առնվազն պետք է գիտակցեն՝ ժողովուրդը արժանի չէ նման «տեղեկատվական սննդի», հատկապես երբ այն ծագում է ոչ թե հոգեւոր, այլ քաղաքական վրեժխնդրության շարժառիթներից։ Միեւնույն ժամանակ, հանուն ճշմարտության, պետք է հուշել պատգամավորին, որ իր հավատացյալ պապուց կտակված մագաղաթները ոչ թե պահում են տանը, այլ՝ Մատենադարանում։
Կարդացեք նաև
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ